«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2010-03-24 | #52, 2010-03-25 | #53, 2010-03-26


ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆՆ ՈՒ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՍԻՐԻԱԿԱՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Երեւան վերադարձին զրուցեցի սփյուռքի եւ Մշակույթի նախարարների հետ, այդ զրույցից որոշ տեղեկատվություն փոխանցեմ: Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով սփյուռքի 5 երախտավորներ տարբեր գաղթօջախներից պարգեւատրվեցին Մովսես Խորենացու մեդալով: Սիրիա կատարած այցի ժամանակ այդ պարգեւը պետք է հանձնվեր տիրոջը` պարգեւատերերից մեկին` Կարապետ Ջուհարյանին : Նա 92 տարեկան է, դեռ չի կորցրել ստեղծագործելու ունակությունը: Պարգեւն Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, դեսպան Արշակ Փոլադյանի եւ հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանի եւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ներկայացուցչական կազմով հանձնվեց երախտավորին, իսկ մեդալակիրը նաեւ հանդիպեց Հայաստանի նախագահի հետ: Վերջին տարիներին բնականոն հարաբերություններ են հաստատվել Սիրիայի եւ Հայաստանի մշակույթի նախարարությունների միջեւ: Եթե նախկինում մշակույթի օրերն անցկացվում էին զուտ երաժշտական ծրագրեր եւ կիրառական արվեստի ցուցահանդեսներ ներկայացնելով, ապա մոտակա երեք տարվա պայմանագիրը, որը քննարկվեց նաեւ այս ացի ժամանակ, նախատեսում է մշակութային ժառանգության ոլորտի համագործակցություն, մասնավորապես` հուշարձաններ վերականգնող մասնագետների համատեղ ծրագրերի մշակում եւ մասնավորապես` համատեղ արշավախմբերի աշխատանք երկու երկրների տարածքներում, ինչպես նաեւ հուշարձանների նախագծման փուլում երկու կողմից մասնագետների ներգրավում: Նախարար Հ. Պողոսյանը նաեւ տեղեկացրեց, որ այս տարի Սիրիայի եւ Հայաստանի հանրային գրադարանների միջեւ բնականոն գրքափոխանակություն եւ մասնագետների փոխանակում նախատեսող պայմանագիր կստորագրվի: Մայիսին Սիրիայի Հանրապետությունում Հայաստանի մշակութային օրեր են լինելու: Երկու նախարարություններն էլ, ի դեմս նախարարների, Սիրիայի հայ համայնքին այս անգամ նվիրեցին գիտական եւ հանրամատչելի մեծ թվով գրականություն, որը սովորաբար միշտ պահանջարկված է սփյուռքում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4