«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2010-03-26 | #54, 2010-03-27 | #55, 2010-03-30


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՆ «ԴՈՒՐՍ ՉԻ ՄՂԵԼ» ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Հայտարարում է Քոչարյանի գրասենյակի ղեկավարը

Տարբեր քաղաքական գործիչների, վելուծաբանների այն տեսակետները, թե Ստեփանակերտն այսօր հայ-ադրբեջանական բանակցություններին չի մասնակցում, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղքով, ըստ վերջինիս գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի ՙ չեն համապատասխանում իրականությանը: Սողոմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով ներկայացնում է ղարաբաղյան բանակցությունների ողջ պատմությունն, ու պնդում է, որ «Բանակցային գործընթացում Քոչարյանի «սխալների» եւ դրանք «հանճարեղ» կերպով ուղղելու մասին զավզակելուց առաջ հարկավոր է լավագույնս ուսումնասիրել հարցը»: Իսկ հարցը, Սողոմոնյանի մեկնաբանմամբ հետեւյալն է. «1992-ի մարտի 24-ին Հելսինկիում, ԵԱՀԽ (ԵԱՀԿ-ի նախկին անվանումն է) խորհրդի այսպես կոչված «լրացուցիչ հանդիպման» ժամանակ կայացվեց որոշում` ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ խաղաղ համաժողով անցկացնելու մասին: Բելառուսը պատրաստակամություն հայտնեց կազմակերպելու այդ համաժողովը Մինսկում, որտեղից էլ անուն առան Մինսկի գործընթացն ու Մինսկի խումբը: Նշված որոշման 9-րդ կետում նշվում էր. «Լեռնային Ղարաբաղի ընտրված եւ այլ ներկայացուցիչները կհրավիրվեն համաժողովին նրա նախագահողի կողմից` համաժողովին մասնակից պետությունների հետ խորհրդատվություններ անցկացնելու համար»: Որպես Ղարաբաղի «ընտրված եւ այլ» ներկայացուցիչներ պատկերացվում էին մի կողմից` ԼՂՀ նորընտիր Գերագույն խորհրդի ներկայացուցիչները, իսկ «այլ» ներկայացուցիչներըՙ ըստ ադրբեջանական վարկածի, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները»: Այնուհետեւ Սողոմոնյանը հիշեցնում է, որ Մինսկի համաժողովը չկայացավ, քանի որ դա ակտիվ պատերազմական ժամանակաշրջանն էր: Իսկ արդեն հունիսից սեպտեմբեր ամիսներին նորաստեղծ Մինսկի խումբը Հռոմում կողմերի միջեւ հնգափուլ հանդիպումների շարք անցկացրեց: «ԼՂՀ ներկայացուցիչներ Ռոբերտ Քոչարյանը, Հրանտ Խաչատրյանը եւ Բորիս Առուշանյանը սկսեցին մասնակցել այդ հանդիպումներին երրորդ փուլից: Սակայն Բաքուն շարունակ հրաժարվում էր ԼՂՀ-ն որպես բանակցային կողմ ճանաչելուց` Ղարաբաղի պատվիրակությանն անվանելով «հայ համայնքի ներկայացուցիչներ»: Ընդ որումՙ նրանք էլ իրենց պատվիրակության մեջ էին ներառում Նիզամի Բախմանովին` Շուշիի այն ժամանակվա քաղաքապետին` որպես ադրբեջանական համայնքի ներկայացուցչի: Արդեն 1996-ին ԵԱՀԿ Լիսաբոնյան համաժողովի որոշումները միայն խորացրին բանակցությունների ձեւաչափի ձեւակերպումների վերաբերյալ կողմերի հակասությունները, ինչի արդյունքն էլ դարձավ նշված ձեւաչափով բանակցային գործընթացի վերջնական դադարեցումը` 1997-ին», նշում է Սողոմոնյանը: Այնուհետեւ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հիշեցնում է, որ նշված ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ` 1993-ին առանձին բանակցություններ են ընթացել ԼՂՀ փաստացի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի միջեւ. «Այս հանդիպումը, սակայն, խորհրդապահական բնույթ է կրել եւ ձեւաչափի իմաստով շարունակություն չի ունեցել: Եվ մեկ հանդիպումՙ Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ, կազմակերպվել է Ռուսաստանի նախկին արտգործնախարար Ա. Կոզիրեւի միջնորդությամբ Մոսկվայում, եթե չեմ սխալվում, 1995-ին: Սակայն այդ ձեւաչափը եւս շարունակություն չունեցավ», հիշեցնում է Սողոմոնյանը: Փաստորեն, Սողոմոնյանի խոսքերով, ԼՂՀ մասնակցությամբ բանակցային գործընթացը դադարեցվել է Ռոբերտ Քոչարյանի` Հայաստանի նախագահ ընտրվելուց մեկ տարի առաջ: Սակայն եղել են պարբերաբար հանդիպումներ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հեյդար Ալիեւի միջեւ:

Սողոմոնյանը տեղեկացնում է նաեւ, որ 1995-1996-ին տեղի են ունեցել 11 հանդիպումներ երկու նախագահների ներկայացուցիչների` Ժիրայր Լիպարիտյանի եւ Վաֆա Գուլուզադեի միջեւ: «Այս ձեւաչափը պահպանվել է նաեւ Քոչարյանի նախագահ ընտրվելուց հետո, միայն այն կարեւոր տարբերությամբ, որ ՀՀ նոր նախագահի պահանջով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պարտադիր (չհաշված եզակի բացառություններ) այցելում էին ԼՂՀ եւ բանակցում պաշտոնական Ստեփանակերտի հետ», ընդգծում է Սողոմոնյանը` հիշեցնելով, որ ամենանշանակալից փաստաթուղթը, որն ընդունվել է ԼՂՀ մասնակցությամբ, 1994-ի մայիսին ստորագրված զինադադարի համաձայնագիրն է, որի տակ դրված է ԼՂՀ պաշտպանության նախարարի ստորագրությունը. «Այդ ստորագրությունը ղարաբաղյան կողմի պարտադրած պայմանն էր` կրակը դադարեցնելու դիմաց», նշում է Սողոմոնյանը:

Այնուհետեւ Սողոմոնյանը բնութագրում է այսօրվա կարգավորման գործընթացը, որն ընթանում է երեք հարթություններում. «Նախ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունն է, նրանց այցերը տարածաշրջան, հանդիպումները` Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂՀ իշխանությունների հետ, եւ նոր առաջարկների պատրաստումն ու քննարկումը բոլոր կողմերի հետ: Երկրորդը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, ինչպես նաեւ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումների ձեւաչափն է: Երրորդը զինադադարի ռեժիմի մոնիտորինգ իրականացնող ԵԱՀԿ առաքելությունն է, որն իրականացվում է Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ սերտ համագործակցության պայմաններում», նկատում է Սողոմոնյանը` փաստելով, որ այս ամենից կարելի է եզրակացություն կազմել, որ ԼՂՀ-ն ուղղակիորեն ներգրավված է Մինսկի խմբի համանախագահների գործողությունների մեջ, որ ԼՂՀ-ն ուղղակիորեն ներգրավված չէ Հայաստանի եւ Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների հանդիպումների ձեւաչափում. «Այս հանդիպումներում ԼՂՀ շահերը պաշտպանում է ՀՀ նախագահը` համաձայնեցնելով իր գործողությունները ԼՂՀ նախագահի հետ: Ընդ որումՙ ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կտրականապես մերժել է նախագահների հանդիպումների ձեւաչափում ԼՂՀ իշխանություններին փոխարինելու հնարավորությունը: Մշտապես ընդգծվել է, որ ոչինչ չի կարող վերջնականապես համաձայնվեցված համարվել, քանի դեռ Ղարաբաղը չի տվել իր համաձայնությունը, իսկ վերջնական փաստաթուղթը պետք է վավերացնի նաեւ ԼՂՀ ներկայացուցիչը: Այսպիսով կիրառվում է միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող անուղղակի բանակցությունների միջոցը: Այնպես որ ԼՂՀ-ն, ըստ էության, ներգրավված է բանակցային գործընթացում, թեեւ ոչ լիարժեք ձեւով», շեշտում է Սողոմոնյանը` կրկնելով, որ լավագույնն, անշուշտ ԼՂՀ եւ Ադրբեջանի ուղիղ բանակցությունների ձեւաչափը կլիներ. «որն ավելի լավ կարտացոլեր հակամարտության էությունն ու նպատակին հասնելու մեծ ներուժ կպարունակեր: Մասնավորապես Բաքուն հստակ հայտարարում է, թե քանի որ Հայաստանի կողմից տարածքային նկրտումներ են, ուրեմն Երեւանի հետ էլ բանակցում ենք. «ԼՂՀ-ի հետ բանակցելուց, նրանք ինքնորոշման սկզբունքի ամրապնդման սպառնալիք են տեսնում», ասում է Սողոմոնյանը:

Վերջում երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը վստահեցնում է, որ անկախ ամեն ինչից. «Այսօր բոլորն էլ հասկանում են, որ գնացքը վաղուց մեկնել է: ԼՂՀ-ի իրապես կայացած պետություն (թեկուզ եւ չճանաչված) լինելը եւ արդեն 19 տարվա պատմություն ունեցող անկախությունը լիուլի բավարար են գործընթացի անդառնալիությունը հասկանալու համար: Ավելի խելամիտ կլինի բանակցությունները վարել իրական արդյունք ստանալուն ուղղված ձեւաչափերով», եզրափակում է Վիկտոր Սողոմոնյանը:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4