«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2010-03-26 | #54, 2010-03-27 | #55, 2010-03-30


Ո՞ՒՄ ՁԵՌՔԻՆ ԵՆ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպելուց հետո երեկ Հայաստան ժամանեցին Մինսկի խմբի համանախագահները, ընդ որում երկու օր առաջ նրանց գալու տեղեկությունը տարածել էին ոչ թե մերոնք, այլ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն էր բարձրաձայնել այդ մասին: Սա անուղղակի մատնանշում է, որ ԼՂ խնդրով զբաղվող հայկական շրջանակներին նյարդայնացնում է մադրիդյան սկզբունքներին վերաբերմունք հայտնելու ներկա պահը, ինչն, այնուամենայնիվ, տեսանելի է դարձնում այն մտահոգությունը, որ առաջարկների այս փաթեթը մեզ համար վտանգներ ունի իր մեջ: Ընդ որում` համանախագահներից երկուսն էին երեկ եկել, ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն ավելի վաղ էր ժամանել Երեւան: Թե ի՞նչ է խոսել վերջինս մեր Սեյրան Օհանյանի հետ, որ նաեւ Մարի Յովանավոչն է ներկա եղել` պարզ չէ, կամ ավելի շուտ` շատ էլ պարզ է նրանց փորացավը` արագ լուծում, խաղաղության չվտանգում, հայ-թուրքականի հույս...

Հասկանալի է, որ եկել է Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Հայաստանի տեսակետ բարձրաձայնելու ժամանակը: Համենայն դեպս` բանակցությունների ընթացքն այնքան է լրջացել, որ համանախագահներն այցելում են նախ Ղարաբաղ ու նախ հանդիպելով ղարաբաղյան ղեկավարությանը` արտահայտվում, թե իրենց առաջ քաշած առաջարկներն համաձայնեցման ընթացքի մեջ են, կողմերը համաձայնում են համարյա ու մնում է 4 կետ: Բայց այնպիսի 4 կետ, որոնց վերաբերյալ (կամ դրանց մի մասի) հայկական կողմն անհամաձայնություն է հայտնել:

Բայց համանախագահներն, ըստ ռուս համանախագահ Մերզլյակովի, դրանից տրագեդիա չեն սարքում` մի երկու տարի առաջ էլ ադրբեջանցիք էին չեմուչում անում` եկա՞ն ընդհանուր հայտարարի, համոզեցի՞ն նրանց, հայերին էլ կհամոզեն, աշխատելու խնդիր է: Համենայն դեպս այդ համոզմունքին է Մերզլյակովը, ով թեթեւ է խոսում, քանի որ ինքը գնացական է` մավրն իր գործն արեց, եւ հեռանում է, իսկ նրա փոխարեն կգա մի ուրիշ մավր: Իսկ թե ի՞նչ են ասելու Նալբանդյանն ու Սարգսյանը համանախագահներին` դրանից շատ բան է կախված լինելու: Բոլորը Հայաստանում եւ արտերկրում շունչները պահած սպասելու են դրան, ու գնալու է... Մեկն ասելու է` Ղարաբաղը տալիս են, մեկն ասելու է` ես լինեի, այսպես ու այնպես, մյուսը` ես լինեի... դե գիտեք: Բայց որ Ղարաբաղի հարցն իսկապես շատ բաներ է վճռելու, հաստատ:

Ծանր ժամանակ է այն մարդու համար, ում ձեռքին այս պահին, ճիշտ է, երեք տուզ կա, բայց կոզրը կարող է ուրիշի ձեռքում հայտնվել: Անկախ նրանից` պայմանավորվում ենք հայ-թուրքական կամ ղարաբաղյան գետնի վրա, թե ոչ, մեկը մյուսով արագանալու է, թե ոչ, դրակա՞ն լուծում են ունենալու երկու հարցերը Հայաստանի համար, թե ոչ` այս երկու խնդիրներն արագորեն մոտենում են ինչ-որ հանգուցալուծման: Այդ հանգուցալուծումները զուգորդվելու են երրորդ խնդրով` տնտեսական ճգնաժամի արդյունք տնտեսական բեւեռացվածությամբ, այսինքնՙ կա եւս մեկ խաղաթուղթ` տնտեսաքաղաքականը, որ վերը նշված երկուսի հետ կապված, մեջընդմեջ, նայած հաջողության կամ ձախողության, կարող է օգտագործվել ներքաղաքական գործընթացներում: Երեք տուզերը մի ձեռքում` ստույգ շանս են քաղաքական խնդիրներ լուծելու, դրանց մեջ կոզրը կարող է լինել, կարող է չլինել, եւ ոչ միայն կարող է չլինել, այլ լինել` հակառակորդի կամ մրցակցի ձեռքին, այդ դեպքում երեք տուզերը ոչինչ կարող են չնշանակել: Ղարաբաղյան խնդիրը մի փոքր դիտարկեցինք` պարզ է, որ Հայաստանի երեք նախագահներն էլ այս խաղաթուղթը մշտապես կարող են եւ պատրաստ են օգտագործել ի շահ քաղաքական նպատակահարմարության, սակայն այս իմաստով` ամենից ոչ շահեկան վիճակը գործող նախագահինն է, ով կարծես դառնում է պատասխանատու ամեն ինչի համար, եւ նա պետք է ուզենար քաղաքական պատասխանատվությունը կիսել մյուսների հետ: Այս պահից, երբ կարծես երեւում է, որ ԼՂ խնդրում հանգուցալուծում է պարտադրվում:

Հայ-թուրքական արձանագրությունների ներկան եւս այս պահին բարենպաստ չեն գնահատում ոչ հայերը, ոչ թուրքերը: Թուրքերն ամեն ինչ կապում են ղարաբաղյան խնդրում առաջընթացի հետ, գազազում են Ցեղասպանության ճանաչման օրինագծերից եւ Ներկայացուցիչների տան բանաձեւից, բայց եւ չէին ուզենա միջազգային ասպարեզում կորցնել սահման բացողի իմիջը, չեն էլ կարող հրաժարվել Ադրբեջանի հետ բարեկամությունից: Որ թուրքերն ուզում են գործընթացը շարունակել` երեւում է թեկուզ Հիլարիին զանգահարած Դավութօղլուի պահվածքից, ով կիրակի օրը մի լավ խնդրել է պետքարտուղարուհուն, թե` ի՞նչ կլինի, բանաձեւը մի դրեք քվեարկության, դա վատ կանդրադառնա Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու եւ թուրք-ամերիկյան փոխհարաբերությունների վրա: Հիլարին համարյա խոստացել է` «Էրդողանը գա` տեսնենք (ապրիլի 12-13)»:

Մի խոսքով` ակնհայտ է, որ հայ-թուրքական արձանագրութունների ճակատագիրն անորոշ է, իսկ միջազգային ամենատարբեր շրջանակների ջանքերը` արագ լուծման հասցնել ղարաբաղյան հիմնախնդիրը, ակամա բացահայտում են, այնուամենայնիվ, զույգ գործընթացները մեկը մյուսով պայմանավորելու հետքը: Հայաստանը պարզ է, որ չի կարող համաձայնել անվտանգության ոչ մի երաշխիք չնախատեսող` «Սկզբում զորքեր հանելը, հետո կարգավիճակը» տարբերակին, իսկ միջազգայինները Ղարաբաղի հարցում առաջաընթաց ապահովելով` ուզում են հանգստացնել Թուրքիային, որպեսզի վերջինս հետ չկանգնի արձանագրությունների վավերացումից:

Հիմա վերադառնանք ներքաղաքական խաղաքարտին, որից ունի ոչ միայն երկրի նախագահը` հայ-թուրքական եւ ղարաբաղյան խնդիրների կարգավորմանը զուգահեռ, այլեւ ունեն բոլոր քաղաքական ուժերն անխտիր: Ո՞ւմ ձեռքին է այդ խաղաքարտերից չկեղծվածը, եւ ոչ միայն չկեղծվածը, այլեւ կոզրը, դեռ պարզ չէ:

Տեսեք, թե ի՞նչ արագությամբ են զարգանում ներքաղաքական դեպքերը: ՀԱԿ-ը հայտարարում է արտահերթ ընտրությունների մասին` մինչեւ ամառ, պարզ է, որ նկատի ունի վերը նշված երկու գործընթացներից որեւէ մեկի ձախողման հետեւանքը, երկրի նախագահը տարբեր հարցազրույցներում ու հանդիպումներում ասված տեսակետների ձեւաչափերում կոշտանում-մեղմանում է ղարաբաղյան եւ հայ-թուրքական թեմաներով, անմիջապես գալիս է Ռ. Քոչարյանը` դուք մի տեսեք, տնտեսությունը լավ չենք զարգացնում, մինչ այդ էլ ԲՀԿ նախագահի միջոցով էր նույն կարգի մեսիջներ ուղարկվել` ում պետքն է, բայց ատամի տակ ավելի շուտ Ղարաբաղն է, ՀՅԴ-ն միշտ պատրաստ... Տարբեր ռանգի թերթերն ու կայքերն էլ միայն հնարավոր իշխանափոխությունից եւ հեղաշրջումից են խոսում, նայած ով` պատճառն ըստ այդ «նայածի» է նշվում` ճգնաժամի հետեւանք բեւեռացում, հայ-թուրքական կամ Ղարաբաղի հարց: Ռոբերտ Քոչարյանին, ում վերջին օրերին ՀՀԿ ներկայացուցիչները «տնտեսական մեղադրանքների» մասով էին պատասխանում, դեռ մեղադրանք վերահասցեագրելով, թե Ղարաբաղին բանակցություններից հենց նա է դուրս թողել, Քոչարյանի գրասենյակը երեկ շատ ձեւած-չափված պատասխանեց, թե «ոչ», դա եղել է մինչեւ Քոչարյանի իշխանության գալը: (Տեսՙ էջ 3): Առաջին նախագահի գրասենյակից էլ` թե «ջղային մեկնաբանություններ» են Քոչարյանինը:

Բայց նորը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի խփած մեխն էր երեկ, ով երեկ անսպասելիորեն (իսկ գործընթացները մոտիկից իմացող մարդկանց համար` սպասելիորեն), ոչ թե սրեց, այլ փորձեց կլորացնել Քոչարյան-ՀՀԿ հակասության սուր անկյունները. «Պետք չէ հակասություն փնտրել երկրորդ եւ երրորդ նախագահների արտաքին քաղաքականության միջեւ... Պետք է համախմբվել նախագահ Սարգսյանի շուրջը, առաջ նայել եւ իրականացնել այնպիսի լուծումներ, որոնք կբխեն հայկական կողմի շահերից` ապահովելով բանակցային գործընթացին ԼՂ ուղիղ մասնակցությունը»: Սա բաց տեքստ է համարյա, որով ակնարկվում է, որ Ռ. Քոչարյանը եւս խորթ չէ համակարգին, մեր ասած` պատասխանատվության կիսելն է, իսկ Շարմազանովն առանց իր կուսակցության նախագահ երկրի նախագահի «դաբրոյի» հազիվ թե այդպիսի բան ասեր:

Սպասե՞նք զարգացումներին, իսկ որ դրանք հետեւելու են եւ ներքաղաքական, եւ արտաքին քաղաքական գետինների վրա, դրանում կասկածող չկա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4