«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2010-03-19 | #49, 2010-03-20 | #50, 2010-03-23


«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ ԿԱՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ»

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի մեխը հանդիսացավ անվանի ու հանրաճանաչ դերասան, բեմադրիչ Սերժ Ավետիքյանի «Էտոնե» թատրոնի (Ֆրանսիա) «Հայկական համերգը կամ թուրքական ասացվածքը» մոնոներկայացումը: Այս տարի, երբ նշվում է Հայոց մեծ եղեռնի 95-ամյա տարելիցը, երկու ֆրանսահայ արվեստագետներ ազգասերներ Սերժ Ավետիքյանը եւ կոմպոզիտոր Ժիրայր Թորիկյանը ստեղծել են ուշագրավ մի գործՙ Ժիրայր Թորիկյանի պիեսի հիման վրաՙ «Հայկական համերգ կամ թուրքական ասացվածք» մոնոներկայացումը, որի միակ դերակատարը հենց Ժ. Թորիկյանն է: Պիեսի հիմքում թուրքական ասացվածքն է. «Հային մի խոսեցրու, բառերը հերիք չեն անի...»: Պիեսը հայազգի մի կոմպոզիտորի մասին է, ով պատրաստվում է առաջիկա համերգին ներկայացնել «Ոդիսականից» ներշնչված իր նոր ստեղծագործությունը: «Անցյալի հետ խաղաղ ապրելու համար պետք է ծիծաղես նրա վրա», ահա այս կարգախոսով Ժիրայր Թորիկյանն այս ներկայացման մեջ փորձել է պատասխանել իրեն հուզող հարցերին, որոնց թվում ենՙ ինչպե՞ս է անցյալի ողբերգությունն ազդում մեզ վրա, ինչպիսի՞ն կլինեի եսՙ եթե պատմությունն այլ կերպ դասավորվեր, ի՞նչ կարծիքի եք մոռանալու, ուղղվելու եւ ներվելու մասին... Եվ ահա ֆրանսահայ երկու հայտնի արվեստագետների համատեղ այս ներկայացումը հայ-թուրքական խաղաղ հաշտեցման յուրահատուկ կոչ է: Ե՛վ բեմադրիչը, ե՛ւ կոմպոզիտոր-դերասանը փաստերն այնպես են ներկայացրել, որ հանդիսատեսը ակամայից վերապրում է պիեսի հերոսի տատի ու պապի գաղթի տառապանքները, կիսում նրանց դաժան ճակատագիրըՙ մինչեւ Ֆրանսիա:

Ժամանակները փոխվում են, քաղաքականությունըՙ նույնպես, եւ հարկ է, որ մշակութային քաղաքականությամբ նաեւ անդրադարձ արվի մի անմեղ ժողովրդի դեմ կատարված ոճրագործությանը: Ահա հենց դա էր պիեսի հիմքում: Ժիրայր Թորիկյանն իր հրաշալի ու վարակիչ խաղով հմայեց հանդիսատեսին: Հետաքրքրական ռեժիսորական լուծումներով, նորամուծությամբ էկրանին պատկերվող դրվագներով բեմադրիչ Սերժ Ավետիքյանը կարողացել էր մի քանի դետալներով ու դեկորներով ամբողջական պատկերացում տալ պիեսի հիմքում եղած նյութին, դրան գումարելով երաժշտությունը, գույնը եւ լույսը:

Հրաշալի մի գործ, որը շատ ավելին կարող է ասել, քան հազարավոր գրքերն ու հոդվածները: Ի դեպ, այս մոնոներկայացումն արդեն փայլուն հաջողություն է ունեցել Թուրքիայում, տեղեկացրեց Սերժ Ավետիքյանը, որի հետ հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում:

Հարցրեցի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետ. ինստիտուտի պրոֆեսոր Ռաֆայել Ջրբաշյանի կարծիքը, թե ինչպիսի՞ տպավորություն է ստացել ներկայացումից: «Ինձ ամենաշատը հետաքրքրել էր, թե ինչպիսի վերաբերմունք ունեն ֆրանսացիները Եղեռնի նկատմամբ: Չնայած ես ապրել եմ Ֆրանսիայում, ծանոթ եմ նրանց դիրքորոշմանը, միեւնույն է, ինձ շատ հետաքրքրել է, թե բեմում ինչպես են ներկայացնելու: Եկա, տեսա ու հասկացա, որ այս գործը շատ մեծ ազդեցություն կունենա: Եվ եթե նման գործերը շատ լինեն, ավելի նպաստավոր կլինի, ավելի մեծ տպավորություն կթողնի իրական փաստերի շուրջը: Կարծում եմ, որ հայկական գաղթօջախներին պետք է ուղղություն տանք նման գործեր ստեղծելու, մասնագետներ ուղարկենք նրանց օգնելու համար: Հետաքրքրական էր, որ արմատներով հայ, բայց Ֆրանսիայում ծնված կոմպոզիտորի հոգում հայ ոգին էր ու բողոքը: Իսկ ռեժիսորական հնարքները, որ ոչ թե դաշնամուր են հետները «քաշ տալիս», այլ միայն ստեղնաշար, որի վրա հրաշալի «նվագում» էր Թորիկյան կոմպոզիտոր-դերասանը, շատ տպավորիչ է»: Ի դեպ, մոնոներկայացումը հաջորդ օրը ցուցադրվեց, այս անգամ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում, որին ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված շատ դեսպաններ ու հյուրեր:

Երեկ, «Արմմոնոյի» հյուրերը այցելեցին Ցեղասպանության թանգարան, հուշահամալիր եւ լռությամբ հարգեցին 1915-ի զոհերի հիշատակը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4