«Ազգը» իր ընթերցողներին արդեն տեղեկացրել էր ՀՀ սփյուռքի նախարարության եւ Ռուսաստանի հայերի միության հետ կնքվելիք համագործակցության համաձայնագրի ու դրա շրջանակներում ընդգրկված ծրագրերի մասին:
Երեկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընդունեց Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին , ինչպես նաեւ նախագահի 1-ին տեղակալ Գեորգի Տեր-Ղազարյանցին , փոխնախագահներ Արամ Սարգսյանին , Վլադիմիր Աղայանին , ԱԺ պատգամավոր Սերգեյ Աբրահամյանին , սփյուռքի նախարարին առընթեր ատյանի անդամ Հակոբ Ավետիքյանին : Նախարարը ներկաներին մանրամասն ներկայացրեց համագործակցության համաձայնագրի կետերը եւ դրանցում ընդգրկված միջոցառումների համատեղ ծրագրերը ու բարձր գնահատեց Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ կազմակերպվող ձեռնարկները:
Արա Աբրահամյանը , բարձր գնահատելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված Սփյուռքի նախարարության գաղափարը, որն արդեն կարեւոր գործունեություն է իրականացնում աշխարհասփյուռ հայերին աջակցելու ու շատ հարցեր լուծելու խնդրում, ասաց. «Այս նախարարության ստեղծումով մեր աշխատանքները հեշտացել են: Մենք արդեն ունենք տուն, մի օջախ, որտեղ մեզ հուզող հարցերի պարզաբանումները, համագործակցություններն առանց ավելորդության ու քաշքշուկի լուծվում եւ իրականանում են: Շնորհակալ ենք ու բարձր ենք գնահատում մեր կազմակերպության հանդեպ ցուցաբերած ձեր ուշադրության համար եւ հպարտ ենք, որ սփյուռքի նախարարությունը այսպես արագ կազմավորվեց եւ արագ իր տեղը գտավ, որի ապացույցն այս համագործակցության համաձայնագրի կնքումն է»:
Այնուհետեւ Հրանուշ Հակոբյանը եւ Արա Աբրահամյանն իրենց ստորագրություններով կյանք տվեցին համաձայնագրին եւ շամպայնի լիքը բաժակներով շնորհավորեցին միմյանց: Պրն Աբրահամյանը նախարարին հանձնեց գեղեցիկ հուշանվերներ, որոնք իրենց հատուկ տեղը գտան նախարարության հուշանվերների ցուցադարակում: Տկն Հակոբյանը շնորհավորեց պրն Աբրահամյանին շատ կարեւոր մեկ այլ ձեռնարկի, երեկ Երեւանում Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինի ձեռամբ օրհնված «Սուրբ եւ Կենարար Աստծո խաչի ռուս Ուղղափառ եկեղեցու» հիմնարկեքի առիթով ու նշեց, որ այդ եկեղեցին կառուցվում է Արա Աբրահամյանի հովանավորությամբ: Պրն Աբրահամյանը շատ կարեւոր ու պատմական իրադարձություն համարեց այդ եկեղեցու կառուցումը եւ նշեց. «ՌԴ-ում 2,5 միլիոն հայություն է ապրում եւ մենք կառուցում ենք 100-ից ավել Հայ Առաքելական եկեղեցի այդ երկրում: Ռուսաստանի իշխանությունները մեզ տրամադրում են հողատարածք, ընդառաջում են, հատուկ հարկային դաշտ են ստեղծում, որ հայկական եկեղեցիներ կառուցենք: Այսօր Ռուս ուղղափառ եկեղեցու հիմնարկեքով Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը մեկ անգամ եւս շեշտեցին, որ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը եկկողմանի է ոչ միայն քաղաքականության ու պաշտպանության մեջ, այլեւ բարոյական, հոգեկան հավատքի շուրջը: Դա մեր դարավոր բարեկամության հիմքն է: Ես հպարտ եմ ու երջանիկ, որ ինձ բախտ է վիճակվել կառուցելու այդ եկեղեցին»:
Ի դեպ, պրն Աբրահամյանը ՌԴ-ի տարածքում կառուցված ու կառուցվող շատ եկեղեցիների շինարարությանը իր ներդրումն ունի եւ այստեղ է, որ ժողովուրդը իր զավակին ասում է- «վարձքդ կատար»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ