«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2010-03-16 | #46, 2010-03-17 | #47, 2010-03-18


ԹՈՒՐՔԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մարտի 25-27-ը Երեւանում արդեն 2-րդ անգամ անցկացվելու է թուրքական ֆիլմերի փառատոն, որը կոչվում է հայտնի լրագրող եւ իրավապաշտպան Հրանտ Դինքի հոդվածներից մեկի անունով` «23,5»:

«Արդեն ստացել ենք 77 ֆիլմ` Անկարայից, Ստամբուլից, Ադանայից, Իզմիրից, արտասահմանում ստեղծագործող թուրք ռեժիսորներից, սակայն շատ վատ է գործում Հայաստան-Թուրքիա փոստային առաքումների մեխանիզմը, քանի որ 20 եւ ավելի ռեժիսորների ֆիլմեր Հայաստան ընդհանրապես չեն հասել»,- երեկ Փաստարկ ակումբում` ասուլիսի ժամանակ, ասաց փառատոնի տնօրեն Գեորգի Վանյանը :

Ֆիլմաշարը ներկայացվելու է միայն հայերեն թարգմանությամբ: Մրցութային ծրագրում ընդգրկված են ընդամենը 10 ֆիլմեր, որոնց տեւողությունը 1-18 րոպե է:

Ֆիլմերը ցուցադրվելու են Կամերային պետական թատրոնի դահլիճում, մուտքը լինելու է ազատ: Բացման արարողությանը, որը եւս լինելու է Կամերային թատրոնում, ներկա են լինելու Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը, «Ակօս» շաբաթաթերթի եւ «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Արիս Նալչին , ինչպես նաեւ Թուրքիայի լրատվամիջոցները ներկայացնող 7 լրագրողներ, ովքեր Թուրքիայում լուսաբանելու են հայաստանյան փառատոնը:

«Պաշտոնական փառատոնից հետո` մարտի 28-ից մինչեւ տարեվերջ աշխատելու ենք «Փառատոն անիվների վրա» սկզբունքով, այսինքն` Հայաստանի տարբեր բնակավայրերում կազմակերպելու ենք կինոդիտոմներ», նշեց Գեորգի Վանյանը:

Բացման օրը հրապարակվելու են անցյալ տարվա փառատոնի մրցութային ծրագրի արդյունքները, իսկ 2010-ի արդյունքները հրապարակվելու են եկող տարի:

«Շատ ուրախ եմ, որ մշակույթի միջոցով հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ բարեկամական կապ ստեղծելու փորձ է արվում: Անկախ ամեն ինչից մշակույթը չպետք է տուժի: Հաճախ Ստամբուլի փողոցներում` մեքենաների միջից, կարող եք լսել Կոմիտասի երաժշտությունն ու միշտ չէ, որ այդ մեքենան հայի է պատկանում», ասուլիսի ժամանակ ասաց Թուրքիայի քաղաքացի եւ այնտեղի հայ համայնքի ներկայացուցիչ Պողոս Եղիազարը , ով նաեւ փառատոնի ժյուրիի անդամներից է:

«23,5»-ին աջակցում են «Ակօս» շաբաթաթերթը, «Kisafilm» Ստամբուլի փառատոնը եւ «Հրանտ Դինք» հիմնադրամը:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4