Անցած տարի Երեւանում անցկացված «Արեւորդի» բնապահպանական փառատոնի ծրագրի մի մեծ մաս կազմում էին այս թեմաներով տեղական եւ արտերկրյա ֆիլմերի ցուցադրություններ մայրաքաղաքի տարբեր կինոթատրոններում եւ մշակութային օջախներում: Այս ֆիլմերը բնապահպանական ամենաակտուալ խնդիրներ էին շոշափում (ջրային, հանքային ռեսուրսներ, կլիմայի փոփոխություն, մթնոլորտային ապականում, ֆլորայի եւ ֆաունայի պահպանում եւ այլն):
Յան Բերտրանի «Տունը» ֆիլմը, որով բացվեց փառատոնը, շքեղ կինոպատում էր մարդկության բնօրրանի` մոլորակի մասին, ձոն բնության գեղեցկություններին եւ մոլորակին սպառնացող վերահաս վտանգի ճիչ, ահազանգ:
Փառատոնի մթնոլորտը շուրջ մեկ շաբաթ վարակել էր քաղաքային կյանքը: Բայց բնապահպանությունը ամենօրյա խնդիր ու մտահոգություն է, եւ ուրախալի է Երեւանում բնապահպանական կինոդիտումների «Կանաչ ակումբի» բացման լուրը, որը համաշխարհային կանաչ շարժման շարունակությունն է, եւ որի նախաձեռնությունը «Արեւորդի» միջազգային փառատոնին է պատկանում:
«Կանաչ ակումբը» գործելու է Թումանյան 40 հասցեում, ամեն շաբաթ ժամը 16.30-ին կազմակերպելու է հայ եւ օտարազգի հանրահայտ ռեժիսորների բնապահպանական ֆիլմերի դիտումներ, որին հետեւելու են թեմատիկ քննարկումներ, հայկական ֆիլմերի ցուցադրություններին ներկա կլինեն նաեւ ֆիլմի հեղինակներ:
«Արեւորդի» փառատոնը, ինչպես տեղեկացնում է մեզ ուղղված գրությունը, ստեղծել է բնապահպանական ֆիլմերի հարուստ տեսադարան, թե՛ հիմնադրամի թողարկած, թե՛ փառատոնին ներկայացված ֆիլմերով: Դրանց հանրային ցուցադրությունների նպատակը բնապահպանական համախոհների ակումբ ձեւավորելն է, այսօրվա ակտուալ բնապահպանական խնդիրների մտահոգություններով, սպասվելիք համապատասխան առաջարկներով:
Մ. Բ.