«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2010-03-19 | #49, 2010-03-20 | #50, 2010-03-23


ՈՒԺԻ ՉԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԿՈՉ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Սերժ Սարգսյան. «Աշխարհին է հայտնի, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում»

Ցեղասպանության խնդրի քննարկումն ամերիկյան քաղաքական կյանքում նոր երեւույթ չէ: Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միայն վերջին տասը տարիներին մի քանի անգամ ընդունել է բանաձեւեր` ճանաչելով ցեղասպանության փաստը: Միացյալ Նահանգների 42 նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանության իրողությունը: Մարտի 20-ին «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է. «Այնպես որ, մարտի 4-ի բանաձեւը մեզ համար ոչ տարօրինակ էր եւ ոչ էլ` նորություն»:

Անդրադառնալով հայկական կողմին ուղղված տարբեր մեղադրանքներին հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ` Հայաստանի նախագահը հիշեցրել է, որ Հայաստանն ի սկզբանե հայտարարել էր այդ հարաբերություններն առանց նախապայմանների սկսելու մասին:

«Չեմ կարծում, թե թուրքերը բարոյական իրավունք ունեն մեզ` հայերիս, Հայաստանին, մեղադրելու ինչ-որ պայմաններ խախտելու մեջ: Եթե հիմա նույնիսկ ինչ-որ մի հրաշքով Թուրքիայի Ազգային մեծ ժողովը եւ Հայաստանի խորհրդարանը հաստատեն այդ արձանագրությունները, եւ մենք հարաբերություններ հաստատենք, ապա ցանկացած մի երկիր, որը, ենթադրենք, չի ցանկանում, որ մենք թուրքերի հետ հարաբերություններ ունենանք, կարող է հանգիստ արծարծել ցեղասպանության խնդիրը, եւ թուրքերը կարող են սա պատճառ բռնել ու խզել հարաբերությունները», ասել է նախագահը:

Հարցին, թե միջազգային հանրությունն այլ մոտեցում ունի այն բանին, որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Աշխարհին է հայտնի, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ներառվել է Սովետական Միության կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի որոշմամբ: Ինչո՞ւ միջազգային հանրությունը ողջունեց Սովետական Միության փլուզումը: Ինչո՞ւ միջազգային հանրությունը չհամարեց, որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը եւ այլ երկրներ Սովետական Միության բաղկացուցիչ մասն էին, իսկ Ղարաբաղի պարագայում պետք է համարել, որ այն Ադրբեջանի բաղկացուցիչ մա՞սն է: Անտրամաբանական է, չէ՞»:

Իսկ թե ինչ փոխզիջումների է պատրաստ Հայաստանի նախագահը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար, Սարգսյանը նշել է, թե պատճառները նույնը թողնելով հնարավոր չէ վերացնել հակամարտության հետեւանքները: «Կարեւորագույն խնդիրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է եւ այդ իրավունքի իրացման հնարավորությունը», ասել է Հայաստանի նախագահը, ավելացնելով, որ մնացած բոլոր խնդիրները շատ կարճ ժամանակում կարող են լուծվել:

Սերժ Սարգսյանի ներկայացմամբ. «Մենք չենք կարող Ղարաբաղը սկուտեղի վրա մատուցել ադրբեջանցիներին»: Հարցին, թե այդ դեպքում ինչպես պատկերացնել լուծումը, երբ Ադրբեջանն էլ բացառում է անկախ Ղարաբաղի գոյությունը, Հայաստանի նախագահը կրկնել է հակամարտության լուծման համար միջազգային հանրության առաջարկած երեք սկզբունքները` տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք, ուժի կիրառման բացառում: «Օգտվելով առիթից՝ ես հեռուստաեթերից կոչ եմ անում Ադրբեջանին` եկեք ստորագրենք ուժի չկիրառման համաձայնագիր», կոչ է արել Սերժ Սարգսյանը, ընդգծելով, որ դա վստահության հիմք կդառնա ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում` թույլ տալով համոզվել, որ Ադրբեջանը խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4