Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ (2-1) «Մետալուրգը» իրավունք ստացավ վիճարկելու Ուկրաինայի գավաթը: Հենրիխ Մխիթարյանն ու իր թիմակիցները շատ հաջող անցկացրին գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումն իրենց համաքաղաքացիների հետ: Արդեն առաջին 10 րոպեներին Մգունին ու Դիմիտրովը 2 անգամ գրավեցին «Շախտյորի» դարպասըՙ դնելով ապագա հաղթանակի հիմքը: «Շախտյորը» միայն խաղավերջում կարողացավ «թրջել» հաշիվը:
Մայիսի 16-ին կայանալիք եզրափակիչ խաղում Դոնեցկի «Մետալուրգը» գավաթը կվիճարկի Սիմֆերոպոլի «Տավրիայի» հետ: Վերջինս Լուցկում 2-1 հաշվով հաղթեց առաջին խմբի առաջատարներից մեկինՙ «Վոլինին»: Վերջին 16 տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, որ ուկրաինական առաջատար ակումբներից եւ ոչ մեկը չկարողացավ եզրափակիչ մտնել: Անցյալ տարի էլ Պոլտավայի «Վոլինին» հաջողվեց եզրափակիչում հաղթել Դոնեցկի «Շախտյորին»ՙ ընդհատելով հանքագործների եւ Կիեւի «Դինամոյի» 15-ամյա գերիշխանությունը երկրի գավաթի խաղարկություններում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ