«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2010-03-19 | #49, 2010-03-20 | #50, 2010-03-23


ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿԲԱՐՁՐԱՑՎԻ

Ազգային անվտանգության խորհրդի 2010 թվականի աշխատանքային ծրագրի համաձայն` այս տարի պետք է մշակվի եւ ԱԱԽ հաստատմանը ներկայացվի սեյսմիկ անվտանգության հայեցակարգը: Հայեցակարգի մշակման աշխատանքային խումբը երեկ արդեն նիստ է գումարել, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը :

«Սեյսմիկ անվտանգության խնդիրները մեր երկրի համար բացառիկ կարեւոր նշանակություն ունեն», ասել է Ա. Բաղդասարյանը:

Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը կարեւորել է 1991 թվականին սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ստեղծումը, սակայն նշել է, որ ոլորտում շատ խնդիրներ կան, որոնք հայեցակարգային ծրագրավորված լուծում են պահանջում:

Ոլորտի իրավիճակը եւ հիմնախնդիրները ներկայացրել է «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը: Նրա խոսքով` պետք է կազմել հավանականային գնահատման քարտեզ, գրեթե բոլոր քաղաքաներն ունեն սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզներ: Ընթացիկ վտանգի գնահատման համար պետք է արդիականացնել սարքավորումների ու դիտարկումների ցանցը: Ըստ արդեն պատրաստված ծրագրի` այն կարժենա շուրջ 200 մլն դրամ: Ճապոնական դրամաշնորհի միջոցներով այս տարվանից սկսվելու է մայրաքաղաքի սեյսմիկ ռիսկերի գնահատումը: Կարեւոր է նաեւ կենսաապահովման գծերի ռիսկի գնահատումը, այսօր ուշադրությունից դուրս են մնացել քիմիական գործարաններն ու հիդրոկայանները, լուրջ խնդիր է նաեւ բազմաբնակարան շենքերի ու կառուցվածնքերի ուժեղացումը, պետք է ուսումնասիրվեն մետրոյի կայարանները, կամուրջներն ու թունելները:

Ամփոփիչ խոսքում Ա. Բաղդասարյանը փաստել է, որ ոլորտում օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների կարիք կա, ուստի այսօր մեր երկրում, հրատապ անհրաժեշտություն է սեյսմիկ անվտանգության հայեցակարգի մշակումը: Նիստում որոշվել է սեպտեմբերին հայեցակարգը ներկայացնել ԱԱԽ հաստատմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4