«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2010-03-23 | #51, 2010-03-24 | #52, 2010-03-25


«ՄԻԿԱՆ» ԼՈՒԾԵՑ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՐՑԸ

Գավաթի քառորդ եզրափակիչ չորս զույգերից միայն «Միկա»-«Կիլիկիա» մրցակցության ելքը վճռվեց արդեն առաջին խաղում: Ուսումնամարզական հագեցած հավաքներ անցկացրած «Միկայի» ֆուտբոլիստները սեփական հարկի տակ 3-0 հաշվով պարտության մատնեցին «Կիլիկիային» եւ գործնականում լուծեցին հաջորդ փուլի ուղեգրի հարցը:

Ճիշտ է, այդ խաղում առաջինը կարող էր հաջողության հասնել «Կիլիկիան», սակայն Արմեն Բաբայանը նպաստավոր դիրքից վրիպեց: Այնուհետեւ սխալվելու հերթը հասավ «Կիլիկիայի» դարպասապահ Արմեն Խաչատրյանին, ինչը ճակատագրական եղավ թիմի համար: Նա չկարողացավ որսալ բարձրից փոխանցված գնդակը ու ստիպված էր վայր գցել Բոտի Դեմելին, որի համար մրցավարը նշանակեց 11 մ հարված: Այն հստակ իրացրեց Ուլիսես Մոնտենեգրոն: 3 րոպե անց Խաչատրյանը կրկին սխալվեց դարպասից դուրս գալիս, սակայն Նարեկ Բեգլարյանը չօգտվեց դրանից:

Մինչեւ ընդմիջում «Միկան» կրկնապատկեց հաշիվը բրազիլացի Էդիլսոն Ժունիորի դիպուկ հարվածի շնորհիվ: 2-րդ խաղակեսում «Միկան» թուլացրեց գրոհների թափը եւ առանձնապես չսպառնաց մրցակցի դարպասին: Չնայած դրան, խաղավերջում Վիգեն Համբարձումյանը տուգանային հարվածով 3-րդ գոլը խփեց:

Մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին:

  Արմեն Ադամյան («Միկա») - Գավաթային առաջին խաղում հաղթեցինք 3-0 հաշվով: Արդյունքից գոհ եմ: Առաջին խաղակեսում տղաները լավ խաղացին, իսկ ընդմիջումից հետո ամեն ինչ չէ, որ ստացվում էր: Մենք փոխարինեցինք Նարեկ Բեգլարյանին, հենակետային կիսապաշտպան մտցրինք խաղադաշտ, որպեսզի հնարավորություն չտայինք մրցակցին գոլ խփել: «Կիլիկիան» շատ կազմակերպված թիմ է, պարզապես ֆուտբոլիստների կատարողական վարպետությունը բարձր չէ: Լավ էինք նախապատրաստվել խաղին` գիտենալով, որ մրցակիցը պաշտպանությունից է խաղալու: Չեմ կարծում, թե մրցակցության ելքը վճռված է: Մենք հարգում ենք մրցակցին եւ պատասխան խաղում էլ ձգտելու ենք հաղթանակի:

  Աբրահամ Խաշմանյան («Կիլիկիա») - «Միկան» այսօր իր ներուժով եւ կազմով Հայաստանի ամենահզոր թիմն է: Աշխատում էինք խաղն այնպես կազմակերպել, որ պատասխան հանդիպման ժամանակ ուղեգրի համար պայքարելու հնարավորություն ունենայինք: Սակայն եթե անկեղծ լինեմ, մրցակցության ելքը վճռված է:

Մենք լավ սկսեցինք խաղը, նույնիսկ կարող էինք բացել հաշիվը, սակայն Արմեն Բաբայանի վարպետությունը չբավականացրեց: Դա վերաբերում է նաեւ թիմի մի շարք ֆուտբոլիստներին: Այդ բացը փորձում ենք լրացնել թիմային խաղով: Արդյունքի վրա ազդեցին նաեւ թույլ տված կոպիտ սխալները: 2 գոլ բաց թողեցինք ստանդարտ դրությունից: Դրանցում մեղքի իր բաժինն ուներ դարպասապահը: Ցավոք փոխարինման մտած Էրիկ Հարությունյանն ու Արտյոմ Առաքելյանը թարմություն ու սրություն չմտցրին թիմի գործողություններում: Փաստորեն, մենք 9 հոգով էինք խաղում: Շնորհավորում եմ «Միկային» հաղթանակի համար եւ հետագա հաջողություններ մաղթում:

Հաջորդ փուլ մտնելու լուրջ հայտ ներկայացրեց «Բանանցը», որը Գյումրիում 1-0 հաշվով հաղթեց «Շիրակին»: Թիմին հաջողություն պարգեւեց 61-րդ րոպեին Դարկո Լովրիչի խփած միակ գոլը: Գավաթի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 6-7-ին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4