ՌՈԲԵՐՏ ՖԻՍՔ
Անգլիական «Ինդիփենդենտ» թերթի մարտի 9-ի համարում Ռոբերտ Ֆիսքը գրում է, թե Մ. Նահանգները փորձում է ժխտել, որ Թուրքիայի կողմից 1915-ին 1,5 միլիոն հայերի սպանդը «ցեղասպանություն» է, բայց «ապացույցներն այնտեղ են, Բեյրութի մոտ գտնվող բլրալանջի որբանոցում»:
Դա մի փոքրիկ գերեզման էՙ նկատելի իր էժանագին եռանկյունաձեւ բետոնածածկույթով եւ դեղին վայրի շուշաններով: Այնտեղ հանգչում են արդեն փոշիացած ոսկորներն ու գանգերը մոտ 300 երեխաներիՙ հայ որբերի, որոնք խոլերայից եւ «սովից մահացան, մինչ թուրքերը փորձում էին «թուրքացնել» նրանց Բեյրութի հյուսիսում գտնվող կաթոլիկական քոլեջում: Դա անհայտ պատմությունն է 3-15 տարեկան այն մոտ 1.200 մազապուրծ երեխաների, որոնք այդ խիտ բնակեցված գիշերօթիկում են ապրել:
Բարաք Օբաման եւ նրա դյուրաթեք բնավորությամբ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որոնք այժմ ողորմելիորեն արշավ են ծավալել Մ. Նահանգների Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, պետք է գան այստեղ եւ գլուխները ամոթից խոնարհեն, քանի որ կատարվածը ողբերգական եւ զարհուրելի մի պատմություն է ընդդեմ փոքրիկ, անօգնական էակների, որոնց ընտանիքներն արդեն սպանված էին թուրքական բանակի կողմից, եւ որոնցից ոմանք ստիպված էին, սովից չմահանալու համար, մանրացնել եւ ուտել իրենց մահացած հայրենակիցների կմախք դարձած մարմինները:
1915-ի ցեղասպանության ճարտարապետներից Ջեմալ փաշան եւ Թուրքիայի առաջին ֆեմինիստ հորջորջված Հալիդե Էդիպ Ադիվարն էին ղեկավարում սարսափի այդ որբանոցը, որտեղ հայ երեխաներին զրկում էին իրենց հայկական ինքնությունից, տալիս նրանց թուրքական անուններ, վայրենաբար ծեծում հայերեն խոսելու համար եւ ստիպում դառնալ մահմեդականներ: «Անտուրա Լազարական» քոլեջի (Սբ Ղազարի միաբանության) կաթոլիկ հոգեւորականները գրառել են, թե ինչպես այդ օջախի դասատուներին վտարելուց եւ զանգակատան վրայից Մարիամ Աստվածածնի արձանը ցած իջեցնելուց հետո Ջեմալ փաշան հայտնվել է շքամուտքի առաջ իր գերմանացի թիկնապահի հետՙ որպես այդ հաստատության նոր ղեկավար, մինչ «մուեզզինը» (մոլլան) սկսել է մահմեդականներին աղոթքի հրավիրել:
ՄԱԿ-ի ընդունած ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան ներառում է մի հոդված, որտեղ նշված է. «Երեխաներին մի խմբից մյուսը բռնի տեղափոխումը», որը համապատասխանում է Լիբանանում թուրքերի գործունեություններին: Դեռեւս պահպանված են լուսանկարները կիսամերկ հայ երեխաների, որոնք քոլեջի տարածքում ֆիզդաստիարակության պարապմունքների են մասնակցում Ջեմալ փաշայի եւ Հալիդե Ադիվարի հսկողության ներքո:
Նախքան մահանալըՙ 1989-ին, Գառնիկ Փանյանը , որը 1916-ին, երբ Անտուրա էր հասել, ընդամենը 6 տարեկան էր, գրառել է հայերենով, թե ինչպես են իր անունը փոխել եւ իրեն տվել «551» համարը որպես ինքնության «վկայական»: «Ամեն արեւամուտին ավելի քան 1000 որբերի ներկայությամբ թուրքական դրոշը ցած էր իջեցվում «երկար ապրի գնդապետ փաշան» հանգերգի ներքո: Դա օրվա «արարողության» մասն էր, երկրորդըՙ սխալներ գործողներին պատժելու մասն էր, որի ընթացքում «ֆալախաներով» (մականներով) ճիպոտահարում էին մեր ներբաններըՙ հայերեն խոսելու համար» :
Փանյանը նկարագրում է այնուհետեւ, թե ինչպես երեխաներից շատերը մահանում էին ֆիզիկական թուլության հետեւանքովՙ չդիմանալով դաժան վերաբերմունքին, եւ թե ինչպես նրանց թաղում էին քոլեջի հին մատուռի հետեւի մասում: «Գիշերները շնագայլերն ու վայրի շները փորում էին ու հոշոտում նրանց մարմինները, իսկ ոսկորները ցիրուցան անում այստեղ ու այնտեղ: ...Դեպի մոտակա անտառը խնձոր կամ այլ մրգեր որոնելու նպատակով դուրս եկած երեխաների ոտքերը հաճախ էին դեմ առնում այս ոսկորներին: Նրանք այդ ոսկորները գաղտնաբար իրենց սենյակներն էին տանում ապուր պատրաստելու եւ կրծելու, քանի որ բավականաչափ սնունդ չէին ստանում որբանոցում: Նրանք փաստորեն ուտում էին իրենց մահացած ընկերների ոսկորները...» :
Անտուրա քոլեջի ավագ հոգեւորական Էմիլ Ժոպենը 1947-ին կրթօջախի պարբերականում, օգտագործելով արխիվային արձանագրությունները, գրում է, որ «հայ որբերին թլփատում էին, մահմեդականացնում եւ արաբական կամ թուրքական անուններ տալիս նրանց: Նոր անունները գրեթե միշտ պահպանում էին իրենց նախնական անունների սկզբնատառերը: Այդպիսով, օրինակ, Հարություն Նազարյանը դառնում էր Համեդ Նազին, Պողոս Մերդանյանըՙ Պեկիր Մոհամմեդ, իսկ Սարգիս Սաֆարյանըՙ Սաֆադ Սուլեյման» :
Լիբանանում ծնված ամերիկահայ ինժեներ Միսաք Քելեշյանը , որը հայոց պատմությունն է ուսումնասիրում որպես հոբբի, գրել է բրիտանա-ֆրանսիական զորքերի կողմից ազատագրած Անտուրայի տարածք հասած ամերիկյան Կարմիր խաչի պաշտոնյա, մայոր Սթիվեն Թրոուբրիջի 1918-ին գրած հազվագյուտ մի զեկուցագիրը (որն անձնական միջոցներով է հրատարակվել), որի տվյալները լիովին համապատասխանում են հայր Ժոպենի տվյալներին:
«Հայ եւ քուրդ երեխաների ամեն մի հետք, ամեն մի հիշողություն պետք է առհավետ ջնջվեր: Երեխաները պարտավոր էին հետեւել իսլամական օրենքներին, պահպանել իսլամական ծեսերը եւ ավանդույթները: Հայերեն կամ քրդերեն ոչ մի բառ չէր թույլատրվում արտասանել: Դասատուներն ու վերահսկիչները հետեւում էին, որ թուրքական գաղափարներն ու սովորույթները դոշմվեն երեխաների ուղեղներում» :
Հալիդե Ադիվարը , որին տարիներ անց «Նյու Յորք թայմսը» պիտի գովաբաներ որպես «Թուրքիայի Ժաննա դ՛ Արկի» (մակդիր, որ հայերը իրավամբ հարցականի տակ են առնում), ծնվել էր Կոստանդնուպոլսում 1884-ին եւ օսմանյան մայրաքաղաքում հաճախել էր ամերիկյան քոլեջ: Երկու անգամ էր ամուսնացել եւ հեղինակ էր 9 վեպերի: Նույնիսկ Թրոուբրիջն է հաստատում, որ նա «ուշագրավ գրական կարողությունների տեր անձնավորություն էր»: Նա ծառայել էր Մուստաֆա Աթաթուրքի բանակում Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Հետագայում նա ապրել էր Բրիտանիայում եւ Ֆրանսիայում: Քելեշյանն է գտել նրա վաղուց մոռացված հիշողությունները, որոնք 1926-ին հրատարակվել են Նյու Յորքում: Դրանցում Հալիդեն վերհիշում է, թե ինչպես մի անգամ, երբ Ջեմալ փաշայի հետ շրջագայել է որբանոցում, ասել է. «Ինչո՞ւ եք թույլ տալիս, որ թուրքական անուններով կոչեն հայերին: Պատմությունը մի օր հատուցում կպահանջի հաջորդ սերունդներից»: Ջեմալը պատասխանել է. «Դուք իդեալիստ եք եւ բոլոր իդեալիստների նման ձեր մեջ էլ բացակայում է իրականության զգացումը: Սա մահմեդական որբանոց է, եւ միայն մահմեդական որբերի է թույլատրված այստեղ ապրել»: Ըստ Ադիվարի, Ջեմալն իրեն ասել է, որ «չի կարող տեսնել նրանց փողոցներում մահանալիս»: Նա խոստացել է Հալիդեին, որ պատերազմից հետո «նրանք կվերադառնան իրենց ժողովրդի գիրկը» :
Իսկ Թալեաթի մասին նա գրում է. «Երբ խոսք բացվեց հայերի տեղահանությունների մասին, Թալեաթն ասաց. «Լսիր, Հալիդե.. ես էլ քեզ նման նույն բարի սիրտն ունեմ, եւ գիշերները ես էլ արթուն եմ մնումՙ խորհելով այդ մարդկանց տառապանքնեի մասին: Բայց դա անձնական խնդիր է, իսկ ես այստեղ եմ մտածելու ոչ թե իմ զգացմունքների, այլ իմ ժողովրդի մասին: ... Ես հավատացած եմ, որ քանի դեռ մի ժողովուրդ իր շահերին համապատասխան է գործում եւ հաջողության հասնում, աշխարհը հիանում է նրանով եւ համարում, որ բարոյական է կատարածը: Ես պատրաստ եմ մեռնելու իմ կատարածի համար եւ գիտակցում եմ, որ դրա համար էլ մահանալու եմ» :
Թրոուբրիջն անձամբ ականատես է եղել այդ տառապանքներին, որոնց մասին Թալեաթն էր ակնարկել: Անտուրայի որբերից շատերն ականատես էին եղել իրենց ծնողների սպանություններին եւ քույրերի բռնաբարություններին: «Մալգարացի Լեւոնին տնից դուրս էին հանել իր 12 եւ 14-ամյա քույրերի հետ: Աղջիկներին թուրքերի հետ համագործակցող քրդերը տարել էին որպես հարճեր, իսկ տղային չարչարել եւ քաղցած սպանել», գրում է Թրոուբրիջը:
Տասը տարեկան Թագուհին Ռոդոսթոյից բեռնատար վագոնով նույնպես Անտուրա էր հասել այն բանից հետո, երբ ծնողները տիֆից էին մահացել իր ձեռքերում, իսկ երեք եղբայրներըՙ գնացքում, ճանապարհին: Թուրք ոստիկանները նրան Մուզեյան անունն էին տվել:
Թրոուբրիջը շատ այլ ողբերգական պատմություններ է գրի առել Անտուրայի որբանոցում: Ըստ նրա, միայն 669 երեխաներ են ողջ մնացել, 456 հայեր, 184 քրդեր եւ 29 սիրիացիներ: Թալեաթ փաշան իր արժանի պատիժը գտավ 1922-ին Բեռլինում: Ջեմալ փաշան սպանվեց Թիֆլիսում: Հալիդե Ադիվարն ապրեց Անգլիայում մինչեւ 1939 թիվը, որից հետո վերադարձավ Թուրքիա եւ նախ դարձավ անգլերենի գրականության դասախոս, ապա ընտրվեց պատգամավոր թուրքական խորհրդարանում: Նա մահացավ 1964-ին, 80 տարեկանում:
Միայն 1993-ին հայտնաբերվեցին վերոնշյալ երեխաների ոսկորները, երբ Սբ Ղազարի միաբանության հայրերը որոշեցին ընդլայնել պատմական կրթօջախի տարածքը, եւ շինարարական աշխատանքների համար բանվորները սկսեցին փորել հողը: Այն, ինչ մնացել էր այդ երեխաների ոսկորներից, ամփոփվեց փոքրիկ գերեզմանատանըՙ քոլեջի հոգեւորականների դամբանների հարեւանությամբ: Քելեշյանն ինձ ուղեկցեց այդ տխուր վայրը, որտեղ բարձր ծառեր են, բայց որտեղ ոչ մի անվանաքար չես գտնի:
Թարգմանեցՙ Հ. Ծ.