Մեր թերթը նախորդ համարում տեղեկացրել էր, որ Բուլղարիայի խորհրդարանը «Կարգուկանոն, իրավունք եւ արդարություն» կուսակցության նախաձեռնությամբ կրկին կքննարկի Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության բանաձեւը: Մեկ ամիս առաջ բուլղարական խորհրդարանն արդեն մերժել էր բանաձեւը` պատճառաբանելով «թուրք-բուլղարական բարեկամական հարաբերությունները» (եւ կրկին ցեղասպանության իրողության ոչ մի հերքում - Հ. Ա.): Սակայն ինչպես արդեն տեղեկացրել է «Ազգը» , այս անգամ, ըստ բուլղարական մամուլի, բանաձեւն անցնելու մեծ հնարավորություններ ունի` Էրդողանի լոնդոնյան հայտնի հայտարարությունների պատճառով: Իսկ Բուլղարիայի խորհրդարանում ներկայացված հայկական բանաձեւը փաստում է, որ «հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ամենադաժաններից է մարդկության արդի պատմության մեջ, դա հանցագործություն է ամբողջ մարդկության նկատմամբ»:
Բանաձեւն ընդգծում է, որ Օսմանյան կայսրությունում մշակված է եղել եւ իրականացվել է պետական նախաձեռնություն` ոչնչացնել հայկական էթնոսը «եւ արտաքսել նրանց իրենց` Արարատից Անատոլիա ձգվող պատմական հայրենիքից», նշված է բանաձեւում: Այնուհետեւ բուլղարական խորհրդարանում ներկայացված բանաձեւը հաստատում է, որ 1915-1917-ին օսմանյան իշխանությունների կողմից հայերը ենթարկվել են դաժան սպանությունների, արտաքսման, թալանի: «Հայ խաղաղ ազգաբնակչությունը բռնի արտաքսվել է, իսկ իշխանությունները խլել են նրանց ունեցվածքը: Սրանով հայ էթնոսը ենթարկվել է ֆիզիկական, տնտեսական, հոգեկան ցեղասպանության, որի հետեւանքով զոհ գնացին շուրջ 1,5 մլն հայեր: Հաշվի առնելով այս ամենը` Բուլղարիայի Ազգային Ժողովը ճանաչում է 1915-1917-ին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանության վերաբերյալ փաստերի անհերքելիությունը եւ միանում է բոլոր այն միջազգային կառույցներին ու երկրներին` Եվրոխորհրդին, Բելգիային, Ֆրանսիային, Շվեյցարիային, Իտալիային, Հոլանդիային եւ այլոց, որոնք արդեն ճանաչել են այս փաստը»:
Վերջում բանաձեւը հայտարարում է, որ Բուլղարիան համաձայն չէ թուրքական պաշտոնական դիրքորոշմանը` Հայոց ցեղասպանությունը ժխտելու կապակցությամբ. «Մենք կոչ ենք անում Թուրքիային` վերանայել իր իսկ վերաբերմունքը Առաջին աշխարհամարտի իրական պատկերի վերաբերյալ: Մենք ցեղասպանություն ենք որակում հայերի բռնի արտաքսումը եւ զանգվածային սպանությունները Օսմանյան կայսրությունում: Մենք անհրաժեշտ ենք համարում, որ այս փաստաթուղթը պարտադիր լինի Բուլղարիայի բոլոր պետական ինստիտուտների, ԶԼՄ-ների համար: Մենք գտնում ենք, որ այսօրվա Թուրքիայում գտնվող բուլղարական եւ հայկական ազգային հուշարձանները, որոնք եվրոպական քաղաքակրթության մասն են կազմում, կարիքն ունեն ավելի լուրջ պահպանման: Մենք պահանջում ենք, որ Եվրոմիություն-Թուրքիա բանակցությունների ընթացքում հաշվի առնվի բուլղարական իշխանությունների տեսակետը, որ ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:
Ահա այսպիսի բանաձեւ է մեկ շաբաթից քննարկվելու բուլղարական խորհրդարանում, որը, ինչպես արդեն վերը նշել ենք, այս անգամ ընդունվելու շատ ավելի մեծ հնարավորություններ ունի:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ