Ֆրանսիայի Նիս քաղաքում վերջնագծին է մոտենում շախմատի «Ամբեր» մրցաշարը: Նախավերջինՙ 10-րդ տուրում Արոնյանը 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց առաջատարների խմբում ընթացող Գրիշչուկին: Ընդ որում նա հաղթեց «կույր» շախմատում, որտեղ Գրիշչուկը մասնակիցների մեջ լավագույն ցուցանիշն ունի (7 միավոր): Արոնյանը վաստակեց 9,5 միավոր եւ շարունակում է տեղ զբաղեցնել 9-րդ հորիզոնականում:
10-րդ տուրն անվանեց մրցաշարի նոր առաջատարին: Երկու պարտիաներում էլ առավելության հասնելով Պոնոմարյովի նկատմամբ, Կառլսենը 13,5 միավորով ստանձնեց առաջատարի դերը: Նրան կես միավոր է զիջում Իվանչուկը, որը Կրամնիկի հետ երկու պարտիաներում էլ հաշտություն կնքեց: Վերջինս 12 միավորով 3-րդ տեղում է: 11,5 միավոր ունի Գրիշչուկը: Հենց այս քառյակն էլ կպայքարի հաղթողի կոչման համար: Ավարտական տուրում Կառլսենը կմրցի Գրիշչուկի հետ, Իվանչուկի մրցակիցը կլինի Գելֆանդը, Կրամնիկը կխաղա Կարյակինի հետ: Արոնյանն ուժերը կչափի Դոմինգեսի հետ
10-րդ տուրի մյուս հանդիպումներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Սմիթս-Դոմինգեսՙ 1,5-0,5, Կարյակին-Հաշիմովՙ 1-1, Սվիդլեր-Գելֆանդՙ 1,5-0,5:
Ինչպես վերը նշեցինք, «կույր» շախմատի առաջատարը Գրիշչուկն է (7 միավոր), որին կես միավոր է զիջում Կառլսենը: Իվանչուկն ունի 6 միավոր, Գելֆանդի, Կարյակինի եւ Կրամնիկի օգտին գրանցված է 5,5 միավոր: Արոնյանն ունի 4 միավոր:
Արագ շախմատի մրցաշարում 7-ական միավորով առջեւում են Կառլսենն ու Իվանչուկը, որոնց կես միավոր է զիջում Կրամնիկը: Արոնյանն ունի 5,5 միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ