Մեկօրյա հանգստից հետո շախմատի «Ամբեր» մրցաշարի մասնակիցներն անցկացրին 9-րդ տուրի հանդիպումները: Լեւոն Արոնյանը Ռուսլան Պոնոմարյովի հետ մրցավեճում մեկ միավոր վաստակեցՙ հաղթելով արագ շախմատի պարտիայում: 8 միավորով Արոնյանը 9-րդ տեղում է: Աղյուսակը 12 միավորով շարունակում է գլխավորել Վասիլի Իվանչուկը: Նա Հաշիմովի հետ երկու պարտիաներն էլ ավարտեց ոչ-ոքի:
Առաջատարին կես միավորով է զիջում Մագնուս Կառլսենը, որը 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց Լենիեր Դոմինգեսին: 11-ական միավորով հաջորդ տեղերում են Գրիշչուկն ու Կրամնիկը: Գրիշչուկը շահեց Սմիթսի հետ անցկացրած 2 պարտիաներն էլ, իսկ Կրամնիկը 1,5-0,5 հաշվով հաղթեց Սվիդլերին: Գելֆանդ-Կարյակին մրցախաղում մրցակիցները հաշտություն կնքեցին երկու պարտիաներում էլ: Գելֆանդն ունի 10,5 միավոր, Կարյակինըՙ 10:
10-րդ տուրում Արոնյանը կմրցի Գրիշչուկի հետ: Վերջինս բոլորից հաջող է խաղում «կույր» շախմատի մրցաշարումՙ վաստակելով 7 միավոր: 5,5-ական միավոր ունեն Կառլսենն ու Իվանչուկը: Արոնյանի հաշվին գրանցված է 3 միավոր:
Արագ շախմատի մրցաշարում լավագույն արդյունքն ունի Իվանչուկըՙ 6,5 միավոր: Կառլսենի եւ Կրամնիկի օգտին գրանցված է 6 միավոր: Արոնյանն ունի 5 միավոր: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ