«Փյունիկը» ներկայացրեց նոր դարպասապահին
Նոր մրցաշրջանի շեմին «Փյունիկի» գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը եւ թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «Ռեժինե» հյուրանոցում հանդիպեցին լրագրողներին: Անդրադառնալով Իտալիայում թիմի անցկացրած ուսումնամարզական հավաքին, Վարդան Մինասյանը նշեց, որ գոհ է արդյունքներից, ծրագրված աշխատանքը կատարվել է: Միակ անհանգստացնող փաստն այն է, որ այդ ընթացքում «Փյունիկը» համալրվել է միայն մեկ դարպասապահով: Այսօր թիմում ընդամենը 19 ֆուտբոլիստ է ընդգրկված, որից երեքը դարպասապահներ են: Ճիշտ է, հույս կա, որ «Փյունիկը» համալրում կստանա Ֆրանսիայից:
Մինասյանը նաեւ նշեց, որ Իտալիայում անցկացրած խաղերի արդյունքներն իր համար կարեւոր չէին: Մրցակիցներն ուժեղ չէին, ինչը հնարավորություն էր ընձեռել փյունիկցիներին դրսեւորելու իրենց խաղային ունակությունները, տակտիկական սխեմաներ մշակել:
Ինչ վերաբերում է «Փյունիկի» չեմպիոն դառնալը գերխնդիր չլինելուն, ապա ըստ Մինասյանի, թիմի առջեւ միշտ էլ բարձր նպատակներ են դրվել ու փյունիկցիները մշտապես պայքարել են չեմպիոնի եւ գավաթակրի տիտղոսների համար: Այս տարին այդ առումով բացառություն չի կազմի, սակայն եթե «Փյունիկին» չհաջողվի նվաճել չեմպիոնի տիտղոսը, Մինասյանի համար դա ցավալի չի լինի: Գլխավոր խնդիրը ֆուտբոլիստներ պատրաստելն է, նրանց արտերկրի թիմերում խաղալու հնարավորություն ընձեռելը:
Կարեն Հարությունյանը մանրամասնեց «Փյունիկի» եւ «Ռոմայի» միջեւ համագործակցության ծրագիրը: Նախատեսված է «Փյունիկի» մարզադպրոցի լավագույն սաներին գործուղել Ֆրանչեսկո Տոտիի հիմնած ակադեմիա, «Փյունիկի» դարպասապահների մարզչին մեկ ամսով ուղարկել Իտալիա, նաեւ մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչներին գործուղել «Ռոմայի» մարզումներին ծանոթանալու, դասընթացներին մասնակցելու համար:
Կարեն Հարությունյանը հերքեց այն լուրերը, թե իբր զամբիացի Էմանուել Մբոլային նախատեսված աշխատավարձից քիչ է վճարվել, պայմանագիրն էլ ճիշտ չի կազմված: Ընդհակառակը, լավ խաղի համար Մբոլայի աշխատավարձը նույնիսկ բարձրացվել է, իսկ պայմանագիրն էլ ստորագրել է ֆուտբոլիստի հայրը: Մբոլան ցանկանում է խաղալ «Փյունիկում», մշտական կապի մեջ է, սակայն նրանից անձնագիրը վերցրել են: Այժմ «Փյունիկը» դիմել է ՖԻՖԱ-ին, ուղարկել է բոլոր փաստաթղթերը եւ սպասում է պատասխանին: Եթե Մբոլան չներկայանա «Փյունիկ», ապա պետք է փոխհատուցում վճարեն, ինչպես ժամանակին «Ռապիդն» էր վճարել կամերունցի դարպասապահ Ապուլա Բետեի համար:
Վարդան Մինասյանը պատասխանեց նաեւ ազգային հավաքականին վերաբերող հարցերին: Նա նշեց, որ Բելառուսի հավաքականի հետ հանդիպման արդյունքն իր համար կարեւոր էր: Այդ խաղում մեր ֆուտբոլիստներից շատերը ֆունկցիոնալ պատրաստ չէին, բացառությամբ Էդգար Մանուչարյանի եւ Լեւոն Փաչաջյանի: Գլխավոր մարզչի համար այդ հանդիպումը կարեւոր էր նաեւ, թե ֆուտբոլիստներն ինչպես կդրսեւորեն իրենց ոչ միայն խաղադաշտում: Վարդան Մինասյանը ֆուտբոլիստների հարցում կողմնորոշվել է արդեն, ոմանցից հրաժարվելու է: Ըստ նրա, հավաքականում արմատական փոփոխություններ են սպասվում: Շուտով նա կներկայացնի հավաքականի նախապատրաստության ծրագիրը: Օգոստոսի 11-ին ընկերական խաղ է նախատեսված, մրցակիցն առայժմ անհայտ է:
Խոսելով արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների մասին, Մինասյանը նշեց, որ հետաքրքրվում են դանիական «Ռանդերսում» խաղացող Յուրա Մովսիսյանով, որը մինչ այդ ԱՄՆ-ում էր հանդես գալիս ու լավ տպավորություն է թողնում: Մովսիսյանն անձնագրային խնդիր ունի, որը լուծելու դեպքում կարող է հրավիրվել հավաքական:
Ժամանակին հայտնել էինք, որ Մինասյանը չէր հավանել Դենիս Թումասյանի խաղը: Վերջինս նշել էր, թե դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է իր հանդեպ: Գլխավոր մարզիչը հիշեցրեց, որ դեռեւս տարիներ առաջ, երբ Դենիսը խաղում էր Մոսկվայի «Տորպեդոյում», նա հրաժարվում էր ՀՀ հավաքականում խաղալ: Իսկ այժմ, երբ անձնական շահ ունի, ցանկանում է Հայաստանի հավաքականում հանդես գալ:
Ասուլիսի վերջում «Փյունիկի» գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը թիմի մարզաշապիկը հանձնեց բելառուսցի դարպասապահ Արթուր Լեսկոյին: Վերջինս ֆուտբոլային կարիերան սկսել է Մինսկի «Դինամոյում», որտեղ 5 մրցաշրջան է հանդես եկելՙ նվաճելով Բելառուսի չեմպիոնի տիտղոսը: Այնուհետեւ 2,5 տարի խաղացել է ուկրաինական «Կրիվբասում»: 25-ամյա դարպասապահին շատ է դուր եկել Երեւանը, հայկական ֆուտբոլի եւ «Փյունիկի» մասին էլ տեղեկացել է ինտերնետից: Նա հույս հայտնեց, որ կհաջողվի ամրապնդվել թիմի կազմում եւ իր հուսալի խաղով նպաստել «Փյունիկի» հաջողությանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ