Վերնագիրը Եղիշե Չարենցի ձեւակերպումն է` «...Հիշատակը ձեր անցած օրերի արձագանքն է ու ցոլքը, ո՜վ հեռացողներ»:
Ինչպե՞ս ենք քայլում մեր մեծամեծների անցած ոտնահետքերով` դրանք տրորո՞ւմ ենք, թե՞ մեր համաչափ քայլերով ավելի հաստատուն ու անցանելի դարձնում: Այս մտածումը ածանցյալ բազում այլ հարցեր է առաջադրում, որոնց պատասխաններն, ավաղ, միշտ չէ, որ հստակորեն ստացվում են: Այդ բացը լրացնելու քայլեր է անում նորերս ստեղծված «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» հասարակական կազմակերպությունը: Սա ինչ-որ յուրատեսակ մասնակի աջակցությո՞ւն է կառավարությանը, որը ազգային արժեքների պահպանության գործում դժվարությունների առջեւ է կանգնած, գուցե նաեւ այն արդարացի մտայնությո՞ւնն է, թե` յուրաքանչյուրս մեր հնարավորությունների սահմաններում աջակից լինենք այդ խնդիրների լուծմանը: Երկու դեպքում էլ ազնիվ մտայնություն է: Հիշյալ խորհրդաժողով ստեղծելու գաղափարը ձեւավորվեց «Հայ իրավական միտքը եւ 21-րդ դարի մարտահրավերները» խորագրով անցյալ տարվա սեպտեմբերի 19-20-ը Երեւանում անցկացված Իրավաբանների համահայկական առաջին համաժողովում, որը ձեւավորեց Իրավաբանական համահայկական ընկերակցության խորհուրդ, որի անդամներից 13-ը ընտրվեց Հայաստանից, 3-ը` Լեռնային Ղարաբաղից, 27-ը` սփյուռքից: Խորհրդի աշխատանքների համակարգող ընտրվեց համաժողով գումարելու մտահղացման հեղինակ ու կազմակերպիչներից մեկը` ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը: Անշուշտ, խորհրդի առաջին քայը պիտի լիներ նոր ծրագրերի մշակումն ու դրանց հետեւողական իրականացումը` նախ աշխատանքները համակարգող մի մարմին ձեւավորելով: Ստեղծվեց «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» հասարակական կազմակերպությունը (խորհրդի աշխատանքները համակարգող նախագահ` Գ. Հարությունյան), որն այս տարվա ընթացքում իրականացվելիք կոնկրետ ծրագրեր մշակեց` Հայաստանից խորհրդաժողովի անդամների պարբերական հավաքներով եւ սփյուռքի անդամների հետ էլեկտրոնային փոստով հաղորդվելով ու ընդհանուր համաձայնության գալով:
Նորաստեղծ խորհրդաժողովի աշխատանքների մասին գրելու առիթներ դեռ շատ կլինեն, այսօր անդրադառնում ենք բազում ծրագրերից միայն մեկին. այն առնչվում է հայ գիտնական, օրենսգիր, առակագիր, մանկավարժ, հասարակական գործիչ Մխիթար Գոշին, ում ծննդյան 890-ամյակն է լրանում այս տարի:
Մեր անցյալի օրենսգիրների հիշատակը խնկարկումի կարոտ
Անցյալի օենսգիրներ ասելով, հիմնականում նկատի ունենք հայր եւ որդի Շահամիր եւ Հակոբ Շահամիրյաններին եւ Մխիթար Գոշին: Առաջինները մոտ երեք հարյուր տարի առաջ հեռավոր Կալկաթայում գրեցին «Որոգայթ փառաց»-ը` ապագա անկախ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը:
Շահամիրյանների աճյունը հեռավոր Կալկաթայում է` մեր հաճախակի այցելություններին ոչ այնքան հասու: Մխիթար Գոշի պարագայում այլ է վիճակը` մեծ օրենսգիրը («Դատաստանագիրք») եւ առակագիրը թաղված է Գոշավանքում: Թվում է, թե մեծերի պանթեոնում լինելու արժան այդ անհատի ժառանգությանը համակ ուշադրություն պիտի դարձնի հայրենի կառավարությունը, սակայն Մխիթար Գոշի դամբարանի ներկա անմխիթար վիճակն այսօր խոր մտահոգության տեղիք է տալիս:
«Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» ՀԿ-ն այս տարվա իր առաջին նիստում խնդիր դրեց հիմնովին զբաղվել Մխիթար Գոշի դամբարանի նորոգչական աշխատանքներով: Բացված է հաշվեհամար, որին Սահմանադրական իրավունքի կենտրոնն է արդեն փոխանցել մեկ միլիոն դրամ, նույնքան` Հայաստանի իրավաբանների միությունը: Այդ գործին օգտակար լինելու ցանկություն են հայտնել մի քանի բարերարներ: Խորհրդաժողովի աշխատանքները համակարգող նախագահն արդեն այդ հարցը քննարկել է Մայր աթոռի ճարտարապետական ծառայության ներկայացուցիչների, ՀՀ մշակույթի նախարարի հետ:
Այս խնդիրը Գագիկ Հարությունյանին շատ ավելի վաղ էր անհանգստացնում: Երբ Իրավաբանների համահայկական առաջին համաժողովի պատվիրակների մեջ ես տեսա Հարությունյանի անհատական հրավերով համաժողովին մասնակցող, Չեխիայի սահմանադրական դատարանի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ստանիսլավ Բալիկին, ում արտահերթ զեկուցումն էր նախատեսված «Միջնադարյան հայ իրավունքը եւ դրա ուսուցանումը Չեխիայում» թեմայով, ինձ համար պարզ էր, որ Մխիթար Գոշի անձի հանդեպ վերջինիս ուշադրությունն արդեն ձեւավորվել եւ ծրագիր է դառնում: Չեխիայի համալսարանի պրոֆեսոր Ստանիսլավ Բալիկը սահմանադրական իրավունքի պատմության դասագրքի հեղինակն է, եւ նրա այդ գրքի, որը դասավանդման ձեռնարկ է Չեխիայի բուհերում, մի ամբողջ գլուխ նվիրված է Մխիթար Գոշին: Մտահղացումը ծրագիր դառնալու ճանապարհի մի հատվածն էլ Համաժողովի հարյուրից ավելի պատվիրակների առաջնորդելն էր Գոշավանք, ուր Մխիթար Գոշի դամբարանն է` կիսափուլ եւ անմխիթար վիճակում:
Զուգահեռենք այս փաստը հեռավոր տարիների մի իրադարձության հետ: Զաքարե եւ Իվանե Զաքարյանների հովանավորությամբ ու օգնությամբ Տանձուտա ձորում Կիլիկիայից վերադարձած Մխիթար Գոշը կառուցում է Նոր Գետիկ վանքը եւ հանգրվանում այնտեղ: Այդտեղ էլ խոր ծերության հասակում, 1213 թվականին (ծնվել է 1120-ին) ավարտվում է միջնադարի հայ մեծ մտածողի երկրային կյանքը: Նրա աճյունն ամփոփվում է Գետիկում, որն իր անունով կոչվում է Գոշավանք:
Զուգահեռենք ու վերադառնանք մեր օրերը: Երբ Իրավաբանների համահայկական առաջին համաժողովի պատվիրակները վերադարձան Գոշավանք կատարած այցելությունից, մի տարտամ տրամադրություն էր պատել նրանց: Մխիթար Գոշի դամբարանի այդ անմխիթար վիճակը ներկայացնելու արդարացի որեւէ բացատրություն չկա, եւ այցելուների, մասնավորապես Ստանիսլավ Բալիկի ներկայությունն ու վերջինիս զարմանքը մտահոգիչ էին: Այն, ինչ նա ներկայացնում է իր հայրենի Չեխիայում` կապված Մխիթար Գոշի հետ, հարգանք ու խոնարհում է առաջացնում հայ մեծ օրենսգրի կյանքն ու թողած ժառանգությունը Չեխիայում իրենց մայրենի լեզվով ուսումնասիրողների մեջ, եւ աներեւակայելի է նրանց համար, որ դեռ միջնադարում այդչափ վաստակ ու հեղինակություն ունեցող անհատն այսօր մի տեսակ օտարված է իր հայրենակիցներից: Վկան` ահա այս անուշադրությունը: Ստանիսլավ Բալիկի այս անխոս մտորումը մասնակիցներից ով ինչպես ընկալեց, չգիտեմ, բայց որ Գագիկ Հարությունյանի համար այդ պահից շատ որոշակի ձեւավորվեցին առաջիկա կոնկրետ, շոշափելի անելիքները, դա հստակ է: Ահա եւ արդյունքը` նախաձեռնությունը մարմին է առնում: Եվ մեր հայրենի կառավարությունը, որ զբոսաշրջության զարգացման հայեցակետ է մշակել, պիտի շատ ուրախ լինի, որ հասարակական մի կազմակերպություն ահա այս կարգի աջակցությամբ է հանդես գալիս:
Հ.Գ. Լրագրողի միամիտ պատկերացմամբ, տեսնում եմ նորոգված դամբարանը, ուզում եմ տեսնել նաեւ դամբարան այցելող մեր օրերի բազում դատավորների, որոնք դամբարանի մուտքին թե հարակից պատին կկարդան Մխիթար Գոշի տողերը` մեծ տառերով փորագրված. «Դատավորը պետք է լինի` փորձառու, կրթված, իմաստուն, արդարամիտ, իմացող, բարի, համբերատար, անկիրք, բարեկամ, անկաշառ մարդ»: Տա Աստված, որ հարյուրամյակների հեռվից այս խոսքերը լսելի դառնան:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ