«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2010-03-24 | #52, 2010-03-25 | #53, 2010-03-26


ՀՀ-ՈՒՄ ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՊԱԿԱՍ ԿԱ

«Հայաստանում բանկոմատներ ներմուծող կազմակերպությունը հիմնականում մեկն է, հետեւաբար այս առումով միջազգային շուկայի հետ առայժմ չենք կարող համեմատվել, որտեղ կա կայացած շուկա եւ մրցակցություն: Մենք մի փոքր հետ ենք մնում ընդհանուր զարգացածությունից, եւ հաշվի առնելով մեր շուկայի սահմանափակումները` ավելի լավ կլինի ունենալ նաեւ այլ ներմուծող կազմակերպություններ», երեկ կազմակերպված բիզնես-ընթրիքի ժամանակ ասաց «Արարատ» բանկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Գրիգոր Ցոլակյանը :

Նրա ասելովՙ այսօր ՀՀ-ում կա 600 բանկոմատ, ինչը մեր բնակչության համար բավականին քիչ է: Նշենք, որ միայն Մոսկվայում ներկայումս կա 50.000 բանկոմատ: «Այս պատճառով էլ այլ կազմակերպությունների ներմուծումը շուկա միայն կնպաստի դրա ձեւավորմանը եւ կայացմանը», ասաց նա:

Այս դեպքում նոր ներմուծվող ընկերությունն է «Լանիտ» կազմակերպությունը, որը կազմակերպված բիզնես-ընթրիքի ժամանակ հայաստանյան բանկերին ներկայացրեց իր կողմից առաջարկվող «Դիբոլդ» բանկոմատները:

Թե որքանով կնպաստեն այս բանկոմատները մեր բանկային համակարգի զարգացմանը, եթե բանկերը որոշեն օգտվել հենց այս ընկերության առաջարկած արտադրանքից, դժվար է ասել, բայց, ըստ Գրիգոր Ցոլակյանի, այս դեպքում գոնե ընտրության հնարավորություն կլինի նաեւ մատչելության տեսակետից: «1 միջին բանկոմատի գինը տատանվում է մոտ 8-10 մլն դրամի միջեւ: Գինն էլի թանկ է միջազգայինի համեմատությամբ, քանի որ մաքսային արժեքներն են բարձր լինում, դրան գումարվում է սակագինը, բացի դրանից հիմնականում մի կազմակերպություն է ներմուծում, հետեւաբար ինքն էլ թելադրում է նաեւ այլ կանոններ: Ունենք բանկոմատների քչության խնդիր, կա կարիքը: Բիզնեսի կանոններ են, ինչքան շատ լինեն առաջարկները, այնքան շատ կլինեն նաեւ ընտրության հնարավորությունները», նշեց նա, ապա ավելացրեց. «Բայց միայն բանկոմատներ ձեռք բերելով չէ, պետք է նաեւ սպասարկման սրահ ունենալ, կարողանալ պատշաճ ձեւով սպասարկել»:

Սպասարկման մասին խոսեց Հայաստանում «Լանիտ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Լանար» ընկերության տնօրեն Տիգրան Դանիելյանը . «Յուրաքանչյուր բանկոմատ կարող է չսպասարկել առավելագույնը 2 ժամ, իսկ մարզերում` 6 ժամ: Այս տեսակի եւ այլ խնդիրները լուծելու համար կան ծառայությունների կենտրոններ: Ընդ որումՙ սպասարկման համակարգում կա 2 ձեւ: Օրինակ, «Լանիտը» «Դիբոլդ» բանկոմատների պաշտոնական ներկայացուցիչն է: Յուրաքանչյուր բանկոմատ ունի երաշխիքային սպասարկման ժամանակահատված: Գնորդը գնում է սարքավորում, պատասխանատվությունը կրում է «Լանիտ» ընկերությունը, իսկ դրա տեխնիկական սպասարկումը կատարում է Հայաստանում գործող «Լանար» ընկերությունը: Բացի դրանից, կա նաեւ համագործակցության 2-րդ տարբերակ, երբ բանկերն իրենք են առանձին տեխնիկական սպասարկման մասնագետներ ունենում», ասաց նա:

Այն հարցին, թե ունե՞նք մենք այսօր խնդիրներ բանկոմատների թարմացման հարցում, պատասխանեց. «ՏՏ ոլորտն անընդհատ զարգանում է, դուրս են գալիս նոր մոդելներ, նոր առաջարկներ: Ավելանում են անվտանգության համակարգի զարգացումները, ծրագրային ապահովումն է ավելի բարելավվել, ինչը թույլ է տալիս բացառել զեղծարարությունները»: Նրա խոսքերովՙ այս դեպքում Հայաստանում խնդիրն այն է, որ եղած բանկոմատներն արդեն հնացած մոդելներ են: «ՀՀ-ում եղած բանկոմատները ներմուծվել են մինչ 2008 թ.: Եթե համակարգչային սկզբունքով ներկայացնենք, ապա դրանք հավասար են, ասենք, Պենտիում 3-ի հնարավորություններին: Իսկ հիմա, երբ ՏՏ-ը ոլորտը չափազանց արագ է զարգանում, եղածները կարող են կատարել մինիմում գործընթաց, ինչը համեմատելի չէ միջազգային մակարդակի հետ»:

ՄԱՐԻԱՄ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4