Երեկ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի դահլիճը մարդաշատ էր: Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը թատերասերներին անակնկալ էր պատրաստելՙ հանդիպում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի հետ: Մինչ ցերեկույթի սկիզբը ներկաները դիտեցին օրվա հերոսին նվիրված ֆիլմ ու լսեցին մեկ այլ արվեստի վաստակավոր գործիչՙ Ազատ Գասպարյանի խոսքն իր սիրած ռեժիսորի, ընկերոջ հասցեին: Թատերագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանի , ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի , դերասաններ Ռուդոլֆ Ղեւոնդյանի , Հարություն Մովսիսյանի , ասմունքող Սիլվա Յուզբաշյանի , կինոռեժիսոր (Հոլանդիայից) Գայանե Գասպարյանի եւ ուրիշների խոսքերում գնահատվում էր Ծատուրյան բեմադրիչը, ռեժիսորը, անչափ ու անսահման հումորի տեր, անկրկնելի նմանակող, բոլորի սիրելի Կոլյան, Նիկոլայը եւ, ինչպես Հենրիկ Հովհաննիսյանն է նրան ներկայացրել մի հոդվածում, Նիկողայոսը: Որքան էլ որ նշվում է, որ թատրոնի հիմքը դերասանն է, բայց եթե չկա այն ռեժիսորը, որը դերասանից կպահանջի այն ամենը, ինչը պիեսի պահանջն է, ուրեմն թատրոնը-թատրոն չէ: Մեր Կոլյան այն միակ երջանիկներից է, որ իր դերասաններից «քամում» է այն ամենը, ինչը գտնում է անհրաժեշտ: Նա թատերարվեստում այն եզակի ունակ ռեժիսորն է, որ իր մտահղացումները իրականացնում է, համեմում հումորով: Իսկ ով գեթ մեկ անգամ ունկնդրել է Կոլյայի նմանակումները, դարձել նրա հումորի մասնակիցը, երբեք չի մոռանա: Կոլյա Ծատուրյանի մի քանի տասնյակ ներկայացումներից շատերն իրենց տեղն են գտել հայ թատրոնի պատմության մեջ: Սակայն այսօր նա չի բեմադրում... Կոլյան չի ընդունում «երբ ինձ սկսում են գովել, երբեմն էլ չափազանցված: Ես անում եմ այն, ինչ կարող եմ, եւ չեմ սիրում քծնողներին: Ամեն մեկը կատարում է իր գործը: Ես չեմ կարող չանել իմ սիրած գործըՙ բեմադրել, որովհետեւ դա է ինձ տրված ի վերուստ...»:
Ծատուրյանը դժգոհ է շատ բաներից. «Երբ տեսնում եմ, թե ինչքան երգող, պարող, սահող աստղեր կան, ու երբ նրանց հավաքենք, երկնքի աստղերից շատ կլինեն, զայրանում եմ ու մտածում, ո՞ւր ենք գնում սերիալախեղդ եթերներով, որոնք ոչ մի դաստիարակչական դեր չեն խաղում, այլ հակառակըՙ ազգը դեգրադացնում են: Զայրանում եմ ու էլի...», եւ կատակով ավելացնում «մաշկս սկսվում է քոր գալ մի տեսակ հիվանդությունից»:
Իսկ թե ինչո՞ւ եմ սիրում նմանակելը «Ազգի» հարցին, ասաց. «Դա ինձ հիշեցնում է այն մարդկանց, որոնց հետ վերհիշում եմ իմ անցած ժամանակը: Ցավ եմ զգում, որ տեսնում եմ չափանիշները փոխվել են: Ո՞ւր ենք գնում այսպես: Որքան ավելի շատ եմ ճանաչում մարդկությանը, այնքան ավելի եմ սիրում մենակությունը»:
Ի՞նչ է թատրոնը ձեզ համար հարցին, ասաց. «Դա իմ աշխատավայրն է, որը փոխարինում է ինչպես եկեղեցի: Դա իմ սրբությունն է եւ ավելին, դա իմ զավակներն ու թոռներն են, որոնց հետ շատ եմ ուզում շփվել, որովհետեւ նրանց մեջ կա այն ամենը, լավը, ինչը վերացել է էդ անտեր մնացած ցիվիլիզացիայի պատճառով»:
Ահա այսպես, 2,5 ժամ ծիծաղով, կատակով ու նմանակումներով Նիկոլայ Ծատուրյանը բեմադրեց իր հետ հանդիպումը, որից ներկաներն իրենց հետ տարան անմոռանալի տպավորություններ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ