Նոր մրցաշրջանի շեմին երեկ «Միկա» ակումբում տեղի ունեցավ թիմի գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի հանդիպումը լրագրողների հետ, որի ընթացքում ներկայացվեցին թիմի նորեկները:
Արմեն Ադամյանը նշեց, որ «Միկան» բավական լրջորեն է նախապատրաստվել նոր մրցաշրջանինՙ անցկացնելով ուսումնամարզական հագեցած հավաքներ արտերկրում: Դրանք հնարավորություն տվեցին թիմի մարզիչներին կողմնորոշվելու ֆուտբոլիստների խաղային ունակությունների հարցում: Առաջին հավաքի ժամանակ անցկացրած ստուգողական հանդիպումները հնարավորություն ընձեռեցին փորձարկելու թիմի նորեկներին: Այդ հանդիպումներում մարզիչները հնարավորություն տվեցին բոլոր ֆուտբոլիստներին էլ խաղային պրակտիկա ձեռք բերել: Երկրորդ հավաքի ժամանակ արդեն ուրվագծվեց թիմի հիմնական կորիզը: «Միկան» ընդհանուր առմամբ ստուգողական 11 հանդիպում անցկացրեց: Մարզիչներն այնպես էին արել, որ ծանրաբեռնվածությունը ֆուտբոլիստների վրա հավասարաչափ բաշխվի: Այնպես որ մտավախություն չկա, որ ֆուտբոլիստները մրցաշրջանի շեմին հոգնած կլինեն:
Արմեն Ադամյանը նշեց, որ վերջին տարիներին «Միկան» առաջադիմել է ու հաջող մրցելույթներ է ունեցել, ուստի այս մրցաշրջանում էլ պայքարելու է բարձր տեղերի համար: Իսկ դրա համար յուրաքանչյուր խաղ դիտարկելու են որպես մրցաշրջանի գլխավոր հանդիպում եւ ամենայն լրջությամբ են մոտենալու դրան: «Կիլիկիայի» հետ գավաթի խաղարկության առաջին խաղում էլ Ադամյանը թիմերի հաղթելու հնարավորությունները հավասար է գնահատում: Ըստ նրա, հաջողության կհասնի այն թիմը, որը կկարողանա ավելի շատ թոթափել մեկնարկային հուզմունքը:
Գլխավոր մարզիչը նաեւ նշեց, որ թեեւ դժվար էր թիմի փորձառու մի քանի ֆուտբոլիստներից հրաժարվելը, սակայն հարկավոր է մտածել հերթափոխի մասին ու խաղալու հնարավորություն ընձեռել երիտասարդներին: Ինչ վերաբերում է 37-ամյա վրացի դարպասապահ Սոսո Գրիշիկաշվիլուն, ապա նա դեռ պայմանագիր ունի «Միկայի» հետ եւ հայտավորված է թիմում, սակայն տրանսֆերի է հանված:
Այնուհետեւ ներկայացվեցին «Միկայի» նորեկներ, դարպասապահ Սաուլիուս Կլեւինսկասը, կիսապաշտպան Էդիլսոն Ժունիորը, հարձակվող Մինդաուգաս Գրիգալեւիչյուսը եւ պաշտպան Հրայր Մկոյանը: Իհարկե, վերջինիս բոլորն են ճանաչում եւ ներկայացնելու առանձնակի հարկ չկա:
Լիտվացի դարպասապահ Սաուլիուս Կլեւինսկասը 26 տարեկան է, 2004-2009-ին հանդես է եկել «Սուդուվա» թիմում, որի կազմում դարձել է Լիտվայի փոխչեմպիոն ու 3-րդ մրցանակակիր, երկրի կրկնակի գավաթակիր ու սուպերգավաթակիր: Նա Լիտվայի առաջնությունում 101 խաղ է անցկացրել, մեկ անգամ հանդես է եկել երկրի ազգային հավաքականում:
Լիտվացի է նաեւ 29-ամյա հարձակվող Մինդաուգաս Գրիգալեւիչյուսը: Ֆուտբոլիստի իր կարիերան նա հիմնականում անցկացրել է լիտվական թիմերումՙ «Արդենայում», «Պոլոնիայում», «Ժալգիրիսում», «Վիկասում», «Շիլուտեում», «Կաունասում» եւ «Վետրայում»: 2004-ին նա հանդես է եկել Ֆարերների «ՎԲ Վագարում»: Լիտվայի առաջնությունում Գրիգալեւիչյուսն անցկացրել է 197 խաղ, խփել է 72 գոլ: Երկրի ազգային հավաքականում 2 խաղ է անցկացրել: 2007-ին նա «Կաունասի» կազմում նվաճել է երկրի չեմպիոնի տիտղոսը, դարձել է Լիտվայի գավաթակիր: Մինչ այդ նա 2003-ին գավաթակիր էր դարձել «Ժալգիրիսում»: 2008-ին «Կաունասում», 2009-ինՙ «Վետրայում» Գրիգալեւիչյուսն արժանացել է արծաթե մեդալի:
23-ամյա բրազիլացի Էդիլսոն Ժունիորը հանդես է եկել տեղի ակումբներումՙ «Ատլետիկո Մինեյրոյում», «Էսպորտ Դեմոկրատայում» եւ «Ռեգատա Բրազիլում»: Նա Մինեյրոյի եռակի չեմպիոն է: Երեք լեգեոնականներն էլ «Միկայի» հետ պայմանագիր են կնքել մինչեւ դեկտեմբերի 1-ը: Իսկ Հրայր Մկոյանի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2011-ի դեկտեմբերի 1-ին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ