Միացյալ Նահանգները մեկ անգամ չէ, որ ապացուցել է սեփական մոտեցումների երկակիությունը, ընդհանրականության բացակայությունը: Այն ժամանակ, երբ նահանգների նշանակալի մասն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը, ԱՄՆ գործադիր իշխանությունները համառում են անգամ ցեղասպանություն եզրն օգտագործելու հարցում, կարծես ԱՄՆ դաշնային կառույցները հեռու են նահանգները ներկայացնելուց:
Ինչեւէ, այն, ինչ ռուսաստանյան առաջին ալիքի ուղիղ եթերում Վլադիմիր Պոզների կողմից տարբեր մարդկանց հարցերի մատուցմանն ի պատասխան մարտի 22-ին ներկայացնում էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, տեղավորվում էր ամերիկյան քաղաքականության հակասությունների ու անհամաձայնությունների, երկակիության ու բազմաստանդարտության դրսեւորումների ընդհանուր իրավիճակի մեջ:
Ի շարս այլ հարցերի, Քլինթոնն անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին ու այդ համատեքստում ստորագրված արձանագրությունների վիճակին: Մասնավորապես, ինչպես եւ քանիցս հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը, ռուսաստանյան հեռուստաընկերության եթերից էլ կրկնեց, թե պետք է առաջ նայել, այլ ոչ թե անցյալին:
Հիշեցնելով, թե Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանն ինքն անձամբ էր ներկա, տիկին Քլինթոնը եթերից հայտարարեց, թե պատմական հանձնաժողովը, որ անցյալին վերաբերող բոլոր հարցերով պիտի իբր զբաղվի, գտնվում է ձեւավորման գործընթացում:
Այս հարցում թերեւս Հիլարի Քլինթոնի խոսքը կրկնություն չէ, այլՙ նորություն, սակայն թե ի՞նչ է նշանակում հանձնաժողովի ստեղծման գործթընացը սկսելը եւ ի՞նչ վիճակում է այն` ԱՄՆ պետքարտուղարը չմանրամասնեց:
Ա. Հ.