«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2010-03-25 | #53, 2010-03-26 | #54, 2010-03-27


ԿԻՆՈԴՊՐՈՑԻ ՀՅՈՒՐԸՙ ՅՈՍ ՍՏԵՌԼԻՆԳԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

«Ոսկե ծիրան» տարածաշրջանային բարձրագույն կինոդպրոցն իր գործունեությունը սկսել է 2008-ին, երբ առաջին անգամ վարպետության դասերով հանդես եկավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ, կանադահայ աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանը : Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Թուրքիայի երիտասարդ կինոգործիչները շարունակեցին իրենց աշխատանքները եւ իրանցի հանրահայտ ռեժիսոր Աբբաս Քիարոստամիի ղեկավարությամբ նկարահանեցին 16 կարճամետրաժ ֆիլմՙ մեկ շաբաթվա ընթացքում: Կինոդպրոցը սկսեց նաեւ մեկամսյա դասընթացների անցկացումը, որոնց ընթացքում ուսանողները դասախոսություններ էին լսում ռեժիսուրայի, սցենարական եւ օպերատորական վարպետության, կինոյի պատմության եւ այլ առարկաներից, ինչպես նաեւ պրակտիկ աշխատանքների կատարում: Ինչպես տեղեկացրեց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը , «բացի դրանից մենք պարբերաբար հրավիրում ենք համաշխարհային կինոյի նշանավոր դեմքերին, որպեսզի մեր ուսանողների հետ վարպետության դասեր անցկացնեն եւ նաեւ գործնական աշխատանք անեն: Ահա այդպիսի դասընթացներ է անցկացնում հոլանդացի հանրահայտ կինոռեժիսոր եւ սցենարիստ Յոս Ստեռլինգը կինոդպրոցում, ու նաեւ իր վերահսկողությամբ նկարահանվում է 3 կարճամետրաժ խաղարկային ֆիլմ «Սերը եւ քաղաքը (Երեւան)» թեմայով:

Փառատոնի գեղղեկ Սուսաննա Հարությունյանը նշեց, որ 20 սցենարական հայտերից Ստեռլինգն ինքն է ընտրել 3 սցենար, որոնք ըստ նրա, ոչ թե լավագույններն էին, այլ ամենահարմարն էին մի քանի օրում նկարելու համար: Դրանք են Հասմիկ Հովհաննիսյանի «Գլխարկ», Մարիանա Եղիազարյանի «Գաղտնիք» եւ Արթուր Սուքիասյանի «Երեւանի սիրուն տղա» սցենարները:

Ներկայացնելով հյուրին, պրն Ստամբոլցյանն ասաց, որ Յոս Ստեռլինգը 3-րդ անգամն է Երեւանում: Մեկ տարի առաջ նրա 60-ամյակը Փարաջանովի տուն-թանգարանում նշվել է մեծ շուքով: Իսկ 2-րդ անգամ ռեժիսորը Հայաստան է այցելել 2008-ին եւ «Ոսկե ծիրան» փառատոնին ներկայացրել «Դուշկա» ֆիլմը: Այժմ ռեժիսորը աշխատում է նոր ֆիլմի վրաՙ «Աղջիկը եւ մահը», հոգեբանական մի սցենարով, որը երկու տարի հետո միայն կավարտվի: Պատասխանելով լրագրողների հարցերին Յոս Ստեռլինգը նշեց. «Մեծ հաճույքով եմ գալիս Երեւան եւ ինձ զգում եմ ինչպես տանը: Մի առիթով գաղափար տվեցի, որ ծիրանի գարեջուր արտադրեն, սակայն ոչ ոք դա չարեց... Ֆիլմը հսկայական նշանակություն ունի տվյալ երկրի համար, քանի որ հենց ֆիլմով ես ճանաչում այդ երկիրը. եթե չկա ֆիլմՙ դու զրկվում ես այդ երկրի մասին տեղեկանալուց: Հոլանդիայում ֆիլմերը արտադրվեցին, որպեսզի դիմակայենք ամերիկյան ֆիլմերին ու ստեղծեցինք կինոհիմնադրամ եւ կինոարտադրություն: Ձեր երկրում կինոթատրոնների կարիքը շատ կա, քանի որ դուք շատ լավ ֆիլմեր եք արտադրում: Հոլանդիայում ամեն մարդ կարող է ինտերնետով 60 ֆիլմ մեկ օրում դիտել, տանը նստած, առանց մարդկանց հետ շփվելու: Եվ քանի որ մարդկային շփումները ֆիլմերից հետո քննարկումները շատ կարեւոր են, ես ստեղծեցի իմ կինոթատրոնը, որտեղ միայն հեղինակային ֆիլմեր ենք ցուցադրում»: Հյուրը բարձր գնահատեց դասընթացների անցկացումը եւ կարեւորեց դրանքՙ կինոարտադրության զարգացման ու ֆիլմ նկարահանելու տեսակետից:

Տեղեկացնենք, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի 7-րդ անգամՙ հուլիսի 11-18-ը: Մյուս կողմից տեղեկացնենք, որ Շվեյցարիայի Ֆրիբուրգ քաղաքում մարտի 13-20-ը անցկացվող 24-րդ միջ. կինոփառատոնին Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը արժանացել է Կինոքննադատների միջազգային ասոցիացիայիՙ ՖԻՊՐԵՍ-ի (FIPRESCI) կողմից նոր մրցանակի ու նաեւ հրավիրվել Իսրայելում ու ԱՄՆ-ում հատուկ ցուցադրության:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4