«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2010-03-24 | #52, 2010-03-25 | #53, 2010-03-26


ՎՐԱՑԻ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ. «ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻՆ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՂԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ»

Վրաստանում ներկա դրությամբ ամենից առաջ ու կարեւոր են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնց թվում առաջին անգամ Վրաստանում ընտրվում է Թբիլիսիի քաղաքապետ: Վրաստանում արդի քաղաքական ու սոցիալական զարգացումների վերաբերյալ էր Կովկասի ինստիտուտի կազմակերպած երեկվա հանդիպումը, որտեղ սեփական գնահատականներն ու տեսակետները ներկայացրեց Վրաստանում Խաղաղության եւ ազգայնամոլության հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, վերլուծաբան Պաատա Զաքարեիշվիլին :

Վերլուծաբանի ներկայացմամբ, Վրաստանում չափից դուրս դինամիկ ընթացող քաղաքական գործընթացներից հասարակությունը հոգնել է: Միեւնույն ժամանակ, որոշ առումով արդեն իսկ մեկնարկած, բայց մայիսի 30-ին կայանալիք տեղական ընտրություններն արդեն «տաք» թեմա են: Ուշադրության մեծագույն մասը, ըստ Զաքարեիշվիլու, Թբիլիսիի վրա է կենտրոնացած, որտեղ քիչ թե շատ տարբեր տեղեկություններ են տարածում մի քանի լրատվամիջոց այն դեպքում, երբ վրացական տարածաշրջաններում երեք հեռուստաընկերություններ են հեռարձակում, երեք էլ վերահսկվում են իշխանությունների կողմից:

Վրացի վերլուծաբանը գտնում է, որ այս տեղական ընտրություններում Վրաստանում ի հայտ է գալիս ոչ թե իշխանական-ընդդիմադիր կեցվածքների տարանջատում, այլ գաղափարական մրցակցություն: Ամեն դեպքում, տեղական ընտրություններում հիմնական թեկնածուները Թբիլիսիի քաղաքապետի աթոռին նստելու համար շատ չեն, առայժմ երկուսը` ներիկայիս քաղաքագլուխ Գիգի Ուգուլավան եւ ընդդիմադիր Իրակլի Ալասանիան:

  «Ազգը» ներկայացրել էր վրացական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում այն ռեպորտաժն ու դրա արձագանքները, թե իբր ռուսական զինուժը ներխուժել էր Վրաստան, սպանվել էր Սաակաշվիլին:

Պաատա Զաքարեիշվիլին երեկ ներկայացրեց, որ սյուժեն իրականում սկսվում էր այնտեղից, թե Վրաստանում կեղծվել են ընտրությունները, ընդդիմությունը դուրս է եկել փողոց, Ռուսաստանն էլ, չգիտես ինչու, հենց Գյումրիի ռազմակայանից օգնության էր շտապել վրաց ընդդիմությանը, որի մի քանի լիդերներ իսկապես փորձում են ընդհանուր եզրեր գտնել ռուսաստանյան իշխանությունների հետ ներկա փուլում:

Ըստ վերլուծաբանի, գրեթե բոլորի կողմից խստագույն քննադատության արժանացած հեռուստառեպորտաժը նախընտրական համատեքստում էր այն մոտեցմամբ, թե իբր ինչ կարող է պատահել, երբ վրացի քաղաքական ընդդիմադիր գործիչները ցանկանան համագործակցել Ռուսաստանի հետ:

Սակայն, փոխանակ վատ վերաբերմունք ձեւավորելու ռուսամետ վրացի գործիչների հանդեպ, ըստ Զաքարեիշվիլու, տեսանյութը մեծացրել է անվստահությունը հենց իշխանությունների հանդեպ: Ավելին, առկա են հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, որոնցից երեւում է, որ վրացական իշխանություններն առնվազն տեղյակ են եղել պատրաստվող նյութին:

Հիշեցնենք, որ «Ազգն» իր նույն այդ տեսանյութի հրապարակման մեջ ենթադրություն էր առաջ քաշել, թե տեսանյութի հանդեպ շատ մեղմ են արտահայտված, իսկ երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու պարագայում գովասանքի խոսքեր ասելը վկայում էր, որ տեսանյութից տեղյակ են եղել նաեւ իշխանությունները;

Հայաստանի առնչությամբ Վրաստանում, ըստ վերլուծաբանի, քննարկվում են հիմնականում երկու թեմա` Վերին Լարսի անցակետի բացումն ու հայ-թուրքական գործընթացը: Առաջինի դեպքում վրացիները վախենում են, թե Ռուսաստանը կհարձակվի, ու անցակետի բաց լինելը օգուտ է միայն Հայաստանին, իսկ երկրորդի պարագայում խիստ մտահոգություններ են հնչում, թե Վրաստանն ամենից շատ կտուժի հայ-թուրքական սահմանի բացման դեպքում: Վերջին մտավախությունը Վրաստանում բացատրում են այնպես, թե հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Հայաստանը կկորցնի հետաքրքրությունը Վրաստանի հանդեպ ու կարող է պահանջներ ներկայացնել:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության խոսակցություններին, ապա Զաքարեիշվիլին գտնում է, որ գործըթնացը սառել է, ու հասկանալի է դառնում, որ դա իրականություն դառնալուց այնքան է հեռու, որ գրեթե իրատեսական չէ:

  «Ազգը» վրացի վերլուծաբանին խնդրեց ներկայացնել իր դիրքորոշումը Վրաստանում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վիճակի առնչությամբ: Զաքարեիշվիլին այս առումով գտնում է, որ Վրաստանում փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքներն ավելի շատ պաշտպանվում են, քան խախտվում:

Միեւնույն ժամանակ, Վրաստանը ամբողջությամբ չի կատարում Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները, դեռեւս չի վավերացրել փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մի շարք փաստաթղթեր:

Վրաստանում վիճահարույց որակվող հայկական եկեղեցիների կապակցությամբ «Ազգի» հարցին էլ վերլուծաբանը ներկայացրեց, որ Հայ առաքելական եկեղեցուն պետք է վերադարձվեն բոլոր այն եկեղեցիները, որոնք դարասկզբի հեղափոխությունից առաջ հայկական են եղել: Այս հարցում վերլուծաբանի կարծիքը մեկն է. անհեթեթություն, այլանդակություն է, որ այդ հարցը դեռեւս չի լուծվել:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4