Մեկնարկեցին հայ-թուրքական փորձագիտական քննարկումները
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երեւանում երեկ մեկնարկած երկօրյա հայ-թուրքական փորձագիտական քննարկումների նպատակն է քաղաքացիական հասարակությունների շրջանակներում քննարկել հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերն ու խնդիրները:
Երկու կողմերից մասնակցում էին հայտնի փորձագետներ, դեսպաններ ու վերլուծաբաններ, որոնք կարեւորելով հասարակությունների դերն ու երկխոսությունները, նպատակ ունեին արտահայտել իրենց մտահոգությունները:
Ստամբուլում գործող Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի տնօրեն Մենսուր Աքգյունն առաջին անգամ Հայաստան է այցելել 4 տարի առաջ: Այժմ հսկայական փոփոխություններ է նկատում: Որ հայերը հյուրընկալ ու հյուրասեր ժողովուրդ են, Աքգյունն անձամբ ու բազմիցս համոզվել է: Այժմ հսկայական փոփոխություններ է նկատում հայ հասարակությունում: «Թուրքերին ու Թուրքիային վերաբերող հարցերին այլ կերպ են նայում ու գնահատում: Հսկայական փոփոխություններ կան նաեւ Թուրքիայում: Շատ բան դեռ պետք է փոխվի: Դրան կարող են նպաստել երկու երկրների քաղաքացիական հասարակությունները»:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը վստահ է. երկխոսությունն օգնում է դնել ավելի մեծ հիմքեր, ինչը պետք է բերի տարածաշրջանային կայունության եւ երկու երկրերի միջեւ տնտեսական համագործակցության ու զարգացման ավելի բարձր մակարդակի:
Հնդկաստանում Թուրքիայի նախկին դեսպան Յալըմ Էրալփը գոհ է արձանագրությունների տեքստից: Թեպետ դեսպանը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին արձանագրություններում մեջբերում չի գտել, սակայն իրականությունը հետեւյալն է. դեսպանը չի մոռանում հին ընկերոջը` Ադրբեջանին. «Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնել ցանկացող Թուրքիան ունի հին ընկեր, որին կորցնել նույնպես չի ցանկանում: Նոր ընկերը լավ է, բայց հին ընկերոջը չպետք է մոռանալ»: Սա Էրալփի համոզումն է:
Նախկին դեսպանն առաջարկում է հայ-թուրքական ընկերության սկզբում քննարկել 1915թ. Հայոց ցեղասպանությունը:
«Հայոց ցեղասպանության ճանաչումն այդքան էլ հեշտ գործ չէ Թուրքիայի կառավարության համար: Միջազգային դատարանի որոշման բացակայություն կա: Գողին գող ասելու համար պետք է դատարանի որոշում լինի: Ցեղասպան կոչելու համար էլ պետք է լինի դատարանի որոշումը: Հայաստանն ու Թուրքիան պետք է իրավաբանական որակավորում ստանալու համար դատարան կամ միջազգային արդարության կենտրոն դիմեն եւ դատարանի որոշումը երկու կառավարություններն ընդունեն»:
«Ազգ» օրաթերթի քաղաքական մեկնաբան, թուրքագետ Հակոբ Չաքրյանը նկատում է. «Դեսպանը խոսում է Հայոց ցեղասպանության հարցը միջազգային դատարանում քննարկվելու վերաբերյալ, միաժամանակ անդրադառնում հայ-թուրքական արձանագրություններում հիշատակող պատմական հարցերի հանձնաժողովին: Մի՞թե դրանք հակասության արդյունք չեն: Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնել միջազգային դատարանում եւ արձանագրությունները նախատեսվող պատմական հարցերի հանձնաժողովում ուսումնասիրելը չե՞ն հակասում ցեղասպանության նկատմամբ Թուրքիայի որդեգրած դիրքորոշմանը, որովհետեւ համապատասխան այդ դիրքորոշման Թուրքիայում հայերի ցեղասպանությունը չի իրագործվել, դա հայկական սուտ է, ավելին, հայերն են թուրքերին ցեղասպանության ենթարկել: Սա այն դեպքում, երբ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը կատարելապես սպառել է իր դիրքերը: Սակայն դա չի խանգարում, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանությունն ու արտահայտությունը համարեն «այսպես կոչված»: Մի՞թե կարելի է «այսպես կոչված» համարվող եւ հայկական սուտ բնութագրվող թեմայի համար հանձնաժողով ստեղծել ու սուտը քննարկման դնել այդ հանձնաժողովում», հարցրեց Չաքրյանը:
Աքգյունը պատասխանեց, որ թեեւ Հայոց ցեղասպանություն արտահայտությունը Թուրքիայում օգտագործում են «այսպես կոչված» բառակապակցությամբ, սակայն այդ հարցում կան լուրջ տեղաշարժեր: «Զգալի փոխվել է ժխտողական քաղաքականությունը, շատերը, այդ թվում ես, ցեղասպանություն բառը առանց չակերտների եմ օգտագործում», ասաց նա:
«Ռադիկալ» թերթի վելուծաբան Էրդուլ Գյուլենի առաջարկը հետեւյալն է. պատմաբանները քննարկեն Հայոց ցեղասպանության հարցը, իսկ հասարակությունը, իշխանություններն իրենց գործը կատարեն:
«Սահմանը բացենք, ու ժամանակի ընթացքում պատմաբանների հանձնաժողովն իր գործը կանի: Ենթադրենքՙ ընդունեցինք ցեղասպանությունը: Դրանից հետո ի՞նչ պետք է լինի: Հայերը նյութական ակնկալիքներ ունե՞ն կամ գուցե տարածքային փոխհատուցո՞ւմ են պահանջում», հարցրեց նա:
Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը նկատեց, որ թուրքական կողմը վախենում է Հայոց ցեղասպանության հարցը քննարկել: Նա նկատում է, որ գոյություն ունի իրավական փաստաթուղթ, ICTG-ն, որի վրա աշխատել է հրեա իրավաբանների հսկայական խումբ: Նրանք երկար ժամանակ ուսումնասիրել են, քննարկել ու ներկայացրել իրենց եզրակացությունները:
Վստահության համար նա առաջարկում է Թուրքիայում վերացնել 301-րդ հոդվածը:
«Թուրքական կողմը պետք է պատրաստ լինի լսելուն: Հանեք 301-րդ հոդվածն ու դրանով վստահություն ձեռք կբերեք»:
Էրդողանը հյուրընկալ է
Աքգյունը` անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի վերջերս արած հայտարարությանը իր երկրում բնակվող հարյուր հազար հայերին վռնդելու կապակցությամբ, նշում է, որ այդ կերպ էրդողանն իր հյուրընկալությունն էր ցույց տալիս: «Ընդամենը ուզում էր ասել, որ թուրքերը հյուրասեր ժողովուրդ են, պարզապես ոչ միայն հայերն ու թուրքերը, այլեւ ողջ աշխարհն էրդողանի խոսքերը սխալ հասկացան», ասում է նա:
Նախկին դեսպան Յալըմ Էրալփը վստահ է, որ Էրդողանն այդպիսի բան չէր մտածում: «Դա խայտառակություն էր: Ես CNN turk-ով ասացի, որ դա անտանելի արտահայտություն էր: Կովկասում եւ Բալկաններում մոտեցում կա, եթե իրար մեջ որեւէ խնդիր ունեն, մարդկանց վրա են թափում իրենց զայրույթը: Թուրքիայում էլ են դա անում»: «Ազգի» հարցինՙ գուցե էրդողանին բարկացրել էր այն փաստը, որ վերջերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ու Շվեդիայի խորհրդարանը ճանաչեցին Հայոց ցեղասպանության բանաձեւը, ասաց.
«Իհակե էրդողանը բարկացած էր, սակայն մի բան պետք է ասել. էրդողանի ձեռներեցությունըՙ կապված Հայաստանի հետ, կարեւոր է: Պետական մարդիկ բարկանալու իրավունք չունեն, բոլոր պետական այրերը պետք է գնան բժշկի մոտ եւ իրենց նյարդերը հանել տան»: