«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2010-03-24 | #52, 2010-03-25 | #53, 2010-03-26


ԸՆԴՎԶՈՒՄԻ ԱՂԱՂԱԿ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՆԻՐԱՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ

2009-ի հուլիսին Երեւանի պետական համալսարանի տպագրատունը շքեղ կազմով ու բարձրորակ թղթով հրապարակել է Հովհաննես Չիլինկիրյանի «Թուրքերուն (իբր թե) չգիտցած իրականությունները» խորագրով ծավալուն (464 էջանոց) աշխատությունը, որը երկրորդ անգամ լրացված վերահրատարակությունն է: Գիրքը տպագրության է երաշխավորել Մեծ եղեռնի եւ Հայոց ազատամարտի «Ուխտատուն» թանգարան-ինստիտուտի գիտական խորհուրդը: Աշխատությունը կազմել եւ խմբագրել են սփյուռքի ազգային-մշակութային եւ քաղաքական նշանավոր գործիչ, Բեյրութում հրատարակվող «Նաիրի» առաջադիմական թերթի խմբագիր Ժիրայր Նաիրին եւ վաստակաշատ պատմաբան Վլադիմիր Պետրոսյանը (Երեւան):

Աշխատության առաջաբանում, «Երկու խոսք» վերնագրի ներքո (էջեր 3-22), պատմագիտության դոկտոր Վլադիմիր Պետրոսյանն արժեւորել է Հովհաննես Չիլինկիրյանի աշխատությունը, համառոտակի բնութագրել նրանում արծարծված խնդիրները եւ ընդհանուր գծերով ներկայացրել Չիլինկիրյանի պատմագիտական հայացքները, պատկերել նրա ազգային ինքնատիպ դիմանկարը:

Հովհաննես Չիլինկիրյանը, որ ապրում եւ ստեղծագործում է Փարիզում, եղբորորդին է հանճարեղ բանաստեղծ ու արձակագիր, ազգային-քաղաքական երեւելի գործիչ Ռուբեն Սեւակի: Հովհ. Չիլինկիրյանը մեծ հայասեր է, բազմավաստակ ու բեղուն, խորագիտակ պատմաբան, հայագետ, ազգային բարերար, Ռուբեն Սեւակի գրավոր հրապարակումները մեկտեղող եւ նրա կյանքն ու գործը լայնորեն բացահայտող գիտնական: Ընթերցողներին հիշեցնեմ, որ գրախոսվող գիրքը Երեւանում տպագրվել է նաեւ թուրքերեն, իսկ գրքի առաջին տարբերակը 2005-ին Երեւանում լույս է տեսել ֆրանսերեն եւ անգլերեն, որ շատ գնահատելի երեւույթ է:

Հովհ. Չիլինկիրյանն իր գիրքը համարում է «սարսափելի անիրաւութէան դեմ ընդվզումի աղաղակ»: Եվ իսկապես, գրախոսվող աշխատությունը հուժկու բողոքի ու պայքարի դրսեւորում էՙ թուրքերի շարունակական ստերի, կեղծիքների, իրական փաստերն աղավաղելու դեմ:

Գրախոսվող աշխատության մեջ զետեղված են 170 փոքրածավալ նյութեր, որոնք 2001-ի հունվարից մինչեւ 2009-ի ապրիլի 21-ը պարբերաբար տպագրվել են Բեյրութի «Նաիրի» թերթում (խմբագիրՙ Ժիրայր Նաիրի): Եվ ահա այդ նյութերը մեկտեղել եւ ստեղծել են Հովհ. Չիլինկիրյանի «Թուրքերուն (իբր թե) չգիտցած իրականությունները» խորագրով արժեքավոր գիրքը: Շեշտեմ, որ այդ գիրքը քարոզչական-տեղեկատվական արդի պատերազմում պատմականության ճշմարիտ դիրքերից աղաղակող, անաչառ քննադատություն էՙ ուղղված Հայոց ցեղասպանությունը 95 տարի ժխտող թուրք կեղծարարների ամեն տեսակի սնանկ ու հակապատմական փորձերի դեմ: Կեղծիքների ու ստերի մերկացումները որոշակիորեն փաստարկված են եւ սուր սլաքներով ուղղված թուրքական արդի լրագրերում, թուրք իշխանավորներիՙ դիվանագիտական ատյաններում հնչեցրած ելույթներում դրսեւորած «Թուրքերու (իբր թե) չգիտցած» իրողություններին, փաստերին ու դեպքերին: Շարունակաբար հետեւելով թուրքական (եւ ոչ միայն թուրքական) թերթերի հրապարակումներին, թուրք առաջնորդների ելույթներինՙ Հովհ. Չիլինկիրյանը քաղաքական սուր երգիծանքով խարազանում է դրանցում երեւացող բացահայտ ստերն ու կեղծիքները: Նա կարողանում է վեր կանգնել անձնական զգացումներից եւ պատմականության առողջ տեսանկյունից ներկայացնել ճշմարտությունը: Նյութերի բազմազանությունը, քաղաքական տարաբնույթ անցքերի, դեպքերի, իրողությունների հիմնավոր վերլուծությունները, տրամաբանված համոզիչ խոսքերն ընթերցողին հաղորդում են բազմաթիվ հարցերի վերաբերյալ հավաստի տեղեկություններ ու պատասխաններ:

Աշխատության մեջ գրեթե ամբողջովին երեւում է հին ու նոր Թուրքիանՙ իր դարավոր բարբարոս քաղաքականությամբ ու ստապատեր դիվանագիտությամբ: «Անկասկած, որ այսօրուան պատասխանատուներըՙ 1915-ի Իթթիհատ եւ Թէրաքքի կուսակցութեան (հոգեպէս, բարոյապէս եւ մարմնապէս) ժառանգորդներըՙ այսօրուան թրքական պետության պարագլուխներն են», 146 էջում գրում է Չիլինկիրյանը:

Հեղինակը տարբեր առիթներով քննարկում է Թուրքիայի եւ այլ պետությունների դիվանագիտական հարաբերությունները, բացահայտում ճշմարտությունները:

Չիլինկիրյանի աշխատության հյուսվածքում կարմիր թելի նման երեւում է Հայոց ցեղասպանության հիմնախնդիրը: Հեղինակը սկզբունքային դիրքերից բացահայտում է, որ «Հայկական ցեղասպանութիւնը (միշտ օգտագործում է միայն այդ եզրը, ոչ թե Մեծ եղեռնը-Ռ. Դ.) աշխարհի մէջ իր նմանը չունեցող ցեղասպանութիւն մըն է» (էջ 240): Հովհ. Չիլինկիրյանն այնուհետեւ այն միտքն է հայտնում, որ հրեաների դեմ կատարած անմարդկային բարբարոսությունները Գերմանիան ընդունեց եւ տվեց փոխհատուցում, բայց Գերմանիան հրեաների հայրենիքը չգողացավ, իսկ թուրքերը. «Հայ ազգը ցեղասպանութեան ենթարկեցին եւ գողացան հայերի հինգ հազար տարուա հայրենիքըՙ Հայաստանը» (էջ 219):

Հովհաննես Չիլինկիրյանը եզրահանգում է, որ Թուրքիային ցեղասպանության հանցանքով պատժելը համայն մարդկության պարտականությունն է:

Հավելեմ, որ պատմագետը ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ տեղեկատվական բազմաբնույթ այլ խնդիրներ քննարկում ու մեկնաբանում Է միանգամայն նորովի, պատմականության ճշմարիտ չափանիշներով, տրամաբանական գիտության օրենքներով:

Լինելով անկաշառ հայրենասեր ու ազգային մտածողություն ունեցող գիտնական, հրապարակագիրՙ Հովհ. Չիլինկիրյանն անդրադառնում է նաեւ Հայ դաշնակցական կուսակցության գործունեությանը, ցույց տալիս նրա թույլ տված ազգավնաս սխալները. բացահայտում սփյուռք-Հայաստան հարաբերություններում դրսեւորվող սայթաքումները, լուրջ շեղումները: Նա միաժամանակ բնութագրում է հհշական բախտախնդիրների գործածա չարիքներն ու ավերները, նշում Հայաստանի ներկա իշխանությունների ցավալի բացթողումներն ու սխալները:

Հովհաննես Չիլինկիրյանի աշխատությունը քարոզչական-տեղեկատվական պայքարի հանրագիտարանային հարուստ աղբյուր է եւ մեծ չափով օգտակար կլինի էությամբ ազգային-քաղաքական գործիչներին, դիվանագետներին, լրագրողներին, բուհերիՙ հատկապես միջազգային հարաբերությունների, պատմության, բանասիրության, իրավաբանության ու տնտեսագիտության, լրագրության բաժինների ուսանողներին, պատմության ու գրականության մասնագետներին, ընդհանրապես հայագիտությամբ ու հայոց պատմությամբ հետաքրքրվողներին:

ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4