Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպման ու աջակցման գործի մեջ մեղադրվող եւ այնուհետեւ արդարացված լրագրող Նաիրի Բադալյանը Հայաստանում է: Նա պատրաստվում է դիմել դատարան միանգամից երեք հայցով: «Առաջին հայցը նախաքննության մարմինների անգործության դեմ է, երկրորդով ես ավելի քան 10 մլն դոլարի ֆինանսական փոխհատուցում եմ պահանջում ինձ խոշտանգումների ենթարկելու համար եւ վերջին հայցով ես պահանջելու եմ պաշտոնական ներողություն երկրի նախագահի, դատախազի եւ ոստիկանության ու զինվորական ոստիկանության պետերի կողմից», «Ուրբաթ» ակումբում երեկ հայտարարեց Նաիրի Բադալյանը :
2000 թվականի հունիսի 27-ին արդարացվելուց հետոՙ 2002 թվականի մարտին Նաիրի Բադալյանը դիմել է դատարան իրեն ապօրինի ձերբակալելու, խոշտանգելու եւ իր անունը հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործի հետ կապելու համար: Գործը մինչ օրս լուծում չի ստացել եւ գտնվում է բողոքարկման փուլում:
Նաիրի Բադալյանը քաղաքական ապաստան է ստացել ԱՄՆ-ում 2007 թվականի մայիսի 22-ին: Հայաստանում է պատրաստվում մնալ այնքան, մինչեւ կսպառվեն ներպետական դատական բոլոր ատյանները դիմելու հնարավորությունները, որից հետո լրագրողը դիմելու է միջազգային դատարաններ: «Իմ հանդեպ կատարված ձերբակալությունները եւ խոշտանգումները քաղաքականապես մոտիվացված են եղել եւ շարունակվել են անգամ իմ արդարացվելուց հետո: ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստացել եմ միգրացիոն դատարանում երեք դատավորների միաձայն որոշմամբ: Այսպիսով, անգամ ԱՄՆ-ի դատարանը, ինձ ապաստան տրամադրելով, հաստատել է, որ իմ դեմ հարուցված մեղադրանքներն անհիմն են», հայտարարեց Նաիրի Բադալյանը:
Միլիոնավոր դոլարների փոխհատուցում ստանալու նախադեպն աշխարհում նորություն չէ, սակայն բացառիկ կլինի Հայաստանի համար: «Իմ հայցերի քննումը շարունակվում է տարիներ շարունակ, իրենք հույս ունեն, որ ես կզզվեմ եւ վերջ կտամ: Բայց ես մինչեւ վերջ գնալու եմ, եւ կառավարությունը ստիպված է լինելու ինձ վճարել», հայտարարեց Նաիրի Բադալյանը:
1999 թվականին Նաիրի Բադալյանը «Լոգոս» հետազոտական կենտրոնի տնօրենն էր, համագործակցում էր Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի «Միասնություն» դաշինքի հետ: «Վազգեն Սարգսյանի հոկտեմբերի 26-ի որոշմամբ ես նշանակվելու էի «Արմենպրես» գործակալության տնօրեն: Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպումը բնավ իմ շահերից չէր բխում», նկատեց Նաիրի Բադալյանը:
Լրագրողը նշում է, որ դատական այս գործընթացներում ինքն արդեն ծախսել է ավելի քան 100 հազար դոլար եւ գործը կիսատ թողնել չի պատրաստվում:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ