«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2010-03-25 | #53, 2010-03-26 | #54, 2010-03-27


ԵԿԵՂԵՑԻ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՅՍ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ԲՆԱՎ ՊԵՏՔ ՉԷ

Իսկապես պետք էր խնայվեր մեզ այս առճակատումը: Դրանից ոչ ոք չի կարող շահել, բացի մեր թշնամիներից, խլրդային աշխատանքի լծված աղանդավորներից: Այսինքնՙ վնասը կրելու ենք բոլորսՙ ե՛ւ ազգային մեր եկեղեցին, ե՛ւ հասարակությունը:

Անշուշտ, կարիք չկա բացատրելու, որ խոսքը վերաբերում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի փոխարեն եւ նույն տեղում 1923-26 թթ.-ին քանդված-պայթեցված Սբ Պողոս-Պետրոս եկեղեցի կառուցելուն: Ավելի ճիշտՙ հասարակության մի մասի ընդդիմությանը այդ ծրագրին, գլխավորությամբ ճարտարապետների, որոնց նախաձեռնությամբ սկսված ստորագրահավաքին երեկվա տվյալներով միացել է 23 հազար մարդ:

Իսկապես նախանձելի այս ակտիվության պատճառներն ավելի խորը ուսումնասիրության կարիք են զգում, սակայն այժմվանից իսկ կարելի է պնդել, որ դրա ակունքներում հարազատ քաղաքը հետագա փոփոխություններից ու աղճատումներից զերծ պահելու նախանձախնդրությունը չէ միայն: Այստեղ կան, իրոք, այլ պատճառներՙ մասնագիտական շահագրգռվածությունից մինչեւ աթեիստականՙ դեռեւս մարտնչող մտածողությունը, ամեն իշխանականի (այդ թվում նաեւ եկեղեցական նվիրապետության) նկատմամբ չկամության դրսեւորումներից մինչեւ սխալ հասկացված ազատախոհությունն ու մամուլի որոշ օրգաններում հասարակական կարծիքը Մայր աթոռի դեմ տրամադրելուՙ արդեն բավական հին նկրտումները, որոնք նոր թափ էին ստացել այն պահից, երբ, 2008 թ. մարտի 1-ի ողբերգության օրը, ընդդիմության առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանը մերժեց ընդունել Ամենայն հայոց կաթողիկոսի այցը, որը գուցե խնայեր մեզ ողբերգության ծանր հետեւանքներից: Դրա ակունքներում է նաեւ այն հակակրանքը, որը առկա է ընչաքաղց որոշ քահանաների, պճնամոլ ու շվայտ որոշ եկեղեցականների, միշտ իշխանավորների հետ դիրքավորվելու պատրաստ կղերականների նկատմամբ:

Այլ խոսքով, կինոդահլիճ քանդելու-եկեղեցի կառուցելու շուրջը ծխական մակարդակով լուծվելիք վեճը վեր է ածվել ազգային խնդրի, եկեղեցի-հասարակություն հակադրության, դժվարին կացության մատնելով այն իսկական հավատացյալներին, ինչպես նաեւ Հայ եկեղեցու ազգային դերակատարությանը հավատացող մեր ազգայիններին, որոնց թիվը շատ ավելի ստվար է, հավատացեք: Վերջիններից շատերն են զգում քանդել-կառուցելու անհարմարություններն ու անպատեհությունները, սկսած Թումանյան փողոցի այդ հատվածի շինարարական ու կիրառական անհարմարություններից եւ վերջացրած եկեղեցազուրկ մնացած խոշոր թաղամասերի առաջնահերթություններով: Առավել եւս նրանց տխրեցնում է մեր որոշ եկեղեցականների ագրեսիվ դրսեւորումները վերջին բանավեճերի ընթացքում, մանավանդ երբ մի շարք հոգեւոր հայրեր, իբրեւ թե պաշտպանելու համար եկեղեցու շահերը, արտահայտվում են վերջին նորահարուստ տղերքի նմանՙ մեր սեփականությունն է, ինչ կուզենք կանենք: Այնինչ, մեր եկեղեցու ողջ ունեցվածքը նվիրվել է ազգայինների ու ժողովրդի կողմից, հետեւաբար այն պատկանում է ողջ ժողովրդին:

Իրերի այս կացության մեջ ամենից ողջամիտ բանը պիտի լիներ անհապաղ սառեցնել վեճը, մորաթորիում հաստատել շինարարական ծրագրի վրա եւ հանդարտորեն մտածել լուծումների մասին: Ի վերջո, չպետք է մոռանալՙ եկեղեցին հասարակության, հավատացյալների համար է:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4