Ռիեկայում վերջնագծին է մոտենում շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Ավարտական տուրից առաջ Հայաստանի շախմատիստներից առաջնության պարգեւներին հավակնում է միայն Վլադիմիր Հակոբյանը: 10-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց բոսնիացի Իվան Սոկոլովի հետ եւ վաստակեց 7,5 միավոր: Հայ շախմատիստը Բայադուր Ջոբավայի, Զախար Եֆիմենկոյի, Ռաուֆ Մամեդովի, Իվան Սոկոլովի, Արտյոմ Տիմոֆեեւի, Դենիս Խիսմատուլինի եւ Իգոր Լիսիի հետ հետապնդում է մրցաշարի միանձնjա առաջատար Յան Նեպոմնյաչնուն: Վերջինս հաշտություն կնքելով ռուսաստանցի Դենիս Խիսմատուլինի հետ, վաստակեց 8 միավոր:
Ավարտական տուրում Վլադիմիր Հակոբյանը սեւերով մրցելու է հենց Նեպոմնյաչնու հետ: Հաղթելու դեպքում հայ գրոսմայստերը հիանալի հնարավորություն կունենա նվաճելու Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Իհարկե, շատ բան պայմանավորված կլինի նաեւ 7,5 միավոր ունեցող մյուս շախմատիստների հանդիպումների արդյունքներից:
Մրցանակակիր դառնալու որոշակի հնարավորություններ է պահպանում Արման Փաշիկյանը, որը վաստակել է 7 միավոր: 10-րդ տուրում նա պարտության մատնեց ադրբեջանցի Էլթաջ Սաֆարլիին: Ավարտական տուրում Արմանի մրցակիցը 7 միավոր վաստակած շվեդ շախմատիստ Էմանուել Բերգն է:
6,5-ական միավոր են վաստակել Գաբրիել Սարգսյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը: Գաբրիելը հաշտություն կնքեց Ռոբերտ Մարկուսի հետ, իսկ Ավետիքն ու Ռոբերտը հաղթեցին համապատասխանաբար Ալեքսանդր Ռյազանցեւին եւ Վիկտոր Էրդոսին:
Տուրն անհաջող էր Տիգրան Պետրոսյանի, Հրանտ Մելքումյանի, Զավեն Անդրեասյանի եւ Վլադիմիր Պողոսյանի համար, որոնք պարտվեցին: 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Արտաշես Մինասյանը, որը Տիգրան Պետրոսյանի, Հրանտ Մելքումյանի հետ վաստակել է 6 միավոր:
Հայ շախմատիստուհիներից եւ ոչ մեկը մեդալների չի հավակնում, սակայն նրանցից երեքը հավակնում են աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրերին: Առավել հաջող է խաղում Լիլիթ Գալոյանը, որը ցավոք 10-րդ տուրում պարտվեց ֆրանսիացի Մարի Սեբագին: Գալոյանը 6,5 միավորով 18-րդ տեղում է: 6 միավորով 40-րդ հորիզոնականն է զբաղեցնում Լիլիթ Մկրտչյանը: Նա սպիտակներով հաղթեց Մերի Արաբիձեին:
Իր հնարավորություններից ցածր է հանդես գալիս Էլինա Դանիելյանը, որը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեցՙ զիջելով Չժաոգին Պենգին: 5 միավոր ունեցող Նելլի Աղինյանը ոչ-ոքի խաղաց Յուլիա Գրոմովայի հետ, իսկ Անահիտ Խառատյանը կրկին պարտվեցՙ զիջելով Ադրիանա Նիկոլովային:
10-րդ տուրից հետո միանձնյա առաջատարի դիրքը պահպանեց լիտվացի շախմատիստուհի Վիկտորյա Չմիլիտեն: Հաղթելով Աննա Մուզիչուկին, նա վաստակեց 8,5 միավոր: 8 միավորով 2-րդ տեղում է Պիա Կրամլինգը, որն առավելության հասավ Անտոանետա Ստեֆանովայի նկատմամբ: 7,5-ական միավոր ունեն Մոնիկա Սոչկոն եւ Մարի Սեբագը: Կանանց մրցաշարի հաղթողը կորոշվի Պիա Կրամլինգի եւ Վիկտորյա Չմիլիտեի մրցավեճում: Եթե Չմիլիտեին բավարարում է նույնիսկ ոչ-ոքին, ապա Կրամլինգին միայն հաղթանակ է անհրաժեշտ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ