Հարց - Ձերդ Գերազանցություն, մեկ տարի առաջ Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադը պաշտոնական այց կատարեց Հայաստան: Այցի վերջում ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր: Ինչպե՞ս եք Դուք գնահատում երկկողմ հարաբերությունների զարգացումն այդ այցից ի վեր:
Սերժ Սարգսյան - Մենք կարեւորում ենք Սիրիայի` Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում կարեւոր դերակատարում ունեցող բարեկամ երկրի հետ հարաբերությունների ընդլայնումը: Հայ-սիրիական հարաբերությունները այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա եւ արտացոլում են այն ջերմությունը, որ մեր ժողովուրդները փոխադարձաբար տածում են միմյանց հանդեպ: Շարունակվում են ակտիվ շփումները գրեթե բոլոր ոլորտներում, պարբերական բնույթ են կրում տարբեր փոխայցելությունները: Անցած տարի տեղի ունեցած այցը Սիրիայի նախագահի առաջին այցն էր անկախ Հայաստան, բայց դեռեւս 1980թ. Խորհրդային Հայաստան էր այցելել լուսահոգի Հաֆեզ ալ-Ասադը: Նշեմ միայն մեկ փաստ. մոտակա ժամանակներս մեր մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերից մեկում իր ավարտին կհասցվի հայ-արաբական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի կառուցումը, որը կատարվում է մի խումբ սիրիահայերի նախաձեռնությամբ` Հայաստանի կառավարության ու Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Իմ այս այցի ընթացքում էլ մի շարք համաձայնագրեր են ստորագրվելու: Մեր` կառավարություններիս պարտքն է ձեւավորել բարենպաստ իրավապայմանագրային դաշտ, որպեսզի մեր հասարակությունները, գիտնականները, գործարարները, երիտասարդները, մեր ճյուղային գերատեսչությունները կարողանան ավելի արդյունավետ շփվեն միմյանց հետ:
Հարց - Հայաստանի եւ Սիրիայի ժողովուրդների բարեկամությունն արտացոլվում է երկու երկրների ղեկավարության գործունեության մեջ: Ինչպե՞ս է պետք տեղափոխել այդ դրական ներուժը տնտեսական եւ քաղաքական դաշտ:
Սերժ Սարգսյան - Երկկողմ համագործակցության վերաբերյալ ստորագրված միջպետական տասնյակ փաստաթղթերն ու բարձր մակարդակի շփումներն ամուր հիմք են ստեղծել Երեւանի եւ Դամասկոսի միջեւ սերտ հարաբերություններ զարգացնելու համար։ Մենք տրամադրված ենք շարունակելու աշխատանքները հայ-սիրիական քաղաքական, առեւտրատնտեսական, գիտակրթական, մշակութային եւ այլ բնագավառներում համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու եւ խորացնելու ուղղությամբ: Վստահ եմ, որ նույնանման հաստատակամություն առկա է նաեւ մեր սիրիացի գործընկերների մոտ: Ակտիվորեն աշխատում է միջկառավարական հանձնաժողովը, որի հերթական նիստը տեղի կունենա այս տարվա ընթացքում: Լուրջ ծրագրեր կան էներգետիկայի, բնապահպանության, սեյսմոլոգիայի, առողջապահության, կապիտալ շինարարության, գյուղատնտեսության, ոռոգման համակարգերի եւ այլ ոլորտներում: Վստահ եմ, որ հայ-սիրիական համագործակցությունը հաջողությամբ շարունակելու է վերընթաց զարգացում ունենալ:
Հարց - Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Նախագահի Սիրիա կատարելիք պաշտոնական այցի ընթացքում Դուք նաեւ կգտնվեք Հալեպում եւ Դեյր Զորում: Ի՞նչ եք Դուք ուզում այդ կապակցությամբ փոխանցել Սիրիայի եւ Հայաստանի քաղաքացիներին:
Սերժ Սարգսյան - Այսօր աշխարհում շատ են խոսում քաղաքակրթությունների երկխոսության, հանդուրժողականության մասին: Սիրիայում մեր երկու ժողովուրդների ներկայացուցիչներն առանց երկար քննարկումների գործնականում ստեղծեցին մահմեդականների եւ քրիստոնեաների համակեցության մի այնպիսի ներդաշնակ օրինակ, որը կարող է օրինակելի լինել աշխարհի` հանդուրժողականության բոլոր ջատագովների համար: Այս բարի ավանդույթները մեր ժողովուրդների ընդհանուր հարստությունն են, դրանք պետք է պահպանենք եւ փայփայենք:
Ես իմ բոլոր արտասահմանյան այցերի ժամանակ ձգտում եմ հանդիպել հայկական Սփյուռքի ներկայացուցիչներին: Պատմության դաժան քմահաճույքով ձեւավորված այդ Սփյուռքը մի կարեւոր օղակ է, որ կապում է հայկական քաղաքակրթությունն աշխարհի այլ ժողովուրդների, հասարակությունների, պետությունների հետ: Այն, թե ինչպես են ընկալվում Սփյուռքի մեր հայրենակիցներն երկրներում, որոնց քաղաքացի են հանդիսանում, պայմանավորում է, թե ինչպես կընկալվի Հայաստանը, հայ ժողովուրդն ընդհանրապես:
Իհարկե ես չէի կարող այցելել Սիրիա եւ չլինել հայկական Սփյուռքի պատմության մեջ առանձնահատուկ տեղ զբաղեցնող Հալեպում եւ Դեյր Զորում: Ես այցելելու եմ այդ շրջաններ` մեր ժողովրդի երախտագիտությունը հայտնելու մեր սիրիացի քույրերին եւ եղբայրներին եւ ոգեւորելու մեր հայրենակիցներին` լինելու բարեկամ Սիրիայի արժանապատիվ եւ հարգված քաղաքացիներ:
Հարց - Ձերդ Գերազանցություն, ի՞նչ ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունները կանոնավորելու գործընթացի վրա Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող բանաձեւի ընդունումը:
Սերժ Սարգսյան - Ինձ հաճախ հարցնում են, թե ինչպես պետք է ներկայացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերը, եւ արդյոք ճանաչելով ցեղասպանությունը` որեւէ երկիր չի՞ վնասի հայ-թուրքական հարաբերությունները կանոնավորելու գործընթացին եւ ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի անվտանգությանը: Ես պատասխանում եմ, որ կան բազմաթիվ երկրներ, որոնք այդ հարցում փաստերի ներկայացման կարիք չունեն, քանի որ այդ երկրները Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեն սեփական հսկայական արխիվներ:
Ինչ վերաբերում է ցեղասպանությունը ճանաչելով անվտանգությանը վնասելու մտավախությանը, ապա դա նույնն է, ինչ ընտրություն առաջարկել անվտանգության եւ արժեքային համակարգի միջեւ: Կարծում եմ, որ մեր տարածաշրջանում տեւական անվտանգությունը հնարավոր է միայն, եթե այն կառուցված է խորապես գիտակցված արժեքային համակարգի վրա: ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող բանաձեւն այդ երկրի ներքին գործն է, որին մենք չենք միջամտում, որքան էլ այն բարոյապես կարեւոր համարենք:
Մենք չդարձրեցինք Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու հարցում, քանի որ մեր սկզբունքային դիրքորոշումն է բարելավել հայ-թուրքական հարաբերություններն առանց որեւէ նախապայմանի: Ճիշտ չեմ համարում փորձերը կապել այդ գործընթացն այլ երկրների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ: Մի բան ինձ համար ակնհայտ է` որքան երկար տեւի մեր հարաբերությունները կանոնավորելու գործընթացը, այնքան կարող է աճել այդպիսի բանաձեւեր ընդունող պետությունների թիվը:
Հարց - Ձեր ելույթներում Դուք հաճախ եք անդրադարձել Հայաստանի շրջափակման խնդիրներին` նշելով, որ այն սահմանափակում է Հայաստանի տնտեսության զարգացումը: Որն է թուրքական կողմի սահմանը փակ լինելու տնտեսական գինը Հայաստանի համար:
Սերժ Սարգսյան - Այն մեծ է, հաշվի առնելով թե տարանցիկ ուղիների սակավությունը, թե դեպի Միջերկրական ծով Հայաստանից տանող երկաթգծի անգործությունը: Լինի դա արդյունաբերության, առեւտրի, թե ծառայությունների մատակարարում` մեր պետությունների միջեւ առկա է հսկայական չօգտագործված ներուժ: Այդ սահմանի բաց լինելը կարող էր մեծ նշանակություն ունենալ նաեւ այլ երկրների, այդ թվում` Սիրիայի հետ Հայաստանի ապրանքաշրջանառության առումով:
Բայց կարծում եմ, որ այդ սահմանի փակ լինելու գինը շատ ավելի մեծ է քաղաքական հարթության մեջ: Շրջափակումը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման միջոցներից մեկը: Դա ոչ միայն վայել չէ 21-րդ դարում ապրող երկու հարեւան պետություններին, այլեւ հակասում է ՄԱԿ)ի կանոնադրությանը, միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերի: Թուրքիան ավելի ու ավելի շատ է փորձում դերակատարում ստանձնել տարածաշրջանում եւ միջազգային հարթակում: Նա հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ 20-ի խմբի անդամ, ձգտում է անդամակցել Եվրոպական Միությանը: Այդ ամենն անհամատեղելի է զարգացող տնտեսություն ունեցող հարեւան երկրի նկատմամբ միակողմանի տնտեսական պատժամիջոցներ գործադրելու հետ:
Հարց - Նախագահ Բաշար ալ-Ասադը մի շարք մայրաքաղաքներում, նաեւ` Երեւանում, խոսել է տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցության իր տեսլականի մասին` հատուկ նշելով Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան, Իրանը, ինչպես նաեւ, բնականաբար, Սիրիան: Որո՞նք են Ձեր կարծիքով այդ տեսլականի իրագործմանը խոչընդոտող հանգամանքները: Ի՞նչ լուծումներ է կարելի գտնել դրան հասնելու համար:
Սերժ Սարգսյան - Ես միանգամայն ընդունում եմ իմ գործընկերոջ` Նախագահ Ասադի այդ ազնիվ տեսլականը: Նա հեռուն նայող քաղաքական գործիչ է, որը սիրում է իր երկիրը եւ սրտացավ վերաբերմունք է ցուցաբերում իր հարեւանների ու բարեկամների հանդեպ: Հայաստանը մշտապես հանդես է եկել տարածաշրջանային համագործակցության օգտին: Մենք համարում ենք, որ առկա խնդիրները լուծելու միակ ձեւը բանակցային սեղանի շուրջ դրանք քննարկելն ու դրանց համար լուծումներ գտնելն է: Երկրների միջեւ կարող են լինել հակասություններ եւ տարաձայնություններ, բայց համագործակցությունը դրանց հարթման լավագույն միջոցն է:
Մենք կողմ ենք դիմելու համագործակցության կոնկրետ քայլերի` հայտնաբերելով այն բնագավառները, որոնք կարող են փոխադարձ հետաքրքրություն եւ շահագրգռվածություն առաջացնել: Միայն այդ ձեւով է հնարավոր դանդաղ, բայց վստահորեն ճանապարհ հարթել դեպի բարդ եւ մեծ հարցերի լուծումը:
Հարց - Ձերդ Գերազանցություն, իսկ ինչպե՞ս է պաշտոնական Երեւանը գնահատում իրավիճակը Մերձավոր Արեւելքում: Ո՞րն է, ըստ Ձեզ, դեպի խաղաղություն եւ կայունություն տանող ճանապարհը:
Սերժ Սարգսյան - Հայաստանը մշտապես ուշադիր է եղել բարեկամ արաբական երկրների եւ մասնավորապես` Սիրիայի դիրքորոշումների նկատմամբ: Հայաստանը կողմ է բոլոր հակասությունները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելուն եւ մշտապես դատապարտել է բոլոր բռնի գործողությունները, մարդու իրավունքների խախտումները, քաղաքացիական բնակչությանը կոլեկտիվ պատժի ենթարկելու փորձերը, ահաբեկչությունը: Մենք պաշտպանում ենք Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը` անկախ պետություն ստեղծելու միջոցով, ինչը երաշխավորված է ՄԱԿ)ի Անվտանգության խորհրդի բանաձեւերով:
Լիահույս ենք, որ Մերձավոր Արեւելքի բարդ խճանկարում ներգրավված բոլոր կողմերը թե պաղեստինա)իսրայելական, թե սիրիա)իսրայելական ուղղություններով կգտնեն համապատասխան ներուժ բանակցությունների սեղանի շուրջ տարաձայնությունները քննարկելու ու հարթելու համար: Մարդկային հազարավոր կյանքեր եւ քանի սերունդների խաղաղ ապրելու իրավունքը խլած այս հակամարտությունը պետք է կարգավորվի:
Մենք այդ հարցում ավելի քան շահագրգիռ ենք: Նախեւառաջ, այս տարածաշրջանում բնակվում են մեր բազմաթիվ քույրերն ու եղբայրները: Բոլոր երկրներում առկա են ստվար հայկական գաղթօջախներ, կրթական, մշակութային եւ հոգեւոր հաստատություններ: Դրանց թվում կարեւոր տեղ է զբաղեցնում Երուսաղեմում տեղակայված Հայոց պատրիարքարանը, որն առանձնահատուկ նշանակություն ունի հայերիս` քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած ժողովրդի համար: Մեր անմիջական շահերից է բխում, որ վերականգնվի այդ սրբազան վայրին վայել խաղաղությունն ու վեհությունը:
Հարց - Դուք բազմիցս նշել եք, որ ԼՂ կարգավորումը պետք է հենվի խաղաղ բանակցությունների միջոցով փոխադարձ զիջումների վրա: Որոնք են այդ զիջումները Հայաստանի պարագայում:
Սերժ Սարգսյան - Ես միշտ նշել եմ, որ որեւէ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է լուծում փնտրել դրանց դրդապատճառների, ոչ թե հետեւանքների տիրույթում: Այլապես դա նույնն է, ինչ հիվանդությունը բուժելու փոխարեն փորձել վերացնել դրա դրսեւորումները:
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տասնամյակների անարդարությունն ու ճնշումները փորձեց հանգուցալուծել իրավական ճանապարհով` ԽՍՀՄ օրենսդրության եւ միջազգային իրավունքի շրջանակներում: Դրան հակադրվեց բռնի ուժ, այդ ժողովուրդին բնաջնջելու փորձ: Սկսվեց տարիներ տեւած ծրագրված ռազմական գործողություն Արցախի դեմ, օրական հարյուրավոր ռումբեր էին նետվում Ստեփանակերտի վրա:
Ի պատասխան դրան Արցախի ժողովուրդը կարողացավ համախմբվել եւ պաշտպանել իր Հայրենիքը, սրբավայրերը, կանանց, երեխաներին եւ ծերերին: Այդ անվտանգությունն ամրապնդելու համար ձեւավորվեց Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի: Այդպես հաճախ է լինում պատերազմների ժամանակ, բայց պատերազմը մեր նախընտրությունը չէր:
Ի հակառակ Ադրբեջանի պնդումներին այդ գոտին մեր կողմից ոչ բնակեցվում եւ ոչ էլ շահագործվում է: Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն եւ ստեղծվեն անվտանգության եւ զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին` իհարկե պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին: Բայց «փոխզիջում» հասկացության մեջ առանցքային գաղափարը փոխադարձությունն է, եւ պետք է գիտակցել, որ նման իրավիճակներում միակողմանի զիջումները միայն խորացնում են առկա վտանգներն ու սպառնալիքները: