Բեռլինում անցկացվող տուրիզմի միջազգային ամենամյա ցուցահանդեսին, որ 2010-ին կայացավ մարտի 10-14-ը, հյուր երկիրը Թուրքիան էր: Գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը», ներկայացնելով Թուրքիայի զբոսաշրջության եւ մշակույթի նախարար Գյունայիՙ այդ առթիվ Բեռլինում ունեցած ելույթը, ի թիվս այլ դիտարկումների ուշադրություն է հրավիրում Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու վերականգնման մասին նախարարի հիշատակմանը: Թուրքական կառավարությունը սա որպես օրինակ է միշտ հրամցնում այն ժամանակ, երբ թուրք-հայկական մերձեցման գործընթացի բարի կամքն է ուզում ցուցադրել, գրում է թերթի մեկնաբանըՙ իր ընթերցողներին հիշեցնելով այն, ինչ նախարարն այդպես էլ չի հիշատակելՙ թանգարանի բացման ժամանակ քրիստոնեական ժամերգություն չի մատուցվել, նաեւ այն, որ վերականգնված եկեղեցին գմբեթին խաչ չունի, որովհետեւ թուրքերն ասում են, թե երբեք խաչ չի ունեցել: Բայց կան լուսանկերներ, որ հակառակն են փաստում, գրում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա