Էրեբունի եւ Շենգավիթ վարչական շրջանները իրար միացնող միակ կամուրջը, որը ժողովրդի կողմից ընդունված է որպես «Վստրեչի կամուրջ», 2009 թվ. փետրվար ամսից կանգնել է վերանորոգման եւ դադարեցվել է կամրջով երթեւեկելը: 1965 թվականին կառուցված կամուրջը ֆիզիկական մաշվածության պատճառով վտանգավոր էր եւ դրա վերակառուցումը դարձել էր անհրաժեշտ: Մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կամուրջի կրող կոնստրուկցիաները ոչ թե պետք է նորոգել, այլ փոխարինել նորերով, քանի որ տարիների ընթացքում այդ ամրանները կորցրել էին իրենց կրողունակությունը եւ նաեւ սեյսմակայունությունը:
Երեկ, լրագրողները քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գործակալության տնօրեն Լեւոն Հակոբյանի ուղեկցությամբ շինհրապարակում ծանոթացան ընթացող ապամոնտաժման աշխատանքներին ու նաեւ տեղեկացան կամրջի վերակառուցման մանրամասներին: Մարտի 1-ից սկսվել է 360 հատ թռիչքային հեծանների ապամոնտաժումը, որոնք գտնվում են վթարային վիճակում: Նախկին մրցույթում հաղթած կազմակերպությունը պետք է վերականգներ ու վերանորոգեր Գարեգին Նժդեհի անվ. կամուրջը, սակայն այդ աշխատանքները անիմաստ դարձան, երբ կամրջի ասվալտի վերին շերտը մաքրվեց ու պարզ դարձավ իսկական իրավիճակը: Հենց այդ նոր ի հայտ եկած վթարային վիճակը ստիպեց նոր մրցույթ հայտարարել, որն էլ հաղթեց «Կամուրջշին» (ՓԲԸ 1 միլիարդ 800 միլիոն առաջարկված գումարով): «Կատարվեցին նոր նախագծանախահաշվարկային աշխատանքներ եւ սկսվեց հեծանների ապամոնտաժման աշխատանքները, որոնք կփոխարինվեն նորերով, իսկ սյուները կհզորացվեն 9 բալ սեյմակայունության», պատմում է պրն Հակոբյանը եւ ցույց տալիս գրեթե ամբողջությամբ քայքայված երկաթբետոնե ծածկերը: Նա նշեց նաեւ, որ «եղած 14 մետրանոց ամրասյուները, հեծանները կհանվեն եւ նրանց տեղը կտեղադրվի 28 մետրանոց հեծաններ, որոնք Անդրկովկասում մինչեւ օրս չեն եղել», եւ այս կամրջի վրա ենք տեղադրելու, որը շատ ժամանակակից է ու այդ հեծանները «Կամուրջշինն» է արտադրում: Նախկինում այս կամուրջը նախատեսված էր 30 տոննա ծանրության տեղափոխման համար, իսկ հիմա մենք այս նոր նախագծով կառուցում ենք մինչեւ 70 տոննայի համար: Ապամոնտաժման աշխատանքներից հետո կամրջի կառուցումը երեք հերթափոխով կընթանա, որպեսզի հոկտեմբեր ամսին, ինչպես նախատեսված է, կամուրջը հանձնվի շահագործման»: Ինչպես նշեց «Կամուրջշինի» խորհրդի նախագահ պրն Ասատրյանը, «կոնստրուկտիվ փոփոխություններ չեն լինելու, բացառությամբ երկու տեղերում եղած թռիչքները փոխարինվելու են 28 մետրանոց թռիչքներով, որոնք հնարավորություն կտան ազատվելու ոչ լավ վիճակում գտնվող չորս հենարաններից: Իսկ մյուս հենարանները կուժեղացվեն եւ թռիչքային մասը 100 տոկոսով կփոխվի, դառնալով ավելի ամուր ու դիմացկուն»:
Ինչպես ավելացրեց պրն Հակոբյանը, շինարարական աշխատանքներին որոշ չափ խանգարում են «թվով 29 ավտոտնակները, որոնցից 5-ը անօրինական են, որոնց նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ եւ դրանք ապամոնտաժվել են, իսկ մյուսները դեռ պայմանագրային ժամկետների մեջ են եւ մեր կողմից տեղեկացվել են, որ պայմանագրերը չեն երկարաձգվելու եւ նրանց առաջարկում ենք հետագայում կամրջի տակ կառուցվող ավտոկայանատեղից մի քանի տարի անվճար կայանել իրենց ավտոմեքենան»: Թվով 12 ավտոտնակների տերերը չեն համաձայնվել առաջարկված պայմանների հետ:
Շինարարները հավաստիացրին, որ ապամոնտաժային աշխատանքները կշարունակվեն մոտ երեք ամիս, որից հետո մոնտաժային աշխատանքները կսկսվեն գիշերային ժամերինՙ բնակչությանը անհանգստություն չպատճառելու նկատառումով:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ