«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2010-03-19 | #49, 2010-03-20 | #50, 2010-03-23


ԱԼԻԵՎՅԱՆ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՆՈՎՐՈՒԶԻ ՆՎԵՐ

Սկզբունքորեն բանակցությունների հիմնական մասն ավարտվա՞ծ է

Ադրբեջանի նախագահը հաճախ է առիթ-անառիթ ադրբեջանական իրականության գովերգմամբ զբաղվում, սակայն ավելի հաճախ է պատահում, որ Իլհամ Ալիեւը ձոներ արտասանելիս անդրադառնա այնպիսի հարցերի, որոնք, ողջամտության թելադրանքով, հարկ էր չբարձրաձայնել:

Մարտի 20-ին Ալիեւը, Նովրուզի տոնակարատության առնչությամբ ելույթում, օրինակ, հայտարարել է, թե երկիրը հարգանքով է վերաբերվում իր պատմական անցյալին, «գործադրում է բոլոր միջոցները` պահպանելու ազգային մշակութային ժառանգությունը»: Եթե նման կերպ է Ալիեւը հասկանում, ասենք, Հին Ջուղայի գերեզմանատան խաչքարերի ու շիրմաքարերի ոչնչացումը, ուրեմն Ադրբեջանի նախագահը հասկացությունները տեղին օգտագործելու խնդիր ունի, այլապես պատմական անցյալի վկայությունները ոչնչացնելը որպես պահպանում ներկայացնելը հերթական կեղծիքն է, սուտը, որ դրսի ու ներսի համար ասվում է Ադրբեջանում:

Ադրբեջանի հզորության ու դրա նման այլ բնութագրիչների կողքին նախագահ Ալիեւը կարեւորագույն է որակել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ինչին հետեւած մտքերը կրկին ադրբեջանական դատարկ պնդումների շարքից են, թե Լեռնային Ղարաբաղը ինքնավարության բարձր կարգավիճակ թերեւս ունենա, բայց ոչ անկախություն: Նորից Ալիեւի պարագայում փաստերի աղավաղման վիճակ է, երբ արդեն իսկ անկապ միավորի առնչությամբ «տարածքային ամբողջականության» պնդումներն են գործի դրվում:

Առավել հետաքրքրական են բանակցային գործընթացին առնչվող ալիեւյան գնահատականները: «Մենք այսօր կարգավորման որոշիչ փուլում ենք: Կարելի է ասել, որ սկզբունքորեն բանակցությունների հիմնական մասն ավարտված է: Ներկայացված առաջարկությունները, ընդհանուր առմամբ ու որոշ ոչ մեծ բացառություններով, բավարարում են Ադրբեջանի շահերը», ասել է Ալիեւը: Այս պարագայում էլ Ալիեւի հաջորդ միտքը, թե Ադրբեջանն իր դիրքորոշումից ոչ մի քայլ հետ չի կանգնել, բնավ չի համընկնում բանակցային հիմնական մասի անցած լինելու մտքին, քանի որ այդ դեպքում ստացվում է, թե Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի ամեն ուզածին, ինչն հաստատապես իրականություն չէ:

Մեկ այլ անտրամաբանական միտք էլ Ալիեւի այն պնդումն է, թե Լեռնային Ղարաբաղի անկախությունը «Ադրբեջանը երբեք չի ճանաչի, ուրմեն եւ չի ճանաչի աշխարհը»: Հասկանալի է, որ անհավանական նկրտումներ ունեցող Ալիեւ կրտսերը երկրի հզորության սեփական տեսությանը հետեւելով կարող է ընկնել մոլորության մեջ, թե Ադրբեջանն ու աշխարհը նույն կերպ են վերաբերվում բոլոր հարցերին, սակայն այս դեպքում հարկ է, որ Ադրբեջանի նախագահը չմոռանա հարեւան Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պարագան: Սրանց պարագայում ճանաչում դրսեւորած երկրների շարքը մեծ չէ, սակայն նույն կերպ աշխարհի շատ այլ երկրներ մի երկար ժամանակ անկախության չճանաչման պայմաններում են ապրել, մինչ աշխարհում փոխվել ու փոխվում է մոտեցումը:

Իլհամ Ալիեւն այս անգամ, չգիտես ինչու, ռազմաշունչ ոչինչ չի ասել, ընդհակառակը, մի քանի անգամ նշել է, թե ներկա դրությամբ կարգավորման լավ հնարավորություններ կան: «Արժանին մատուցելով» սեփական «մեծն» հոր վարած քաղաքականությանը, որ, իր իսկ խոսքերով, Իլհամ կրտսերը շարունակում է, Ադրբեջանի նախագահը, հարեւան Թուրքիայի օրինակով, հերթական սպառնալիքն է ուղղել նրանց, ովքեր իբր խառնվում են Ադրբեջանի ներքին գործերին: Ըստ այդմ, Ալիեւը հայտարարել է, թե ով խառնվի, նրա հետ կվատանան Ադրբեջանի հարաբերությունները:

Խոսքի ավարտին, արդեն իսկ երեւի մոռանալով, որ հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ արձանագրությունների ի հայտ գալու սկզբում սեփական երկիրը հիստերիկ կոչեր էր անում ու վախվորած հետեւում ստորագրման ընթացքին, Ալիեւը նշել է, թե «չենք խառնվում այլոց ներքին գործերին, ոչ մեկին չենք քննադատում, թեեւ որոշ դեպքերում քննադատության բավարար հիմքեր կան»:

Հետաքրքրական է, թե երբ ու ինչպես հնարավոր կլինի վերջ դնել գոնե հրապարակային ստերին, ո՛ր երկրի պարագայում էլ լինի:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4