«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2010-03-17 | #47, 2010-03-18 | #48, 2010-03-19


ՈՂՋ ԱԴՐԲԵՋԱ՞ՆԸ ՊԻՏԻ ՔՎԵԱՐԿԻ ԼՂ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ

Պարզվում է, մինչեւ անմտություն կարող է հասնել քաղաքական սնանկությունը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների առնչությամբ խորհրդակցությունները ԵԱՀԿ Մինսկի խումբը շուտով կշարունակի հենց տարածաշրջան այցելության ընթացքում, ընդ որում, ինչպես տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում տեղադրված ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, համանախագահները կայցելեն ոչ միայն Երեւան, այլեւ Լեռնային Ղարաբաղ:

Մարտի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Փարիզում տեղի ունեցած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այն կառուցողական են որակել այնպես, ինչպես մինչ այդ կառուցողական էին որակել Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումն ու քննարկումները:

Հանդիպումներն ու քննարկումները հաճախ կառուցողական են որակում նաեւ Բաքվում, սակայն Եվրոպայից վերադարձին ադրբեջանցի պաշտոնյաների, մասնավորապես ԱԳ նախարարի եւ երկրի նախագահի ձեւակերպումներն ու գնահատականներն անմիջապես փոխվում են:

Երեկ Բաքվում էլմար Մամեդյարովը ասուլիս է հրավիրել, ըստ էության, շարունակելով սեփական «երազների» մատուցումը` որպես ԼՂ հարցի կարգավորման միջոցառումների ժաանակացույց-հերթականություն: Նույն օրը, երբ Հայաստանի արգործնախարարը Փարիզում հանդիպում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, Էլմար Մամեդյարովը Բավքում հայտարարում է կարգավորման միջոցառումների մի սցենար, որ ավելի շուտ ցանկությունների շարադրանք է հիշեցնում:

  «Ազգը» ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշման մատուցումը a la Մամեդյարով, ընդգծելով, որ Ադրբեջանի գնահատականներն անմտության են հասնում: «Ռազմական հռետորիկան դադարեցնելու համար անհրաժեշտ է լուծել խնդիրները, որ ծնում են դրա կիրառումը», հայտարարել էր Էլմար Մամեդյարովըՙ որպես խնդիրներ ներկայացնելով «օկուպացված տարածքներից հայկական զինուժի դուրսբերումը, այդ տարածքների ազատումը, փախստականների վերադարձը»:

Ադրբեջանի արտգործնախարարը նաեւ հայտարարել էր, թե մադրիդյան սկզբունքները «նախատեսում են զինուժի դուրսբերումը Ադրբեջանի հինգ շրջաններից կամՙ «հինգ+», նկատի ունենալով նաեւ Լաչինը»:

Հինգ շրջաններ «ազատելուն», ըստ Մամեդյարովի, պետք է իբր հետեւի Լաչինի, հետո էլ Քարվաճառի ազատումը, ընդ որում, արդեն իսկ պատրաստ են «այդ շրջանների վերականգնման նախագծերը», իսկ վերադարձողների անվտանգության ապահովման համար «նախատեսվում է միջազգային դիտորդների տեղակայում»: Միայն այս ամենից հետո, Մամեդյարովի մեկնաբանությամբ, պիտի լուծվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը` «Ադրբեջանի կազմում ամենաբարձր ինքնավարությամբ»:

Մամեդյարովը երեկ շարունակել է իր «երազանքների» շարքը, ներկայացնելով, թե «Ադրբեջանի կազմում ԼՂ կարգավիճակի հանրաքվեին պիտի մասնակցեն Ադրբեջանի բոլոր քաղաքացիները երկրի ողջ տարածքում»:

Նման հայտարարություն կարող են անել նրանք, որոնք հեռու են բանակցային գործընթացից, ու առավել եւս, քաղաքականությամբ չեն զբաղվում, քանի որ այսօրինակ մոտեցում բարձրաձայնելով Բաքուն միայն հաստատել է, թե որքան կարիք ունի ներքին լսարանի առջեւ արդարացնելու այն իրավիճակը, որ բնութագրվում է արդեն 20 տարի անկախ կյանք ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությամբ:

Մամեդյարովը ոչ միայն փաստորեն ներկայացրել է միջոցառումների «հերթականությունը», այլեւ հայտարարել, թե երբ այդ ամենը տեղի կունենա` չգիտի: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Մամեդյարովի ասածներն արդեն համաձայնեցված են, ու միայն անորոշ է մնացել ժամանակագրությունը: Ամեն դեպքում, «հեռատես ու խորագիտակ» Մամեդյարովը հայտարարել է, թե «բռնի տեղահանվածների վերադարձով ազատագրված օկուպացված տարածքներ բանակցությունները դեռ կշարունակվեն»:

Նախորդ օրը «Ազգը» հրապարակել էր մի վերլուծություն, որ վերաբերում էր ադրբեջանական բանակի հուսալքված վիճակին ու ամեն ինչ խեղդող կոռուպցիային` ի դեմս պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի: Դժվար թե երկրի արտգործնախարարությունը աշխատանքի որակով շատ հեռու լինի պաշտպանության նախարարությունից, ասել է, թե Էլմար Մամեդյարովի հայտարարություններն ավելի շուտ ինքնահամոզման փորձ են, քան տեղեկություններ, այն էլ ոչ ադրբեջանցի լսարանի համար:

Ակնհայտ է, որ նման հայտարարությունները բնավ էլ բարձրագույն գիտելիքի ու մտածողության արդյունք չեն, այլՙ լոկ ինքնարժեւորման փորձեր, որոնցով Ադրբեջանը ցանկանում է թշնամանքի պրոպագանդայի տակ մնացած սեփական ժողովրդին ներշնչել, թե Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը հենց այդպիսին կարող է լինել: Այսպես լինում է այն դեպքերում, երբ մարդու կարողություններն ու գիտելիքը սահմանափակ են ու ամեն «բլթոց» օդապարիկի նման գեղեցիկ ու տպավորիչ կարող է թվալ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4