Ավստրիայի Ազատական կուսակցությունը ներկայացնող Եվրոխորհրդարանի պատգամավոր Ֆրանց Օբերմայրը վերնագրում նշված հարցադրումն է անումՙ քննության առարկա ունենալով Էրդողանիՙ 100 000 հայերին Թուրքիայից արտաքսելու հայտարարությունը:
Վաղուց է հայտնի, որ Էրդողանը պետությունների, միջազգային հանրությանՙ Թուրքիայի ներքին գործերին միջամտությունը խիստ զայրալից, հարձակողական հակազդեցությամբ է ընդունում: Վերջերս Շվեդիան եւ ԱՄՆ են Անկարայից սպառնալիքների արժանացել, նրանց հայկական բանաձեւերը Էրդողանի բառապաշարով «կոմեդիա», «պարոդիա», «ձախողված քաղաքականության արդյունք» ձեւակերպումը ստացան: Այս անգամ էլ Էրդողանի բանավոր սպառնալիքը Բրյուսելում մեկնաբանության չի արժանանում, արձանագրում է Օբերմայրը: Էրդողանը միջազգային հարթակում բոլոր ազատություններն է վայելում եւ հոգ չի տանում դիվանագիտական սովորույթները պահպանել, հայտարարում է, թե 100 000 հայերի պիտի արտաքսի երկրից, եւ Բրյուսելը չի արձագանքում այդ հայտարարությանը: ԵՄ արտաքին գործերի նոր հանձնակատար Քեթրին Էշթընը պիտի սպասի, որ Էրդողանը իր բառերով արտահայտածը արարքի՞ վերածի: Ո՞ր եղանակով է Բրյուսելը թուրք վարչապետի այս հայտարարությանը հակազդելու, պատգամավոր Օբերմայրիՙ ԵՄ հանձնաժողովին ուղղված հիշյալ հարցերի մասին ծանուցում է կուսակցության մամլո հաղորդագրությունըՙ APA գործակալության միջոցով:
Ճիշտ ժամանակն է Էրդողանի համար մեկընդմիշտ հստակեցնելու, որ Եվրոմիությունը նաեւ արժեքներ դավանող հանրություն է, որտեղ մարդու իրավունքները բանավեճից դուրս են: Ովքեր մեր հիմնարար օրենքների հետ բացահայտ խնդիրներ ունեն, նրանք ԵՄ-ում տեղ չունեն, հայտարարել է Օբերմայրը եւ պահանջել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունների անհապաղ ընդհատում, մինչ փոքրամասնությունների հարցերը, մասնավորապես հայկական համայնքին վերաբերող խնդիրները վերջնական պարզաբանում չստանան:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա