«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2010-03-20 | #50, 2010-03-23 | #51, 2010-03-24


10 ՄԼՆ ԴՈԼԱՐ «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻՆ» OFID ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ

Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», բանկի եւ The OPEC Fund for International Development (OFID) զարգացման ֆինանսական գործակալության միջեւ ստորագրվել է 10 մլն դոլարի վարկային պայմանագիր: Վարկը հայկական բանկին տրամադրվել է 7 տարի ժամկետով` փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկությունների ֆինանսավորման ծրագրի իրականացման համար:

Պայմանագիրը ստորագրվել է OFID-ի գլխավոր գրասենյակում` Վիեննայում, հիմնադրամի գլխավոր տնօրեն Սուլեյման Յասիր ալ Հերբիշի եւ «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի կողմից:

Անդրադառնալով պայմանագրին, Ներսես Կարամանուկյանն ասել է. «Սա երկարաժամկետ վարկային գիծ է, որը հնարավորություն կտա նպաստելու Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկությունների զարգացմանը եւ կօգնի նրանց հաղթահարելու տնտեսական դժվար իրավիճակի հետեւանքները»:

OFID-ի գլխավոր տնօրեն Սուլեյման Յասիր ալ Հերբիշը նշել է. «OFID-ի համար սկզբունքային առաջնահերթություն է համարվում փոքր եւ միջին ձեռնարկություններին օժանդակության ցուցաբերումը: Մենք տեղեկացված ենք, որ «Արդշինինվեստբանկը» ակտիվ գործունեություն է ծավալում այս հատվածում, եւ այդպիսով լավ գործընկեր է OFID-ի ֆինանսավորման ծրագրերի համար: Մենք համոզված ենք, որ այս վարկային գիծը կօգնի «Արդշինինվեստբանկին» ընդլայնելու ՓՄՁ-ների ոլորտում մատուցվող ծառայությունների ծավալը եւ նպաստելու երկրի ընդհանուր տնտեսական զարգացմանը»:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4