«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2010-03-16 | #46, 2010-03-17 | #47, 2010-03-18


ՀՀ ԱԳՆ. ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ԱՌԱՆՑ ԼՂՀ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐ Է

Մարտի 16-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Հանդիպմանը, ըստ Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցելության հնարավորությունը:

Համանախագահները Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել են մարտի 5-ին Փարիզում Ադրբեջանի արտգործնախարարի հետ իրենց ունեցած քննարկումների արդյունքները:

Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական կողմից բանակցային գործընթացի էությունն ու իմաստը խեղաթյուրելու շարունակական փորձերին` ընդգծելով, որ դրանք բացասաբար են անդրադառնում բանակցությունների մթնոլորտի վրա եւ խոչընդոտում դրանց առաջընթացին:

Անդրադառնալով բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցին, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ հիմնախնդրի հանգուցալուծումն անհնար է առանց գործընթացին ԼՂՀ իշխանությունների անմիջական մասնակցության:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4