Վերջերս շատ արծարծվող նյութերից մեկը Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շուրջը բարձրացված աղմուկն է, որը կարծես մի տեսակ ցուցիչ է դարձելՙ մի կողմից քաղաքի տեսքի հանդեպ վերջին տարիներին կատարվող ոտնձգությունների նկատմամբ զգայունության, մյուս կողմիցՙ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի:
Եթե առաջին տեսակետով առաջնորդվող մարդկանց զգացմունքները միանգամայն կարելի է հասկանալ եւ սատարել, ապա երկրորդ կետում ակնհայտորեն զգացվում է տարբեր հարցեր իրար հետ խառնելու անհասկանալի ցանկություն որոշ մարդկանց խոսքերում եւ գործերում:
Նրանց կռվանները հանգում են հիմնականում այն բանին, որ, առաջին, ամառային դահլիճը 60-ականների ճարտարապետական փայլուն նմուշ է, եւ, երկրորդ, կան քաղաքացիներ, ներառյալ ճարտարապետները, ովքեր բարի հիշողություններ ունեն իրենց մանկության կամ երիտասարդության տարիներիցՙ կապված այդ կոթողի հետ, որտեղ նրանք կինո են դիտել կամ ներքեւի սրճարանում մտերմիկ զրուցել: Սկսենք երկրորդից: Վատ չի լինի, եթե նման զգացմունքներով այդ կառույցը պաշտպանողները իրենց հաշիվ տան, թե ինչ զգացմունքներ են ունեցել իրենց ավագ սերնդի մարդիկ, հավանաբար նույն ճարտարապետների կամ քաղաքացիների անմիջական հայրերը կամ պապերը, երբ իրենց աչքերի առաջ պայթեցվել ու քանդվել է շատ ավելի կարեւոր մի շինությունՙ եկեղեցի: Ինչո՞ւ իրենց երիտասարդության հետ կապված մշակութային հիշատակները ավելի կարեւոր պիտի համարվեն, քան իրենց իսկ հայրերի հոգեւոր, մշակութային, բարոյական զգացմունքները, որոնք այդպես կոպտորեն ոտնահարվեցին: Միայն ա՞յն բանի համար, որ իրենք կենդանի են, իսկ իրենց հայրերըՙ ոչ: Բայց մի՞թե որդիները պարտավոր չեն հարգել իրենց ծնողների նվիրական զգացմունքները, եթե նույնիսկ պետք լինի հրաժարվել իրենց սեփական, ակնհայտորեն պակաս նվիրական զգացմունքներից (նկատի ունեմ, որ իրենց զգացմունքների օբյեկտը պակաս նվիրական է):
Հիմա անդրադառնամ առաջին կռվանին, որ ամառային դահլիճը լուրջ ճարտարապետական կոթող է: Որպես քառասուն տարուց ավելի Երեւանում բնակվող քաղաքացի, ես, ճիշտն ասած, այդ պնդումը բոլորովին էլ անվիճելի չէի համարի: Մեր հարգարժան ճարտարապետները, չգիտես ինչու, միայն իրենց են վերապահում որեւէ կառույցի արժեքը որոշելու բացառիկ իրավունքը, մոռանալով, որ ի տարբերություն երաժշտական, գրական, կերպարվեստի որեւէ գործի, որոնք չհավանելու դեպքում ես կարող եմ չլսել, չկարդալ կամ չդիտել այդ արվեստի գործը, ճարտարապետական կառույցներն ակտիվորեն անընդհատ բոլորիս կյանքի մեջ են, լավը լինեն թեՙ վատը, մենք ամեն օր ստիպված ենք քայլել նրանց կողքով, բնակվել այն տներում, որ կառուցում են մեր ճարտարապետները, հաճախել նրանց ստեղծած մշակույթի օջախները, խանութները եւ այլն, եթե, իհարկե, չենք ուզում թողնել ու գնալ այս քաղաքից: Այնպես որ մենք, որպես ճարտարապետների արտադրանքի ակամա սպառողներ, անկախ մեր կամքից, այդ արտադրանքի ամենաշահախնդիր ու միաժամանակ ամենաօբյեկտիվ գնահատողներն ենք, որովհետեւ մեր քաղաքի ճարտարապետական միջավայրը մեծապես որոշում է մեր կյանքի որակը եւ ամենօրյա տրամադրությունը: Մի՞թե մենք իրավունք չունենք որոշելու մեր կյանքի այդպիսի կարեւոր մասը կազմող օբյեկտի արժեքը:
Բայց եկեք ընդունենք, որ ամառային դահլիճը իրոք այդպիսի լուրջ արժեք է: Այդ դեպքում ի՞նչն է խանգարում այդ նույն նախաձեռնող խմբինՙ կազմակերպելու ամառային դահլիճի տեղափոխման նախագիծ դեպի քաղաքի այլ վայր: Եթե որեւէ մեկին այդ միտքը առաջին հայացքից տարօրինակ եւ վիրավորական թվա, անմիջապես նորից հիշեցնեմ, որ ամառային դահլիճը գտնվում է հանցագործ կերպով ոչնչացված 5-րդ դարի եկեղեցու տեղում, «տնվորի» կարգավիճակով: Բացի դրանից, չէ՞ որ որոշ ճարտարապետների նախաձեռնությամբ եւ մյուսների լռելյայն «օրհնությամբ» բազմաթիվ ավելի արժեքավոր ու հին շենքեր թվանշվեցին, քանդվեցին ու հեռացվեցին քաղաքի կենտրոնիցՙ իբր հետագայում այլ տեղում կառուցելու համար: Ի՞նչն է խանգարում, որ ամառային դահլիճը այս անգամ ոչ թե «իբր», այլ իսկապես տեղափոխվի քաղաքի որեւէ այլ մաս, դա ավելի տրամաբանական կլինի, քան թե բուն «տանտիրոջը» այլ տեղ տեղափոխելու առաջարկը, ինչը անում են ամառային դահլիճի պաշտպանները: Դահլիճի տեղափոխման դեպքում ե՛ւ կփրկվի ճարտարապետական այդ կոթողը, ե՛ւ կվերականգնվի պատմական, հոգեւոր եւ բարոյական արդարությունը:
Վերջում կավելացնեմ մի նկատառում: Այս շինության հետ կապված բոլոր բանավեճերից իմ մտքում մի հարց է ծագում, կուզենայի, որ ամառային դահլիճի կողմնակիցներն իրենց տային, եթե հանկարծ որոշվեր այդ շինության տեղում ոչ թե հայկական եկեղեցի, այլ եւս մի սրճարան կամ գիշերային ակումբ կառուցել (եւ նման բան մինչ այժմ իրականում դանդաղորեն կատարվում էր), արդյոք իրենք նույն ջերմեռանդությամբ կպաշտպանեի՞ն այդ կառույցը:
ԽԱՉԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ