Մարտի 25-27-ը Երեւանում արդեն 2-րդ անգամ անցկացվում է թուրքական ֆիլմերի փառատոն, որը կոչվում է հայտնի լրագրող եւ իրավապաշտպան Հրանտ Դինքի հոդվածներից մեկի անունով` «23,5»:
Փառատոնի մասին «Ազգ» -ը գրել է մարտի 18-ի համարում: Ֆիլմերը պետք է ցուցադրվեին Կամերային պետական թատրոնի դահլիճում: Թատրոնի եւ փառատոնի տնօրենությունների միջեւ կնքվել էր համագործակցության պայմանագիր, սակայն Կամերային թատրոնը փառատոնից մի քանի օր առաջ միակողմանիորեն լուծարեց պայմանագիրը, այնինչ պայմանագրում արձանագրված էր, որ այն ենթակա է լուծարման միայն երկու կողմերի փոխադարձ համաձայնության դեպքում:
«Կամերային թատրոնի տնօրեն Արա Երնջակյանը մի ողորմելի նամակագրություն սկսեց ինձ հետ: Նա պատճառաբանում էր իբր թատրոնում վթարային իրավիճակ է, սակայն թատրոնը հենց այս պահին էլ շատ լավ գործում է ու այնտեղ ոչ մի վթարային վիճակ էլ չկա: Ես մտադիր եմ դիմել դատարան», երեկ «Հայացք» ակումբում` ասուլիսի ժամանակ հայտարարեց «23,5»-ի տնօրեն Գեորգի Վանյանը :
Ինչեւէ, մարտի 25-ին արդեն մեկնարկել է փառատոնը: Թուրքական ֆիլմերը ցուցադրվելու են Ալեք Մանուկյան 9 հասցեում գտնվող Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնի դահլիճում: Փառատոնի շրջանակներում Կամերային երաժշտական պետական թատրոնում ներկայացվելու է նաեւ «Նիգյար» մոնոներկայացումը, որի հեղինակն ու բեմադրիչը Թուրքիայի «Դանս Բուլուշմա, Իստանբուլ» պարարվեստի դպրոց-ստուդիայի ղեկավար Այթյուլ Հասալթունն է:
Նիգյարը կնոջ անուն է, նաեւ նշանակում է գեղեցիկ դեմքով սիրուհի: Ներկայացումն արծարծում է Թուրքիայում ապրող կանանց խնդիրները:
«Ես միշտ հավատացել եմ ժողովուրդների եղբայրությանը: Մեր ժողովուրդների միջեւ խնդիրներ չկան, խնդիրները մեր իշխանությունների միջեւ են», ասուլիսի ժամանակ ասաց Այթյուլ Հասալթունը:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ