Թուրքական լրատվամիջոցները ուշի-ուշով հետեւում էին դրա ընթացքին
Ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եռօրյա պաշտոնական այցելությունը Սիրիայի Հանրապետություն: Անցյալ տարի Հայաստան էր այցելել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Այսինքնՙ նախագահ Սարգսյանը պատասխան այց կատարեց եւ դա, ինչպես ենթադրվում էր, անցավ ջերմ, բարեկամական մթնոլորտում: Սա նշանակում է, որ ՀՀ նախագահի պատասխան այցը կնպաստի երկու բարեկամ երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը:
Հայաստան-Սիրիա հարաբերությունների զարգացումը կարեւոր է կողմերի համար: Ոչ պակաս կարեւոր պետք է համարվի այդ հարաբերություններին տարածաշրջանի երկրներիՙ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Թուրքիայի մոտեցումները: Տարածաշրջանում Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունի Իրանի բարեկամությունը, որի հետ ռազմավարական բնագավառում համագործակցում է Սիրիան: Այլ կերպ, հայ-սիրիական հարաբերությունների զարգացումն անուղղակիորեն կնպաստի Հայաստան-Իրան բարեկամության ամրապնդմանը:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա վերջին տարիներին զգալի բարելավվել են Հայաստանի համար խնդրահարույց այս երկրի հետ Սիրիայի հարաբերությունները: Թերեւս թուրք-սիրիական հարաբերությունների բարելավմամբ է պայմանավորված Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ որպես միջնորդ հանդես գալու նախագահ Բաշար Ասադի պատրաստակամությունը:
Որքանո՞վ է իրատեսական Սիրիայի նախագահի միջնորդությունը, դժվար է ասելը: Բայց որ Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացի սկզբնավորմանը ԱՄՆ գլխավորությամբ նպաստել են Ռուսաստանն ու Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նրանց է պատկանում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման նախաձեռնությունը, եւ անկախ Արեւմուտքի դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումից, Սիրիան դեռեւս Իրանի հետ համագործակցության պատճառով շարունակում է խնդրահարույց համարվել գոնե ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համար, ակնհայտ է:
Համենայն դեպս, ՀՀ նախագահի այցելությունը Սիրիա մեծապես հետաքրքրում էր Անկարային, որ դրա ընթացքին ուշի-ուշով հետեւեցին թուրքական զանգվածային լրատվամիջոցները, մասնավորապես հանրային հեռուստատեսությունն ու CNN-Turk-ը:
Մարտի 22-ին թուրքական հանրային հեռուստատեսությունը նախագահ Սարգսյանի այցին անդրադարձավ «Սիրիան միջնորդության պատրաստակամություն է հայտնում. Ասադն ասաց, որ պատրաստ է դեր ստանձնել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացման գործընթացում», իսկ մարտի 23-ինՙ «Սերժ Սարգսյանն այցելում է Սիրիա. այցելության օրակարգի կարեւոր հարցերից են Թուրքիա-Հայաստան հարաբերությունները» վերնագրերով:
Թուրքական հանրայինի օրինակով CNN-Turk-ը ՀՀ նախագահի այցը լուսաբանեց «Ասադի միջնորդության առաջարկը Թուրքիա-Հայաստան հարաբերություններում» եւ «Անակնկալ հայտարարություն Սարգսյանից» վերնագրերով: Անակնկալ հայտարարության պարագայում խոսքը նախագահ Սարգսյանիՙ «Ալ Վաթան» թերթի տված հարցազրույցի մասին է, որտեղ նա ասել է, որ եթե Ղարաբաղի ժողովուրդն ստանա ինքնորոշման իրավունքն իրագործելու հնարավորություն եւ ստեղծվեն անվտանգության մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջը գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանինՙ իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը:
CNN-Turk-ն առանց մեկնաբանության է ներկայացրել ՀՀ նախագահի այս խոսքերը, իսկ թուրքական հանրային հեռուստատեսությունը դրանք շրջանցեց, փոխարենըՙ կենտրոնացավ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում միջնորդի դեր ստանձնելու Սիրիայի նախագահի պատրաստակամության վրա: Կարելի էր ասել, որ կենտրոնանալը շահագրգռության նշան է, իսկ շահագրգռությունը ենթադրում է ակնկալիք նախագահ Ասադի միջնորդությունից, եթե Սերժ Սարգսյանը չայցելեր Դեր-Զոր, հատկապես այն ժամանակ, երբ մոտենում է ապրիլի 24-ը, ինչը խորհրդանշական բնույթ է հաղորդում այցին: Թերեւս դրանով մեկ անգամ եւս ընդգծվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելու Հայաստանի ղեկավարության հաստատակամությունը:
Կարծում ենք, թուրքական լրատվամիջոցները լայնորեն կարձագանքեն նախագահ Սարգսյանի այցելությանը Դեր Զոր, եւ մենք դրանով կստանանք արձագանքների ամբողջական պատկերը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ