«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2010-03-19 | #49, 2010-03-20 | #50, 2010-03-23


«ՄԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԽՈՍԵԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԱՅՆՈՎ»

Հայտարարել են եկեղեցականները Իրաքում

Լրագրող Միշել Վյուն Բաղդադից «Քրիսչըն փոստ» թերթում գրում է, որ փետրվարի 9-ին Իրաքում գործող քրիստոնյա եկեղեցիների առաջնորդները հավաքվել են հայկական Սբ Կարապետ վանքումՙ սկզբնավորելու մի նոր խորհրդի գործունեությունը: «Իրաքի քրիստոնեական եկեղեցիների առաջնորդների խորհուրդը» (ԻՔԵԱԽ) ներառում է 1982-ից երկրում գրանցված 14 քրիստոնյա համայնքների (ուղղափառ, կաթոլիկական, առաքելական եւ բողոքական) պատրիարքներին, արքեպիսկոպոսներին եւ եկեղեցու առաջնորդներին: Նպատակն է «միավորել գաղափարները, դիրքորոշումները եւ որոշումները, որոնք միտված են պահպանելու եւ հզորացնելու քրիստոնեական ներկայությունը երկրում եւ խթանելու համագործակցոությունը միմյանց հետ առանց միջամտելու անձնական գործերին»: Առաջնորդներն ընդգծել են, որ իրենք նաեւ ցանկանում են երկխոսություն ծավալալել իրենց մահմեդական քույրերի եւ եղբայրների հետ եւ հանդուրժողական մթնոլորտ ստեղծել միմյանց միջեւ:

Խորհուրդը մտադիր է նաեւ քննարկել քրիստոնեական դաստիարակության խնդիրները երկրում, եւ դպրոցներում ընդգրկել նորացված ուսումնական ծրագրեր:

«Իրաքի քրիստոնյաները երբեք իրենց սոսկ փոքրամասնական համայնք չեն համարել: Նրան խոր արմատներ են ունեցել Իրաքի պատմության եւ քաղաքակրթության մեջ», նշել է այս առթիվ եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընդհանուր քարտուղար դոկտ. Օլաֆ Ֆիքսե Թվեյտը:

Քաղկեդոնացի ասորիները, որոնք քրիստոնյա ազգաբնակչության մեծամասնությունն են կազմում, հաճախ են նշում, որ իրենց պատմությունը հետ է գնում դեպի բաբելոնյան ժամանակները: Վերջին շրջանում, սակայն, քրիստոնյաները բռնությունների թիրախ են դարձել: Սպանություններն անպակաս են եւ քրիստոնյաները ստիպված հեռանում են երկրից: Ներկայումս քրիստոնյաների ընդհանուր թիվը 600 հազար էՙ համեմատած 2003-ի 1,2 միլիոնի հետ:

«Դժվար է նման իրավիճակում ապրելը: Ամենուրեք խուճապ է, տանը, դպրոցում, աշխատավայրում: Մարդիկ հանգիստ չունեն, չգիտեն ինչ կպատահի իրենց հետ հաջորդ րոպեին», ասել է քաղդեացիների արքեպիսկոպոս Էմիլ Շիմուն Նոնան:

Նորաստեղծ խորհրդի անդամները հույս են հայտնել, որ այս նոր զարգացումը կարեւոր փուլ կլինի ինչպես եկեղեցիների, այնպես էլ Իրաքիՙ որպես ինքնավար պետության ապագայի համար:

Հաղորդագրությունը արտատպել է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը, որտեղից թարգմանաբար քաղել ենք տեղեկությունը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4