Մարտի 29-30-ին Անգելա Մերկելն առաջին անգամ կայցելի Թուրքիա: Դրանից Թուրքիան մեծ ակնկալիքներ ունի. առաջին հերթին իրՙ ԵՄ երկրներ ճամփորդող քաղաքացիների համար առավել բարվոք այցագրային պայմաններ ապահովել: Վիզայի վերացման թեման կարեւորագույններից է լինելու ԳԴՀ կանցլերի հետ հանդիպումներում, իրազեկում է գերմանական «Թիրոլեր թագեսցայթունգը», այնուհետեւ փոխանցելով, թե Թուրքիան արդեն բավական ժամանակ է արտաքին հարաբերություններում գլխավորում է իր քաղաքացիների տեղաշարժի առավել պարզեցված պայմաններըՙ ակնկալելով հավասար պայմաններ ԵՄ անդամակցության ձգտող մյուս երկրների հետ: Մոտ 60 երկիր Թուրքիայից վիզա էլ չեն պահանջում, եւ Թուրքիան հենց ԵՄ երկրներից նույնն է ակնկալում: Վերջերս Անկարան Իսպանիայի հետ է նման պայմանավորվածություն ձեռք բերել:
Գերմանիայի կանցլերը լինելու է Անկարայում եւ Ստամբուլում, հանդիպելու է վարչապետ Էրդողանին եւ նախագահ Գյուլին: Զրույցի թեման լինելու են Թուրքիայի ԵՄ անդամակցության համար 2005-ից սկսված բանակցությունները, ինչպես նաեւ Կիպրոսի խնդիրը, Թուրքիա-Հայաստան հարաբերությունները, Աֆղանստանում, Մերձավոր Արեւելքում իրադրությունը, հարեւան Իրանի հետ «ատոմային» վեճը: Բանակցությունների առանցքում լինելու են նաեւ տնտեսական հարցեր, Մերկելի պատվիրակության կազմում մեծ է գործարարների թիվը: ԳԴՀ կանցլերը կհանդիպի հույն ուղղափառ պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի, կրոնական այլ փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է Ստամբուլում գերմանա- թուրքական համալսարանի հիմնարկեքի արարողությունը:
Գերմանիան հատուկ խնամք է դրսեւորում Թուրքիայի հետ իր կապերն ամրացնելու առումով: Միգուցե առաջիկա այցն է պատճառը, որ Էրդողանիՙ հայերին արտաքսելու աղմկահարույց արտահայտությունը գերմանական թերթերի եւ կայքէջերի տաք քննարկման առարկա դառնալուց բացի, գերմանացի օրենսդիրների եւ կառավարական շրջանակների բանավոր դժգոհությանը գրավոր տեսք չի տալիս:
Մարտի 9-ին ԳԴՀ արտգործնախարության պետնախարար Կոռնելիա Փիիփերը եւ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուգրուլ Գյունայը գերմանա-թուրքական թարգմանական մրցանակ են հիմնել: ԳԴՀ արտգործնախարարության մամլո ծառայության փոխանցմամբՙ 2010 թվականին այն առաջին անգամ կտրվի գերմանական գրականությունը թուրքերեն եւ համապատասխանաբարՙ թուրքական գրականությունը գերմաներեն լավագույն ներկայացնողին: Թարգմանական մրցանակը 2006-ին կյանքի կոչված երկու ժողովուրդների մշակութային երկխոսության, ըմբռնողության Էռնստ Ռոյթեր նախաձեռնության մաս է կազմում: Դրա շրջանակներում արդեն հայտնի են արվեստի, երիտասարդության, մշակույթի, մեդիայի, գիտության, ինտեգրման մի շարք հաջող ձեռնարկներ, օրինակՙ Բեռլինի Հումբոլտ եւ Անկարայի Մերձավոր Արեւելքի համալսարանների համատեղ ծրագրերը կամ գերմանա-թուրքական երիտասարդական Jungenc նվագախումբը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա