«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2010-03-19 | #49, 2010-03-20 | #50, 2010-03-23


ԵՐՐՈՐԴԸ ՉՈՐՍ ԹԻՄԵՐԻ ՄՐՑԱՎԵՃՈՒՄ

Հանդբոլի Հայաստանի կանանց հավաքականը Իսրայելում անցկացված «Չելենջ տրոֆի» միջազգային մրցաշարում 4 թիմերի մրցավեճում զբաղեցրեց 3-րդ տեղը: Ֆրանսահայ խաղացողներով համալրված մեր հավաքականն առաջին խաղում ընդամենը մեկ միավորի տարբերությամբ (27-28) զիջեց Կիպրոսի ընտրանուն: Հաջորդ խաղում մեր թիմի մրցակիցը Իսրայելի հավաքականն էր, որի հետ մրցավեճում հայ մարզուհիները պարտվեցին խոշոր` 9-32 հաշվով: Ավարտական խաղում Հայաստանի հավաքականը 21-12 հաշվով հաղթեց Մալթայի ընտրանուն:

Պարտության պատճառներից մեկը մեր հավաքականի մարզիչները պայմանավորում են նրանով, որ մրցաշարին չմասնակցեց թիմի հիմնական դարպասապահ, ֆրանսահայ Մարի Գազգանչյանը: Նա թեեւ Հայաստանի քաղաքացիություն ունի, սակայն հանդբոլի միջազգային ֆեդերացիան չթույլատրեց Մարիին խաղալ Իսրայելում: Ըստ գործող կարգի, Մարին պետք է նախորդ 3 տարիներին հանդես եկած չլիներ Ֆրանսիայի հավաքականում: Իսկ նա վերջին անգամ Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում ելույթ էր ունեցել 2 տարի 11 ամիս 18 օր առաջ:

Փաստորեն, 12 օրվա պատճառով Մարին զրկվեց ՀՀ հավաքականի դարպասը պաշտպանելու հնարավորությունից: Նրա փոխարեն այդ պարտականությունը կատարեց 16-ամյա Նելլի Ֆիդանյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4