Կիպրոսի Մելգոնյան դպրոցը դարձնել համահայկական կրթօջախ
Մեսրոպ քահանա Արամյանը ցավով է արձանագրում, որ այսօր մեր դպրոցների շրջանավարտներն անմրցունակ են ու չեն համապատասխանում համաշխարհային չափանիշներին: Դարեր շարունակ ազգային գոյությունը խարսխվել է կրթության եւ հոգեւոր արժեքների վրա, հետեւաբար հայ ժողովրդի շարունակությունն ապահովելու համար այսօր անհրաժեշտ են հզոր գաղափարներ եւ դրանց իրագործմանըՙ համապատասխան միջավայր:
Աշխարհի որեւէ կետում հայ երիտասարդներին հայեցի կրթություն տալու հնարավորությունը դարձել է գերխնդիր ու պետք է իրականություն դարձնել: Գաղափարը, որի շուրջը համախմբվեցին տարբեր երկրների հայեր, ծնունդ տվեց 21-րդ դարի համահայկական դպրոց ստեղծելու նախաձեռնությանը: Նպատակն է` ստեղծել միջավայր, որտեղ սովորելը դառնա յուրաքանչյուր հայի երազանքը եւ որի տված գիտելիքների շնորհիվ հայ երիտասարդները կարողանան նվաճել բարձունքներ:
«Մելգոնյան դպրոցն իր կրթական ավանդներով, բազմամյա պատմության եւ բարենպաստ աշխարհագրական տեղակայվածությամբ այս ծրագրի իրականացման հնարավորություն է տալիս», նկատում է Մեսրոպ քահանա Արամյանը:
Կիպրոսում 1926 թ. հիմնադրված Մելգոնյան կրթական հաստատությունը փակվեց 2005 թ.: Այդ ժամանակ դպրոցում սովորում էր 250 աշակերտ: «Դպրոցը հայ ժողովրդի սեփականությունն է, բայց լիազորված էր Պոլսո պատրիարքարանին, որն էլ այն հանձնել է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը: Խնդիրների պատճառով միությունը որոշել է փակել դպրոցն ու տարածքը վաճառել», ասում է Արամյանը:
Այժմ շենքում վարձակալությամբ հունական դպրոց է գործում: Մեսրոպ քահանա Արամյանը պատմում է, որ հույն երեխաները հայոց մեծերի կիսանդրիների վրա են նկարում, մինչդեռ այն պատմական հսկայական նշանակություն ունեցող շինություն է:
Նախաձեռնող խմբի անդամներն առաջարկում են Մելգոնյանի հիմքի վրա ստեղծել բարձրորակ, նյութապես ամուր եւ առողջ կառավարման համակարգ ունեցող համահայկական դպրոց:
«Հանրապետական դպրոցի ստեղծման նախաձեռնությունն այդ դպրոցի կենտրոնական գաղափարն է: Մելգոնյանի կյանքն ուղղակի կապված է մեր կրթական կյանքի, մտածողության հետ: Այն մեր գոյության համար ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր է», ասում է Ֆրանսիայից Կարապետ Տաքեսյանը, որը երկար տարիներ որպես փոխտնօրեն պաշտոնավարել է այդ կրթօջախում:
Կրթությունը կազմակերպվելու է համաձայն ուսումնական ծրագրի, որը հիմնված է համաշխարհային բարձրագույն չափանիշների եւ կրթական նորագույն տեխնոլոգիաների խթանման վրա: Երեխաների ընտրությունը պայմանավորված է լինելու բացառապես տաղանդով եւ գիտելիքներով: Անվճարունակ երեխաների համար կսահմանվեն անհատական կրթաթոշակներ:
Հարցի Ֆինանսական կողմը լուծված է: Կան բարերարները, ովքեր պատրաստ են գումար ներդնել, որպեսզի դպրոցը չփակվի: «Նրանք պատրաստակամ են, խանդավառված», ասում է քահանան:
Ռուսաստանից Աշոտ Ասլանյանը նկատում է, որ խումբը նախաձեռնել է դպրոցը նորոգել առանց որեւէ հետին շահի: Առաջին նպատակը` արդիականացել շենքը, զինել լաբորատորիան, տեխնիկապես հագեցնել, իդեալական պայմաններ ստեղծել հանրակացարանի համար, նորոգել մարզական համալիրը:
Խնդիրները հիմնականում իրավական են: Դպրոցը գտնվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության իրավասության տակ է: Սակայն նախաձեռնող խմբի անդամները հույս ունեն, որ բանակցությունները դրական արդյունք կունենան: Ասլանյանի խոսքերովՙ իրենց համար առաջնահերթ նշանակություն ունի, որ դպրոցը շարունակի գործել, թե ում իրավասության տակ կգտնվի` էական նշանակություն չունի:
Մեսրոպ քահանան առաջարկում է չշարժվել մտայնությամբ` սփյուռքում դպրոց փակել ու Հայաստանում երկուսը կառուցելու: Դրսում ոչ թե պետք է դպրոց փակել, այլ, ընդհակառակը, նպաստել դրանց շատացմանը: Շվեյցարիայից Արդեն Շելեֆյանը համոզված է, որ սփյուռքյան իրականությունը պահպանելով պետք է պահպանել Հայաստանը` Մելգոնյան դպրոցն էլ այդ իրականության մի մասնիկն է:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ