«Եկեղեցու կառուցումը սուրբ եւ նվիրական գործ է, իսկ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու վերականգնումըՙ սրբազան տուրք է նախնյաց հանդեպ եւ արժեքավոր ավանդՙ եկող սերունդներին»:
Երբ խորհրդային տարիներին պետական մակարդակով կազմակերպված քաղաքականությամբ հատուկ հետապնդում էր իրականացվում եկեղեցու նկատմամբ, քանդվում ու ոչնչացվում էին քրիստոնեական կոթողները, թերեւս դժվար էր պատկերացնել, որ երբեւէ, գեղեցիկ մի օր, փլուզվելու է խորհրդային իշխանությունը եւ իր զսպաշապիկն այլեւս չի պարտադրելու հասարակությանըՙ հեռացնելով ժողովրդին հոգեւոր իր արժեքներից:
Այսօր, սակայն, կացությունը բոլորովին այլ է, խորհրդային բռնապետությունը ոչ միայն անհետ կորել է անցյալի մշուշում, այլեւ հետզհետե վերանում են նաեւ դրա պատճառած դառը հետեւանքները. վերականգնվում են Աստծո տաճարները, աշխուժանում է հասարակության հոգեւոր կյանքը:
Հոգեւոր այդ վերածնության ճանապարհին վերականգնվում է նաեւ խորհրդային շրջանում քանդված 5-7-րդ դարերում կառուցված եւ 17-րդ դարում վերակառուցված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին: Թվում է, թե սա միայն ուրախության եւ հոգեւոր մխիթարության առիթ պիտի տա յուրաքանչյուր հայորդու, սակայն քանի որ մեր հասարակությունում ավանդույթ է ձեւավորվելՙ ընդվզելու նոր իրողության դեմ, հետեւաբար պատահական չէ, որ հասարակության որոշ անդամներ նախաձեռնեցին «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման պաշտպանությունըՙ պահանջելով մշակութային արժեքների հանդեպ հարգանք:
Կարծում ենքՙ ճիշտ կլիներ մշակութային արժեքների հարգանք պահանջելուց առաջ անդրադառնալ, որ մեր բազմադարյա մշակույթը, հոգեւոր արժեքները եւ հուշարձանները պահպանվել են եկեղեցու ծոցում, եւ այսօր էլ այդ նպատակով նախատեսվում է Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու վերականգնումը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ պահպանություն եւ հարգանքՙ մշակութային արժեքի նկատմամբ:
Եկեղեցու կառուցման դեմ առաջ եկած ընդվզումը, թերեւս, կարելի լիներ օբյեկտիվ համարել, եթե նկատի չունենայինք երկու կարեւոր հանգամանք:
Առաջինըՙ կառուցվում է ոչ թե հասարակական մի օբյեկտ կամ զվարճանքի վայր, ինչին մենք հաճախ ենք ականատես լինում, վերականգնվում է Աստծո տունըՙ մեր ժողովրդի համար սուրբ եւ նվիրական հաստատություն: Այս իմաստով անհասկանալի է, որ աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետական կրոն ընդունած երկրի ժողովուրդի մի հատված մերժում է աղոթավայրի վերականգնումըՙ նախընտրելով չգործող կինոթատրոնը:
Եթե խորհրդային տարիներին ժողովրդին որեւէ մեկը չէր պարտադրում քանդել եկեղեցիները, այլ դա իրականացվում էր պետության անմիջական նախաձեռնությամբ, ապա այսօր որեւէ մեկը չի արգելում վերականգնել այդ եկեղեցիները: Ստացվում է, որ պարտադրանքի ու հալածանքի պարագային մենք հեշտությամբ հրաժարվում ենք մեր հոգեւոր արժեքներից, իսկ ազատորեն ընտրելու հնարավորության դեպքումՙ եկեղեցու փոխարեն ընտրում ենք կինոթատրոնը:
Երկրորդՙ հասարակությունը հաճախ է սիրում ընդվզել յուրաքանչյուր նորարարության դեմ եւ կրկնել, որ անհրաժեշտ է պահպանել մեր հնամենի հուշարձանները եւ հայկական ճարտարապետության արմատները: Պահպանել նշանակում է նաեւ հնարավորության պարագային կորցրածը վերականգնել: Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու կառուցումով վերականգնվում է այն, ինչը նախկինում ստիպված ենք եղել կորցնել: Եվ եթե ամառային կինոթատրոնն ընդամենը 60-ականների կառույց է, ապա Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու հիմքերը գալիս են 7-րդ դարից:
Կարծում ենքՙ ժամանակային այս տարբերությունը միանգամայն ակնառու է, եւ եթե մենք նախանձախնդիր ենք մեր նախնյաց արժեքներին եւ ավանդույթներին, մեր հայրերի կերտած մշակութային հուշարձաններին, ապա աներկբա պետք է նախապատվությունը տանք ոչ թե կինոթատրոնին, այլ եկեղեցուն:
Երբ եկեղեցին քանդվում էր, որեւէ մեկը ուշադրություն չդարձրեց հասարակական կարծիքին, այսօր, սակայն, խոսվում է կինոթատրոնի քանդման եւ եկեղեցու կառուցման հարցը հանրային քննարկման դնելու անհրաժեշտության մասին: Ի՞նչ կասեն օտարները, երբ տեսնեն, որ եկեղեցու կառուցման համար առաջին քրիստոնյա ժողովուրդը հանրաքվե է անցկացնում:
Միջազգային հանրության առջեւ հաճախ ենք բարձրաձայնում մեր ոտնահարված իրավունքների, մեր փլուզված եկեղեցիների եւ ոչնչացված խաչքարերի մասինՙ պահանջելով խաչ կանգնեցնել հայկական եկեղեցու գմբեթին: Իսկ ինչ ենք անում մենքՙ մեր իսկ սեփական հողում: Չգործող կինոթատրոնը գերադասում ենք եկեղեցուց եւ, մերժելով եկեղեցու կառուցումը, եւս մեկ անգամ հաստատում ենք խորհրդային շրջանի եկեղեցահալած քաղաքականությունը: Եթե մենք ինքներս չենք հետապնդում մեր հոգեւոր արժեքների եւ ճարտարապետական կոթողների վերականգնումը, ապա ինչ իրավունքով ենք դա պահանջում օտարներից:
Եթե մարդը կինոթատրոն չգնա, ապա մեծ կորուստ չի ունենա, առավել եւս, երբ այդ կինոթատրոնը չի գործում, սակայն եթե եկեղեցի չգնա, ապա հոգին կկորցնի: Անկախ ամեն ինչից, նախկինում այդ վայրում եղե՞լ է եկեղեցի թե ոչ, անընդունելի է մերժել աղոթավայրի կառուցումը: Անկարելի է եւ ոչ քրիստոնեավայելՙ որեւէ կառույց համեմատել եկեղեցու հետ, մի հաստատություն, որտեղ Աստված է բնակվում: Անկախ նրանիցՙ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին ժամանակին ճարտարապետական արժեք ներկայացրել է, թե ոչ, առաջին հերթին Աստծո տունն է եղել, որը սուրբ է եւ նվիրական յուրաքանչյուր քրիստոնյայի համար: Քրիստոնեական հուշարձանը նախ եւ առաջ հոգեւոր արժեք է եւ հետո նաեւՙ մշակութային:
Եկեղեցու կառուցումը սուրբ եւ նվիրական գործ է, իսկ անցյալում ոչնչացված եկեղեցու վերականգնումըՙ սրբազան տուրք է նախնյաց հանդեպ եւ արժեքավոր ավանդՙ եկող սերունդներին:
Եվ վերջապես, չգործող ամառային կինոթատրոնի քանդումով ոչինչ չի կորի, իսկ եկեղեցու կառուցումով կվերականգնվեն անցյալի ոտնահարված ճշմարտությունը եւ Աստծո տունը:
Տ. ՊԱՐԳԵՎ ԱԲԵՂԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, միաբան