«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2010-03-26 | #54, 2010-03-27 | #55, 2010-03-30


ՇՓՈԹՙ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Նոր մեկնակետ, թե՞ հնի վերադարձ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները հաճախ են այլ գործընթացների ազդեցությամբ «ինտենսիվանում» կամ «դանդաղում»: Ընդ որում, այս գործընթացներն ուղեկցվում են այնպիսի տարաբնույթ հայտարարություններով, որ ավելի հաճախ կարելի է կորցնել որեւէ ողջամտություն:

Հայկական եւ ադրբեջանական կողմերի հայտարարությունները հաճախ ոչ միայն չեն համընկնում, այլեւ տրամագծորեն այլ բեւեռներից խոսողների տպավորություն են թողնում: Եվ սա այն պատճառով չէ, որ հայկական կողմի հայտարարությունների հանդեպ վստահության կամ հավատի պակաս կա, պարզապես մեր կողմում էլ հայտարարությունները ոչ հազվադեպ արվում են այնպիսի խառնափնթոր ձեւով, որ ասողն ինքը թերեւս չի կարողանա կրկնել սեփական խոսքերը:

Հասկանալի է, որ հստակ ու բանակցությունների ամենայն մանրամասնից անտեղյակ մարդկանց համար ասվող խոսքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում շատ քիչ են պատահում: Միեւնույն ժամանակ, հասկանալի է նաեւ, որ երբ նման պարզ ու բաց տեքստով հայտարարություններ են արվում, դրանք իզուր չէ, որ արվում են հենց այդ կերպ ու այդ ձեւով:

Հայկական կողմը, հակամարտության կարգավորման բանակցությունների պարագայում ասել է թե Հայաստանը, իր անհամաձայնությունն է հայտնել մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի որոշ կետերի առնչությամբ: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկացմամբ, այդ մասին երեկ Ստեփանակերտում հայտարարել է հերթական այցով տարածաշրջանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Յուրի Մերզլյակովը:

Ռուսաստանցի համանախագահը հայտարարել է նաեւ, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ընթացքը բավական լուրջ է, ինչն էլ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան ժամանելու անհրաժեշտություն է առաջացրել:

Ղարաբաղի իշխանությունների հետ մոտ մեկեւկես ժամանոց հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) հայտարարել են, որ քննարկումը բովանդակալից էր: Մերզլյակովն էլ մանրամասնել է, թե ընթացքի մեջ է տարվա վերջին համանախագահների առաջ քաշած առաջարկությունների համաձայնեցման գործընթացը:

Ու թեեւ հայկական կողմն իր անհամաձայնությունն է հայտնել որոշ կետերի առնչությամբ, Մերզլյակովը հարկ է համարել պարզաբանել. «Բայց մենք չենք բարդացնում իրավիճակը, քանի որ ուղիղ երկու տարի առաջ նույն իրավիճակն էր մադրիդյան սկզբունքների շուրջը, երբ հայկական կողմը ընդունում էր, բայց, ինչպես հիմա է պարզվում` ոչ ամբողջապես, իսկ ադրբեջանական կողմը չէր ընդունում, եւ մենք երկար աշխատեցինք, որպեսզի գանք ընդհանուր հայտարարի»:

Ադրբեջանական կողմը շտապել է արձագանքել Մերզլյակովի ասածներին` հերթական անգամ ապացուցելով, որ Ադրբեջանում նախ ասում են, հետո մտածում, իսկ որ ավելի հազվադեպ է պատահում` հիշում իրենց իսկ նախորդ հայտարարությունները:

Քանի կար Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովը հայտարարում էր, թե Ադրբեջանը գրեթե համաձայնեցված ձեւով իր ասելիքն ասել է համանախագահներին` մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի ու դրա առնչությամբ արված առաջարկությունների առումով: Այս հայտարարությունը քանիցս կրկնվել է ադրբեջանական տարբեր պաշտոնյաների մատուցմամբ:

Մինչդեռ հիմա, երբ ռուսաստանցի համանախագահը հայտարարում է, որ Հայաստանը անհամաձայնություն է հայտնել ինչ-որ կետերի առնչությամբ, Ադրբեջանը շտապում է հայտարարել, թե ինքն էլ վերջնական ոչինչ չի ասել: Մասնավորապես, ադրբեջանական արտաքին գերատեսչության հայտարարության համաձայն, «Ադրբեջանի վերաբերմունքը մադրիդյան նորացված սկզբունքների առնչությամբ Հայաստանի դիրքորոշմանը ձեւակերպված կլինի միայն այն բանից հետո, երբ համանախագահները մեզ տեղեկացնեն հայկական կողմի դիրքորոշման մասին»:

Սակայն մեկ բան է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարոթյունը, մեկ այլ` ռուսաստանցի համանախագահ Մերզլյակովինը: Մերզլյակովը, ինչպես եւ միշտ, եթե խոսում է, ապա ասածում որոշ տեղեկություններ, այնուամենայնիվ, լինում են: Ստեփանակերտում Մերզլյակովը ներկայացրել է, թե ընդհանուր առմամբ կողմերը համաձայնության են եկել մադրիդյան սկզբունքների շուրջը, բացի 4 կետերից:

Սակայն շփոթն ավելի խորացավ երեկ հետմիջօրեին, երբ Մերզլյակովը երեկ հետմիջօրեին, արդեն Երեւանում, արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հերքեց Ստեփանակերտում ասածները եւ հավաստիացրեց, որ մադրիդյան սկզբունքների շուրջ հավելումներ չկան, այլ կան աշխատանքային պահեր (տեսՙ էջ 1):

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն էլ ընդգծել է, որ մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցությունները դեռեւս շարունակվում են, եւ այն, որ կողմերը ժամանակ առ ժամանակ համաձայնության են գալիս այդ սկզբունքների առնչությամբ, Ֆասիեի խոսքերով, լուրջ է, եւ ուրեմն, նրա կարծիքով, գոյություն ունեն փոխըմբռնման եզրեր:

Հարցին, թե ինչ է արվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վերջին շրջանում առաջին գծում հաճախակի դարձած կրակոցները դադարեցնելու ուղղությամբ, Բեռնար Ֆասիեն եւս մեկ անգամ կրկնել է այն, ինչ Մինսկի խմբի համանախագահներն ասել են բազմիցս, թե պատերազմը տարբերակ լինել չի կարող: Ֆասիեն հնարավոր չի համարել հարցի լուծումը ուժային տարբերակով. «Եթե պատերազմ սկսվի` եւ ինչ. աշխարհագրությունը չի փոխվի, պատմությունը չի փոխվի, եւ խնդիրն ավելի կբարդանա»:

Տեղեկացնելով, որ Աստանայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու ԵԱՀԿ գործող նախագահ Ղազախստանի առաջարկը Մինսկի խմբի նախաձեռնությունը չէ, Մերզլյակովը հայտարարել է, որ վերջին անգամ է տարածաշրջան այցելում որպես համանախագահ: «Ազգն» արդեն տեղեկացրել է, որ Յուրի Մեզլյակովը նոր նշանակում է ստացել, մինչդեռ ռուսաստանցի նոր համանախագահի անունը պաշտոնապես չի հայտարարվում: Երեկ Մերզլյակովը այս տեղեկություններին ոչինչ չի ավելացրել, միայն հաստատել է, որ իսկապես վերջին այցն է տարածաշրջան որպես համանախագահ:

Երեկ միջնորդներն արդեն ժամանել էին Երեւան: Մինչ այդ, ավելի վաղ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն ժամանել էր Երեւան, հանդիպել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:

Հայաստանի պաշտպանության նախարարության կայքէջի համաձայն, նախարար Սեյրան Օհանյանը մարտի 27-ին ընդունել է Ռոբերտ Բրադտկեի գլխավորած պատվիրակությանը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին` Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները հարցի լուծումը տեսնում են միայն խաղաղ բանակցային գործընթացի միջոցով, իսկ Ադրբեջանի կողմից անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարությունները եւ սպառազինության կուտակումները խանգարում են գործընթացին` տարածաջրջանում ստեղծելով լարված մթնոլորտ:

Պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կգտնվի հակամարտության կարգավորման երկուստեք ընդունելի տարբերակ: Կողմերը փաստել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հայ-թուրքական հարաբերությունների հետ փոխկապակցելն անընդունելի է:

Այս նույն համատեքստում հետաքրքրական է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված» չէ, սառեցված է միայն այդ խնդրի լուծումը: Ըստ Կասպրշիկի, եթե այս հակամարտությունը «տաքանա», ու ռազմական գործողությունները վերսկսվեն, ապա միջազգային հանրության մասնակցությունը առավել ինտենսիվ կլինի: Թե ինչ է սա նշանակում` Կասպրշիկը չի մանրամասնել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4