Երկու հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի 19-րդ խաղակությունը: «Հանրապետական» մարզադաշտում երկրի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալել էր բարձրագույն խմբի նորեկ «Իմպուլսին»: Խաղն անցավ փյունիկցիների նկատելի առավելությամբ: Թվում էր, թե «Իմպուլսի» փորձառու ֆուտբոլիստները լուրջ դիմադրություն ցույց կտան չեմպիոնի երիտասարդ խաղացողներին, սակայն սպասելիքները չարդարացան: «Իմպուլսը» հիմնականում պաշտպանվում էր, գրոհում էր փոքր ուժերով, որի հետեւանքով էլ չկարողացավ լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին: Միակ գոլային իրական պահը «Իմպուլսը» ստեղծեց 69-րդ րոպեին, երբ Արման Մինասյանը մեն մենակ հայտնվեց դարպասի դիմաց, սակայն հարվածը թույլ էր ու դարպասապահը հանգիստ որսաց գնդակը:
«Փյունիկը» եւս գոլային մի քանի պահեր չօգտագործեց: Արդեն 7-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանը մոտ տարածությունից վրիպեց: 15-րդ րոպեին Կառլեն Մկրտչյանի հարվածը ցնցեց դարպասի հորիզոնական ձողը: 2-րդ խաղակեսում էլ փյունիկցի Ալբերտ Թադեւոսյանը մեն մենակ հայտնվելով դարպասապահի դիմաց, բարձր հարվածեց:
Իսկ թե ինչպես պետք է գոլ խփել, ցուցադրեց բրազիլացի Մարկոսըՙ գնդակն ուղարկելով դարպասի վերին անկյունը: Այդ գոլն էլ վճռեց հանդիպման ելքը:
Վարդան Մինասյան («Փյունիկ») - Սպասում էինք, որ նման լարված հանդիպում է լինելու, քանի որ «Իմպուլսը» լավ համալրում է ստացել: Իհարկե, դիլիջանցիների խաղը չէի տեսել, ուստի չեմ կարող ասել, թե որքանով մրցակիցը դրսեւորեց իրեն: Սա գավաթային հանդիպում էր, որտեղ թույլ մրցակիցներ չկան: Գոհ եմ «Փյունիկի» ցուցադրած խաղի որակիցՙ հաշվի առնելով, որ մրցաշրջանի մեկնարկային հանդիպումն էր: Պարզապես վերջին 20 րոպեներին ֆուտբոլիստների գործողություններում զգալ տվեց հոգնածությունը: Խաղի սկզբից բավական բարձր էր տեմպը, ինչն այս ժամանակաշրջանի համար մինչեւ վերջ պահպանելը շատ դժվար է: Գոլային որոշ պահեր չիրացրինք: Բայց ամեն ինչ առջեւում է: Փորձեցինք փոխարինումներով սրել թիմի խաղը հարձակման գծում: Կառլեն Մկրտչյանը վնասվածքով էր խաղում, ուստի փոխարինեցինք:
Տրանսֆերային պատուհանը փակվեց եւ «Փյունիկը» հասցրեց միայն հայտավորել նիգերիացի կիսապաշտպան Էկտեբային, որը մասնակցել էր ԱՊՀ գավաթի խաղարկությանը: Նրա տրանսֆերն արդեն ստացել ենք: Նա մոտ օրերս կմիանա թիմին: Իսկ Մանուկ Մուրադյանը փորձաշրջան է անցնում մեզ մոտ, նրան ավելի շատ դիտարկում ենք մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականի համար: Եթե իրեն լավ դրսեւորեց, կխաղա «Փյունիկ-2-ում»:
Ստեփան Բաղդասարյան («Իմպուլս») - Սա մրցաշրջանի առաջին խաղն էր, ուստի որոշ լարվածություն կար մեր ֆուտբոլիստների գործողություններում: Նաեւ հաշվի առեք, որ խաղում էինք հայկական ֆուտբոլի առաջատարի հետ: Ընդհանուր առմամբ մեր թիմն այսօր իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: Գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն էլ դժգոհ էր խաղից: Հույս ունեմ, որ պատասխան խաղում մենք ավելի լավ կդրսեւորենք մեզ, կցուցադրենք այն, ինչին ընդունակ ենք:
Թիմում կան ֆուտբոլիստներ, որոնցից ակտիվ խաղ էինք ակնկալում, սակայն սպասելիքները չարդարացրին: Իր ազդեցությունն ունեցավ նաեւ Արամ Հակոբյանի վնասվածքը, որի պատճառով նա թողեց խաղադաշտը: Սակայն նույնիսկ այսպիսի խաղով կարող էինք չպարտվել, եթե Արման Մինասյանն իրացներ գոլային հիանալի պահը: Ամեն ինչ դեռ առջեւում է, մրցակիցների հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություններն էլ հավասար եմ գնահատում:
Կապանում մրցեցին «Գանձասարն» ու «Ուլիսը»: Գրանցվեց ոչ-ոքիՙ 1-1: 47-րդ րոպեին հաշիվը բացեց կապանցի Արսեն Ավետիսյանը, 78-րդ րոպեին ուլիսցի Արտյոմ Ադամյանը 11 մ հարվածով վերականգնեց հավասարակշռությունը:
Այսօր կկայանան քառորդ եզրափակիչի մյուս երկու հանդիպումները: «Միկան» կհյուրընկալի «Կիլիկիային», իսկ Գյումրիում կմրցեն «Շիրակն» ու «Բանանցը»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ