Շախմատի «Ամբեր» մրցաշարի 4-րդ տուրում կենտրոնականը Լեւոն Արոնյանի եւ առաջատար Վասիլի Իվանչուկի մրցավեճն էր: Ցավոք, Արոնյանն անհաջող խաղացՙ մրցակցին զիջելով 0,5-1,5 հաշվով: Լեւոնը պարտվեց արագ շախմատի պարտիայում: 4 տուրից հետո Արոնյանը 3,5 միավորով Սերգեյ Կարյակինի, Վուղար Հաշիմովի եւ Պյոտր Սվիդլերի հետ բաժանում է 7-10-րդ տեղերը:
Աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Վասիլի Իվանչուկն ու Մագնուս Կառլսենը: Վերջինս 2-0 հաշվով պարտության մատնեց Յան Սմիթսին: Առաջատարներին 5-ական միավորով հետապնդում են Ալեքսանդր Գրիշչուկն ու Բորիս Գելֆանդը: Վերջինս երկու պարտիաներում էլ հաղթեց Վլադիմիր Կրամնիկին: Գրիշչուկն էլ 2 միավոր վաստակեց կուբացի Լենիեր Դոմինգեսի հետ մրցավեճում:
4,5 միավոր ունի Ռուսլան Պոնոմարյովը, որը 0,5-1,5 հաշվով պարտվեց Հաշիմովին: Սվիդլերի եւ Կարյակինի մրցավեճում մրցակիցները մեկական հաղթանակ տոնեցին:
5-րդ տուրում Լեւոն Արոնյանը կմրցի Պյոտր Սվիդլերի հետ: Կառլսենի մրցակիցը կլինի Կարյակինը, իսկ Իվանչուկը կմրցի Սմիթսի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ