«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2010-03-24 | #52, 2010-03-25 | #53, 2010-03-26


«ԱՐՄՄՈՆՈ» ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ 1-ԻՆ ՓՈՒԼԸ ԱՎԱՐՏՎԵՑ

Ավարտվեց «Արմմոնո» միջազգային 8-րդ թատերական փառատոնի 1-ին փուլը Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած պետական դրամատիկական թատրոնի «Ես եմ ճայը» (ըստ Անտոն Չեխովի «Ճայը» պիեսի) ներկայացումով, որը կայացավ Պատանի հանդիսատեսի թատրոնում:

Ներկայացումը բեմադրել էր ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, իսկ դերասանուհի Օլգա Կուզինան իր փայլուն խաղով, հոգեբանական խորը զգացողությամբ կարողացավ տրամադրել հանդիսատեսին լարված ու շունչը պահած հետեւել գործողությունների զարգացմանը: Ռեժիսորական հետաքրքրական բեմականացմամբ, Հակոբ Ղազանչյանը մեկ անգամ եւս հաստատեց, որ անկախ նրանից, ինչ գործ է բեմադրում, լինի դա դասական, արդիական, կոմեդիա թե տրագիկոմեդիա, պետք է նոր շունչ ու ասելիքով ներկայացնել, բայց ոչ թե բարոյազուրկ կամ խեղաթյուրված: Իսկ որ Չեխով բեմադրելը շատ բարդ ու դժվարին է, դա իհարկե գիտեն բոլորը: Բայց արի ու տես, Հ. Ղազանչյանը կարողացել էր ձայնային, լուսային եւ կինոկադրերով համեմված լուծումներով հանդիսատեսին ներկայացնել այդ պիեսը, որը Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի դրամ. թատրոնի խաղացանկում իր ուրույն տեղն է գտել:

Ներկայացումից հետո դերասանուհի Օլգա Կուզինան շնորհակալություն հայտնեց պիեսը մոնոներկայացումներ ծրագրում ընդգրկելու եւ հրաշալի ընդունելության համար: Փառատոնի տնօրեն Մարիանա Մխիթարյանը եւ ԱԺ մշակույթի եւ երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը շնորհակալություն հայտնեցին մասնակիցներին եւ հանձնեցին պատվոգրեր ու հուշանվերներ եւ կրկին նշեցին, որ փառատոնը դարձել է ավանդական ու այն կանցկացվի ամեն տարի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո:

«Արմմոնոյի» առաջին փուլը եզրափակվեց: Իսկ 2-րդ փուլը կկայանա ամռանը, Կապան քաղաքում:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4