«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2010-03-19 | #49, 2010-03-20 | #50, 2010-03-23


ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆԸ ՄՈՏԵՑՆԵԼ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ

Ոչ թե քննադատել կամ փնովել, այլ երիտասարդությանն աջակցել, պատմամշակութային եւ հոգեւոր արժեքներին հաղորդակից դարձնել: Սա Արմենական-ՌԱԿ կուսակցության գաղափարախոսություններից է: Այդ կապակցությամբ կուսակցությունը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ: Երիտասարդության դաստիարակությանն ուղղված ծրագրում մեծ տեղ պետք է ունենան հատկապես ճանաչողական այցերը, որպեսզի վաղվա բժիշկը, քաղաքական գործիչն ու ուսուցիչը նախ ճանաչեն իրենց պետությունը, գնահատեն արժեքներն ու դրանց վրա հենվելով շարունակեն գործունեությունը: Հանրապետության պատմամշակութային արժեքները ճանաչելու համար օրերս կուսակցության երիտասարդական թեւը նախաձեռնել էր ուխտագնացություն դեպի Արագածոտնի մարզ: «Ուխտագնացության նպատակն է երիտասարդների համար բացահայտել Հայաստանի ամենահետաքրքրական ու պատմամշակութային առումով ամենահարուստ վայրերից մեկը: Այստեղ կան 13-14-րդ դարի եկեղեցիներ, շինություններ: Երիտասարդներն այդ արժեքները պետք է հասկանան ու գնահատեն:

Հոգեւոր զգացողությունը, որ կա այստեղ, քաղաքում չենք զգում, որովհետեւ նյութական արժեքների հետեւից ենք ընկնում ու ժամանակ տրամադրում նրանց պահպանման համար: Բայց այստեղ կա գանձերի պահոց, որից շատ հեռու ենք: Մեր երիտասարդներն այս կոթողների մեջ պետք է գտնեն իրենց ու դրանք գնահատելով շարունակեն իրենց գործունեությունը», ասում է կուսակցության վարչության անդամ Գայանե Մուրադյանը :

Ուխտագնացության առաջին կանգառը Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցին էր: Մեր այցելության ժամանակ եկեղեցում պատարագ էր: Եկեղեցին լիքն էր, ու հոտը քահանայի հետ երգում էր շարականներ. փաստ, որ հաճախ չես հանդիպի Երեւանում:

Կարբիի Աստվածածին եկեղեցու սպասավոր Սամվել սարկավարգն էլ կարեւորեց նման ուխտագնացությունների նշանակությունն ու երիտասարդների ներգրավվածությունը: Երիտասարդությանը հոգեւոր արժեքներին ավելի մոտեցնելու ցանկությամբ նա օրհնեց ու իր բարեմաղթությունը հաղորդեց նրանց:

Քանի որ ուխտագնացության նպատակը ճանաչողական էր, յուրաքանչյուր եկեղեցում երիտասարդներին ներկայացնում էին ուշագրավ ու շատ կարեւոր տեղեկություններ տվյալ կոթողի, նրա ճարտարապետական առանձնահատկությունների ու պատմական արժեքի մասին:

Կարբի գյուղի բնակիչների համար առանձնահատուկ նշանակություն ունեցող Վահան Թեքեյանի անվան դպրոցն էլ հյուրընկալեց երիտասարդներին: Գեղեցիկ կահավորված դահլիճում, տեխնիկապես հագեցած դասարաններում այսօր սովորում է շուրջ 1000 աշակերտ: Դպրոցի քառաձայն երգչախումբը դասվում է լավագույնների շարքում ու հաճախ ներկայանում արտասահմանում: Դպրոցի տնօրեն Արսեն Օհանյանը գիտե մեկ պարզ ճշմարտություն ու արդեն երկար տարիներ հետեւում է դրան. դպրոցը պետք է երիտասարդներին դաստիարակի, օգնի: Նա նկատում է, որ հայրենասիրություն չեն դաստիարակում, այլ օրինակով ցույց են տալիս: Դպրոցում ավանդույթ կա, յուրաքանչյուր տարի դպրոցի մանկավարժական կազմը մի քանի օրով մեկնում է Ղարաբաղ, այցելում զորամասեր, շփվում զինվորների հետ: Օհանյանը նկատում է, որ այս կերպ աշակերտների հոգեբանությունն ու մտածելակերպն էլ են փոխվում:

Ուխտագնացության ընթացքում երիտասարդներն այցելեցին նաեւ Սաղմոսավանք, Օհանավանք, Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր եկեղեցիները:

Վերջին երկու եկեղեցիները, որ կառուցվել են 5-րդ դարում, կանգնած էին կործանման շեմին: Տանիք չկար, պատերը փլվում էին: Մինչդեռ դրանք մեր պատմության խոսուն ու շատ գեղեցիկ վկայություններն են: Երեւանի կենտրոնում մեկ այլ շինություն քանդելու եւ տեղում եկեղեցի կառուցելու փոխարեն լավ կլիներ վերանորոգել պատմական արժեք ներկայացնող այս եկեղեցիները:

«Հպարտություն եմ զգում միջնադարյան այս կառույցները տեսնելով, բայց ցավալի է որ դրանց կողքին կան մատուռներ, փոքրիկ եկեղեցիներ, որոնք ավերված են, զգում են ուշադրության կարիք: Իրենց մեջ հոգի կա, բայց խեղճացած են: Դա ինձ տխրեցնում է: Այս այցերի նպատակը պետք է լինի նաեւ վեր հանել խնդիրները: Մենք երիտասարդ ենք ու տեսնելով լքված, ավերված եկեղեցիները պետք է խնդիրները բարձրաձայնենք, շեշտենք ու հիշեցնենք մարդկանց, կազմակերպություններին, որ ունենք հրաշք բնություն, հրաշալի եկեղեցիներ, ճարտարապետություն, բայց դրանք չպետք է անուշադրության մատնել», նկատում է Անի Մաթեւոսյանը :

Բազմաթիվ վառ տպավորություններից զատ Լիլիթ Սիմոնյանը Երեւան է տանում լուսանկարների հսկայական հավաքածու: «Շատ եմ լուսանկարել: Երեւի եղանակը նպաստեց, կամ էլ մթնոլորտն էր շատ լավը, որ կադրերն այսքան հաջող ստացվեցին», ասում է նա:

Փարիզի Չոբանյան ինստիստուտի տնօրեն, Europe et Orient հանդեսի խմբագիր Վարուժան Սիրապյանն էլ հեռանում է լավ տպավորություններով: Սիրապյանը նկատում է, որ Ֆրանսիայում մեծ ու անվանի կուսակցություններն ունեն իրեն երիտասարդական թեւերը, բայց այնտեղ հնարավորությունները քիչ են երիտասարդների հետ շփվելու, նրանց մտահորիզոնին ու գաղափարներին ծանոթանալու համար: «Այդ կապակցությամբ արժեւորում եմ նման հանդիպումները: Կուսակցությունը կարեւոր տեղ է տալիս երիտասարդության ներգրավվածությանը, նրանք մեր երկրի ապագան են, ու պետք է նրանց համար ճանապարհ հարթել, սովորեցնել, դաստիարակել: Երիտասարդությունը յուրաքանչյուր կուսակցության, յուրաքանչյուր հասարակության եւ պետության հպարտությունն է», ասում է նա:

Կուսակցության փոխատենապետ Արմեն Մանվելյանը հավելեց, որ հաջորդ ուխտագնացությունները կկազմակերպվեն Գյումրիում եւ Եղեգնաձորում:

2010 հոբելյանական է. լրանում է Արմենական կուսակցության 125-ամյակը: Կկազմակերպվեն մեծ թվով միջոցառումներ` այցելություններ պատմամշակութային վայրեր, կհրատարակվեն գիտական հոդվածներ: Լույս կտեսնեն նաեւ կուսակցության պատմությանը նվիրված գրքեր: Կուսակցության 125-ամյակը երիտասարդները կտոնեն յուրովի. Երեւանում կկազմակերպվի ռոք համեգ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Արագածոտնի մարզ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4