«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2010-03-19 | #49, 2010-03-20 | #50, 2010-03-23


Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ԲԱՑՕԹՅԱ ՍՐԱՀԻ

Սփյուռքում ձեւավորված մտավորականների ու արվեստագետների «Տեսնել» համախումբը, որի մասին տեղեկացանք «Ազգին» ուղղված գրությունից, 24 անդամների ստորագրությամբ դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ Գարեգին Բ կաթողիկոսինՙ կասեցնելու «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա սրահի քանդման եւ Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու վերաբացման ծրագիրը:

Դրվատանքով հանդերձ հետանկախության շրջանում մեր երկրի հոգեւոր կյանքի աշխուժացումը, ի մասնավորի եկեղեցաշինության գործունեությունը, նրանք նկատում են, որ փոխարենը արվեստն ու մշակութային հաստատությունները` թանգարաններից մինչեւ «երբեմնի յարգուած պալէ» (նկատի է առնվում օպերային թատրոնը) մատնված են անկումի: Եվ հարց են բարձրացնում, թե արդյոք գումարների չափազանցված հատկացում չի՞ արվում եկեղեցաշինության, «փոխանակ զարկ տալու մշակութային աշխարհի հաստատութիւններու շինութեան եւ գեղարուեստական կեանքին»:

Համամիտ այն կարծիքին, որ եկեղեցաշինությունն ու եկեղեցու վերանորոգությունը Հայաստանի հանդեպ զբոսաշրջության հետաքրքրություն կարող են առաջացնել, սատարելով Հայաստանում կրոնական ինքնության վերականգնման գործընթացները, նրանք նշում են, որ հայ ինքնության եւ ժառանգության խճանկարի մեջ կարեւոր մշակութային հաստատությունները ստվերում են մնացել, ուստի իրենք խրախուսում են մշակույթի այդպիսի հաստատությունների պահպանումն ու զարգացումը, որով «Հայաստանը կդառնայ գործօն մասնակից աշխարհի մշակութային բեմին:

Մայր Աթոռին կոչ կընենք անփոփոխ ձգելու կինօ «Մոսկվայի» բացօթեայ թատերասրահը: Վստահ ենք, որ եկեղեցիներու վերականգնումը ցարդ հովանաւորող անդրազգային մշակութային ընտրանին կրնայ առաջարկել աւելի յարմար լուծում մը, քան ներկայ աշխարհիկ (գեղարուեստական ու կրօնական) զբօսաշրջայինի միջեւ կտրուկ հակադրութjւնը: Պատմութիւնը յիշելու անհրաժեշտութիւնը եւ ապագան կերտող հաստատութիւնները խթանելու անհրաժեշտութիւնը պէտք չէ, որ զիրար բացառող ըլլան»:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4